пятница, 28 марта 2014 г.

Անձրևող պատմություն


Այսօր երազդ ես եմ, սիրելիս,
Քեզ այցի կգամ առվի կարկաչով,
Դու ինձ քո բազկի քնքշանքով գրկիր,
Ծածկիր մարդկանցից ամպեղեն քողով...

Այսօր անձրևդ ես եմ, սիրելիս,
Թույլ տուր զովացնեմ կոպերդ հոգնած,
Կարոտից պոկված ցողի մի կաթիլ
Թող որ վարարի շուրթերիդ ճաքած...

Այսօր ժպիտդ ես եմ, սիրելիս,
Ու պիտի բացվեմ հոգուդ ծալքերում,
Որ ով էլ այնտեղ ներխուժել փորձի,
Գտնի անձրևող մի հին պատմություն...


<<Անուժ երգ


Արևը փակվեց իր մենաստանում-
Պիտի վերլուծի պտույտի շղթան,
Երեկոն առվի քնքուշ կարկաչում
Մոռացավ բացել քողը գիշերվա...

Իրիկունն իջավ ու փռվեց հոգնած
Օրվա նվաղուն ու բաց թևերին,
Կարոտը դարձավ թույլ, անօգնական,
Հենվեց երկնքի անուժ կոպերին...

Գիշերը չուներ երազի ուղերձ-
Ինքնակոչ էին տեսիլքները խենթ,
Մի խոնավ թախիծ՝ ոտքերը երեր,
Ճանապարհ ընկավ՝ փնտրելու նոր տեր...


четверг, 27 марта 2014 г.

<<Ամպեղեն զրույց


Իմ սիրո << արև>>, դուրս եկ ամպերից ,
Քո վարագույրով ապշեցրել ես ինձ ,
Հոգիս ցնծում է հողոտ բույրերից ,
Էլ ինչու՞ այրվել լուռ կարոտներից ...

Իմ սիրո << երկինք>>, մի՛ փակիր ինձնից
Քո գարունների վարարումը տաք ,
Ամպոտ շուրթերի բեռը քեզ պահիր ,
Ինձ մեկնիր սիրո գաղտնիքներն անտակ ...

Իմ սիրո << անձրև>>, այնպես վարարիր ,
Որ քո ջրերում ես խեղդվել ուզեմ,
Հետո հանդարտվող ու թաց կորերից
Մի երազ ձուլեմ ու այնտեղ փրկվեմ ...

Իմ սիրո տեսիլք, դու մոտըս մնա ,
Որ ուշացումըդ իմ մեջ համրանա ,
Որ կարոտների ամպեղեն քողը
Հողին դիպչելով << մանանա>> դառնա ...

Այդպես գուցեև << սիրո արևը>>
Իր վարագույրից վերջապե՜ս ժպտա ...