вторник, 10 октября 2017 г.

ԿՅԱՆՔԻ ԿՏԱՎԸ...


Երկար նայում եմ կյանքի կտավին-
Փոթորիկներ կան նրա ընդերքում ,
Բայց առավել շատ այս հողաշխարհին
Երկրային տենդն է անվերջ սպառնում...

Մարդիկ ոռնում են սիրո պակասից-
Ցավը բնազդ չէ,մրմուռ է բերում,
Որքան էլ նայես քո «պատուհանից»`
Կյանքի կտավը ի՜ր գույնն է ուզում...

Ուզում է ՝ արբեն իրենով մարդիկ,
Վարդեր աճեցնեն սրտի խորքերում,
Որ ուր էլ քշի տագնապի քամին,
Վիրակապ դնի վիրավոր հոգուն...

Երկա՜ր կնայեմ կյանքի կտավին-
Այնտեղ կարոտի զեփյուռն է ապրում,
Ոչինչ չի՜ սպառնա իմ հողաշխարհին,
Եթե սիրո նոր հունդեր են աճում...

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ...


Վախենում եմ՝ օրը անցնի՝
Ես չտեսնեմ լույսը նրա,
Վախենում եմ՝ աչքը թացվի,
Ու ես դառնամ ցավի ծառա...

Վախենում եմ՝ աշունն անցնի`
Ես չլսեմ երգը նրա...
Վախենում եմ...սիրտն ի՜նչ անի,
Եթե դուռը իր փակ մնա...


Դեռ ոչ մի տերև չի ընկել ծառից...չի ընկել ծառից՝ աշուն հիշեցնի...
Դեռ տաք գույները չեն թացվել ցողից,բայց միևնույն է, դողում է հոգիս...

Չգիտեմ անգամ, թե ուր թաքնվեմ, որ հին հույզերը չմատնեն խենթիս,
Ո՞ր կածաններով քայլերս մարզեմ, եթե անցյալում մնաց թռիչքն իմ...

Աշնանը հարցնել դեռ չհասցրի, երբ նա ինձ պատմեց տերևի դողից ,
Գեթ տաք գույները պատեն երկինքն իմ, որ անցավ լինի վայրէջքը մտքի...