суббота, 9 марта 2019 г.


Քեզ որոնելը այդքան էլ հեշտ չէ,
Այն շատ բաղձալի, բայց անզոր տենչ է,
Իմ միտքը սնող օրերի երթ է
Ու զարկերակիս ուժ տվող հետք է..
.

Քեզ որոնելը իմ հոգու "բեռն" է,
Երբեմն տանջանք, հաճախ' պարգև է,
Լռության սրտում պայթած աղմուկ է,
Աղմուկի միջով կորչող աղոթք է...

Քեզ որոնելը գուցեև լուրջ չէ,
Գուցե խելահեղ անմիտ անուրջ է,
Բայց իր հորձանքով այն ինձ գերել է,
Կյանքի ձանձրույթից հաճախ փրկել է...

Քեզ որոնելը ինձ ... մոլորել է...


Դատարկվում եմ քիչ-քիչ ու պարպվում եմ շերտ-շերտ,
Եվ չեմ զգում ոչինչ. կասկածներն են հաղթել։
Մասնատվում է միտքն իմ ու տրոհվում այնպես,
Որ թվում են չնչին բյուրեղները անտես։
Երազներն արդեն սին, անուրջներն են անդեմ,
Լռությունը իր հին դիմակներն է հագել։
Ու դողում է սիրտն իմ կարոտներից անթև.
Վա՞ղը գուցե վրձնի նոր թևավոր հանգեր։

Երբ ուզում ես կրկին լինել այն հին ճամփին,
Որ մանկությամբ բուրում, քեզ չէր խաբում բնավ...
Աստղերն այնպես փոքրիկ, այնքան սրտիդ մոտիկ՝
Նայում էին վերից, հույսով ցողում ճամփադ..

Իմ "չնկարած" դիմանկարը (նամակի փոխարեն)



Օրը բացվեց սառնության դողով...Ժպիտն էր պակասել...
Մտքերս հանձնեցի քամուն...խնդրեցի՝ հեռու տանել երազի քողը...Խնդրեցի՝ հեռու վանել տեսողությունս փակող հայելիները (որ մեկի մեջ նայում եմ՝ ես չկա՜մ...կա մշուշոտ մի դիմանկար, որը, սակայն, ե՜ս չեմ նկարել...ինքն իրեն եկել, ապրում է իմ մեջ)...
Քամին հրաժարվեց բեռըս կրել...Լռության թիկնոցն ուսերին՝ հեռացավ, իր հետ տանելով ասպետների մասին բոլոր պատմությունները...
Մի պահ ժպտաց արևը...իր տաք շողերով գրկեց իրանըս՝ հավատացնելով, որ դեռ կենդանի են ասպետական վարքագծի կանոնները և հուսալի են առավել, քան երբևէ...Հավատացի արևի ջերմին...Ձմռան համատարած սառնության մեջ այնքան կենսական էր թիկունքս ամրացնող այլընտրանքը...
Հետո... արդեն մի անծանոթ սառնություն էր փաթաթվել ինձ ու կամքիս հակառակ պատմում էր ծուռ հայելիների մասին...Դա հեքիաթ չէր (ես սիրու՜մ եմ լսել հեքիաթներ...)...Սրտիս դողն արագացավ...Սառցե կաղապարը սկսեց իշխել մտքիս, խղճիս, հույզերիս վրա...
Արթնացա երազի դողից...Ժպտում էր օրը...
Ինչ-որ մեկը թակում է դուռը...Քամին է...Բերել է իմ "չնկարած դիմանկարը"...Դողացող ձեռքերով վերցրեցի այն...Արևն էր ուղարկել...Թող ապրի՜ ինձ հետ...

Հ.Գ. Եթե երբևէ նայես այդ դիմանկարին, կտեսնես քեզ, որ ապրում է իմ մեջ..


Երբ կարոտներից խեղդվեմ մի օր՝
Մի' թող օվկիանի հատակում մնամ,
Ինձ զորացրու աչքերիդ լույսով,
Ու թող հայացքդ խարիսխն իմ դառնա...


Երբ բացվող օրը հույս չբերի նոր,
Երբ որ մարդկանց մեջ ինձ մենակ զգամ,
Թույլ տուր քո հոգու քարայրները խոր
Խենթիս պեղելիք աշխարհը դառնան...


Երբ երազներս ավարտվեն մի օր
Ու թռիչքներում էլ թև չունենամ,
Ինձ տար կարոտի օվկիանոսը քո,
Այնտեղ կմնամ, թե...խեղդվեմ անգամ...


