понедельник, 19 ноября 2018 г.


Սիրում եմ քայլել քո ոտնահետքերով...Դրանք իրականում քեզ մոտ չեն բերում...օրս լցնում են քեզնով...
Աշունն իր ներկապնակով տարբեր գույներ է հորինում, որ միտքս լցնի իրենով, որ չվազեմ այն շրջանակի մոտ, որից այն կողմ քո՜ ոտնահետքերն են...Դրանք ինձ մոլորեցնում են ավելի, քան երբևէ հյուսված լաբիրինթոսները...
Մոլորվում եմ քո միջոցով ինձ գտնելու ճանապարհին...Չեմ խնդրում մնալ իմ երազներում...Ամենաթանկ երազներն անգամ պատրաստ են լքել մեզ իրենց նախընտրած վայրում, իրենց հարմար ժամին...Ու որքան էլ որ մեր թույլ ձեռքերով փորձենք կառչել նրանց քղանցքից, մեկ է...Ամենալավ երազները հավատարմության դասեր չե՜ն քաղի կյանքի ոտնահետքերին լուռ հետևելիս...
Աշունը տառապանքի դասեր է տալիս խենթիս և այն էլ՝ ձրի...Սակայն դրանից կարոտի գույնը չի՜ փոխվում...Այնպես չեմ ուզում անտարբեր լինել այլ գույների ճիչերի հանդեպ...
Քայլերս ակամայից աշունն է խլում...Լսում եմ կորչող տերևների խուլ տառապանքը և չեմ կարողանում ոչնչով օգնել...Ես չեմ կարողանում արդեն քայլել...
Ոտնահետքերս քեզ մոտ են բերում...Դարձիր իմ հորինած աշնան կտավը...


Комментариев нет:

Отправить комментарий