понедельник, 27 апреля 2020 г.

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ


Արդեն քանի օր` նույն ձայնն է ինձ արթնացնում ու հրամայում վեր կենալ, քայլել ու ժպտալ...

Անձրևը երբեք այսքան չէր անկեղծացել... Գիշերվա տեսիլքը շարունակվում է նրա հուշիկ քայլերով, որոնք մերթ դանդաղում են, մերթ' արագանում (սրտի զարկի պես)...
Ես երբեք այսքան չէի խճճվել անցյալի ու ներկայի խաչմերուկում ու երբեք այսչափ չէի փնտրել կարոտի տարհանումը սեփական մաշկից ու բջիջներից...


Մտածում եմ. իսկ եթե ոչինչ չստացվի՞...


Անձրևը շարունակում է անկեղծանալ...Հետո գրկում է խոնավ ուսերս ու համոզում ննջել, ննջել սիրած խաղալիքը կորցրած մանկան պես...

четверг, 9 апреля 2020 г.

Թող որ ես փնտրե՜մ...


Երկնքից կախված տխրության քողը
Խոնավացրել է իմ երգի տողը,
Թացվել են նույնիսկ աչքերը գարնան.
Կարոտը բռնեց իր սովոր ճամփան...

(Մետաքս չգործեց անուրջը ճերմակ,
Սիրտը չգտավ զարկը հարազատ,
Երազը դարձավ թույլ ու անհաստատ.
Էլ չըճանաչե
՜ց գիշերը նրան...)

Գարու'ն, քո թախծի վարագույրը տար,
Թող բացվի հոգուս մի խենթ լուսաբաց,
Թող նորից փախչեն ժամ ու ակնթարթ.
Թող որ ես փնտրե՜մ կարոտի ճամփան...


вторник, 7 апреля 2020 г.

Երբ ԵՐԱԶՆ է անթերի...



Մանրամաղը անձրևի
Ու նոթերը երկնքի
Դժվար բերեն ինձ ժպիտ.
Սա է հեգնանքը կյանքի։

Բայց երազը անթերի
Երբ աչքերը իր բացի,
Միտքը հանկարծ կթևի.
Դա է տենչանքը խենթի։

Մանրամաղը մտքերի
Ու լույսերը երկնքի
Կայրեն բեռն իմ աչքերի.
Այն խոնավ է, շատ աղի։