вторник, 19 октября 2010 г.

ԻՄ ՍԻՐՈ ԱՇՈՒՆ...



Խենթ սիրուս համար նոր գույն եմ փնտրում ,
Գուցե դու օգնես, իմ լուսե աշուն ,
Ամեն շրշյունը, մեղեդին ճախրող
Հոգուս խորքերում նոր երգ է դառնում...

Ինձ գերում է քո կախարդանքն անվերջ,
Շղարշը` փռված ճամփին երազիս ,
Այն հին ասպետը, որին ճանաչել ,
Կապտել եմ հանկարծ նրա կարոտից...

Քո հեքիաթն անտես ուղեկցում է ինձ ,
Տանում է հրաշք դղյակն անուրջի ,
Որտեղ մեղեդին, պտույտը վալսի
Չափում են մարող զարկերը սրտի...

Ամեն զարկի հետ նոր երգ է ծնվում ,
Ամեն երգի մեջ հառնում է նոր գույն .
Կախարդանքն օգնեց, թե՞ասպետը հին ,
Որ ես քեզ գտա, ԻՄ ՍԻՐՈ ԱՇՈՒՆ...


суббота, 2 октября 2010 г.

<< ՆՈՐ ԵՐԳ >>



Դու իմ խենթ կյանքի մասնիկն ես հիմա,
Լցրել ես սիրտըս լույսերով անմար.
Դարձել ես նոր երգ պապակ շուրթերիս,
Դու ես իմ կյանքը, իմ լույսը, հոգիս...

Ես քեզանով եմ հարուստ, դու գիտես,
Քանի որ ունեմ և երազ և սեր,
Ճերմակ անուրջներ, ճախրելու մեծ տենչ,
Իսկ այս ամենը դու ես ինձ տվել...

Մեծ հանգրվան ես ինձ համար դարձել,
Գիտեմ կարոտիս տեղը և հասցեն.
Ճերմակ տողերով ուր էլ թափառեմ`
Խենթի պես քեզ մոտ կգամ, կհասնեմ...

Դու իմ կույր սիրո անմարմին տերն ես,
Բայց...անհաղորդ ես սրտիս զարկերին.
Ես եմ բացելու աչքերըս մեկից,
Թե` տեր կդառնաս նոր երգիս, հոգիս...