Աչքերս վաղուց արդեն հաշտ չեն լռության հետ...Երբեմն պակասում է սովորական կամ անսովոր մի աղմուկ...Կյանքի՜ աղմուկը...Իսկ երազները աղմկու՞մ են...
Աստղերը վկաներն են հեռակա երկխոսության...Գիշերը լսում է սրտի զարկերը, հսկում, որ ռիթմերը դուրս չգան ռելսերից...Որ ընթանա անուրջի կառքը...Այն կտանի երկու տարբեր մարդկանց երազները, բայց ոչ՝ նրանց...Ու կծավալվի մի հեռակա երկխոսություն...
Իսկ ինչու՞ են ամենալավ երազները հյուսվում գիշերվա մանրաթելից..Գուցե օրվա զառանցանքից զատված լռությունը մի յուրօրինակ քնքշա՞նք է հաղորդում երազի մետաքսին, իսկ վերում խտացած աստղափոշին հաստատում է նրա որա՜կը...
Նվիրիր ինձ երկնքից քաղած փայլուն մի աստղ...Թո'ղ որ այն լինի ամենափոքրը, ամենահորինվածն ու անկատարը (թեև Տիեզերքում անկատար ոչինչ չկա), բայց կզրուցի ինձ հետ քո՜ փոխարեն...
Գուցե այդժա՞մ աչքերս վերջապես հաշտվեն լռության հետ...



Երբ անցնի ձմռան երեկոն նիրհած,
Կգա գիշերը՝ զույգ աչքերը բաց,
Կբերի իր հետ շշուկներ հանգած
Եվ ուղեծրից դուրս պրծած երազ...
Երբ իր տիրույթում գիշերը կամաց
Բացի հուշերի դռները փակված,
Գուցե երազը էլ չդիմանա,
Կարծրացած հոգին նուրբ մետաքս դառնա:
Գուցե օդին էլ խառնվի քնքշանք,
Եվ անսուտ թվա աստղերի ճամփան,
Տաղ ու մեղեդի, գույն ու անրջանք
Չատեն մեկ-մեկու և իրար գթան...
Երբ հանգչի ձմռան երեկոն մթնած,
Գիշերը կգա՝ մետաքսը հագած.
Հուշերի գրկից վերադարձ չկա,
Երազի ճամփան թո'ղ երազ մնա...



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Քայլի'ր ինձ հետ....թեկուզ՝ առանց ինձ...
Գիտե՞ս, երբ քայլում եմ քեզ հետ (քեզ ունենալով իմ մտքում), ինձ չեն ճնշում այլ խոհեր, չեմ նկատում, որ ամպեր են կախվել երկնքի տկար աչքերից ու ստվերում են քեզ ունենալու ուրախությունը, որ շուրջ բոլորը մարդիկ շարունակ ինչ-որ բան են կիսում, կիսում ու կիսվում, հաղթում ու պարտվում...
Քո հայա՜ցքը...ահա' իմ միակ պարտությունը...Աչքերդ ինձ հրամայում են չվիճել ձմռան անգույն իրականության հետ...Հնազանդվում եմ կուրորեն, որովհետև չեմ տեսել անգամ աչքերիդ գու՜յնը ու ինձ համար արդեն միևնույնն են մնացած բոլոր գույներն իրենց՝ ոչինչ չասող խորհուրդներով...
Քայլի՜ր ինձ հետ...Օրը լեցուն է իրարամերժ խոստումներով...Մե'րթ անձրևն է մոռացության պղտոր ջրափոսերում լվացացնում առավոտվա հույսի աղոթքը, մե'րթ սառույցն է հիշողության տախտակից ջնջում երեկվա հորինած երդման տեքստը...
Դու հավատարի՜մ ես ինձ քո անպատասխան հայացքով...Հենց այդպես էլ գամվել ես կոպերիս ու քայլում ես ինձ հետ...Բայց ես երջանիկ եմ քո "բացակայությունից", ջերմանում եմ քո սառնությունից ու չեմ հիշում անգամ, որ դրսում արդեն ձմեռ է, և ուշանում է առաջին ձյունը...չափի'ց շատ է ուշանում...
Իսկ ես միշտ շտապում եմ...շտապում եմ քայլե՜լ քեզ հետ...Եվ կքայլեմ այնքան, մինչ դու ինքնակամ կլքես իմ մտքերը...Ու ես կդադարեմ "մենախոսել" քեզ հետ...


Տեսա երազդ...տեսա "կետ առ կետ".
Արթուն էի ես...
Խնդրում եմ ներես...չեմ կարող թռչել.
Ես ...չունե՜մ թևեր...
Քո երազներում միշտ էլ անտուն եմ.
Ոչ տանիք ունեմ, ոչ՝ հենվելու կետ...
Քո երազները որքան էլ գերեն՝
Մի գեղեցիկ օր ինձ լու՜ռ կլքեն...
Քո երազներում ես թևեր չունեմ,
Միտքս կաղում է, ոնց որ կույր լինեմ...
Այսպես կիսատ ես չե՜մ կարող ապրել,
Իսկ դու ուրիշի բեռն ինչու՞ կրես...
Տեսար երազս...հեռացար անտես.
Էլ պե՜տք չէր այն քեզ...
Խնդրում եմ, անհոգ այսուհետ ապրես՝
Ես երա՜զ չունեմ...