пятница, 18 июня 2010 г.

ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԵՐԳ...



Կարծես աչքերդ երբեք չեմ տեսել,
Չեմ սուզվել նրանց թախծոտ անհունում,
Չեմ քայլել գուցե այն շավիղով նեղ,
Որով արցունքը իր հունն է գտնում...

Կարծես հայացքդ ինձ չի շղթայել,
Չեմ գերվել անխոս, թեկուզ և` հեռվից,
Չեմ էլ տենչացել երբեք ազատվել
Անտեսանելի այդ կապանքներից...

Կարծես քո ձայնը ունկիս չի հասել,
Լուռ չեմ քարացել խրոխտ մի բասից,
Նրա մեղեդին ինձ չի կախարդել`
Նման հեքիաթի հրաշք բառերին...

Կարծես ոչ անցյալ, ոչ ներկա ունեմ...
Դու կաս ու չկաս և` չ~ես լինելու...
Խենթ տողերի մեջ որքան թափառեմ`
Լոկ քո անունն է շուրթերս այրելու...


пятница, 4 июня 2010 г.

ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ...



Տարիներ հետո հիշում եմ ես դեռ
Այրվող ձոռքերդ` իմ ափերի մեջ.
Թաքցրած կարոտ,թե չասված խոսքեր
Փորձեցիր այդպես դու ինձ փոխանցել...

Տարիներ հետո իմ կյանքը փոխվեց,
Փոխվեցի ես էլ,բայց մնաց ինձ հետ
Այն նույն կարոտը, որ դու թաքցրել
Ու տաք ձեռքերով ինձ էիր տվել...

Կապույտն աչքերիդ այդ կարոտի մեջ
Անվերջ, անհատակ օվկիան է դարձել,
Եղել է անցյալ,ներկա է կերտել,
Իսկ վաղվա օրս` կապույտ վրձնել...

Տարիներ հետո հարցնում եմ ես քեզ,
Քեզ, որ ճախրում է ազատության մեջ,
Քեզ, որ կապույտին գերի ինձ դարձրեց,
Ինչ անեմ, ասա, ԿԱՐՈՏԻԴ հետ ես...

Տարիներ հետո գեթ մի պահ կզգաս,
Որ դեռ այրվում են ձեռքերս նորից,
Երբ հիշում եմ ես քո ափերը տաք,
Որ <խոսուն> էին չասված խոսքերից...