вторник, 31 января 2012 г.

Բանալին ...ԿՈՐՑՐՈՒ


Երբ դու հեռացար, ես ամփոփվեցի
Հուշերի գրկում, այնտեղ կերտեցի
Մի ամրոց անտես ու որոշեցի
Ծովանալ իմ մեջ, ապրել մեկուսի...

Երբ դու հեռացար, մոռացար անգամ,
Որ ինձ փակել ես << զնդանում >> խոնավ,
Բանալին տարել իմ իսկ ցանկությամբ`
Ես էի ընտրել խուցը մենության...


Երբ վերադառնաս , հիշիր, որ ես կամ`
Որպես անցած հուշ, կամ թե` <<բանտարկյալ>>,
Իսկ թե որոշես... չըվերադառնալ`
Բանալին կորցրու...պետք չէ ինձ բնավ...


Քամու ընծան


Քամին որտեղից որտեղ հայտնվեց` իր հետ բերելով հեռուներում ծվարած ինչ որ հնչյուններ, որոնք ընդհանրապես չգործածվելուց վերածվել էին ճիչ ու աղմուկի ... Առանց թույլտվության, առանց թակելու` նա բացեց պատուհանըս ու իր բերած բեռը լցրեց իմ սենյակի բոլոր անկյունները... Ես մի պահ այնքան խճճվեցի այդ տարօրինակ ընծայից, որ ուզում էի փախչել, հեռանալ իմ իրականությունից ...Բայց հետո հասկացա, որ այդ վայրի հնչյունները ևս կարոտ են ջերմ ձեռքերի, իրենց էությունը մեկնաբանող տաք շուրթերի...նրանք էլ են ուզում, որ իրենց միջոցով հոգիներ ջերմանան...
Ես խնամքով քամու բեռը դասավորեցի իմ սենյակի կապույտ թաքստոցում...Նրանց օգնությամբ երբևէ կծնվեն փոթորկոտ տողեր ...
Բոլոր հնչյուններն էլ ապրել են ուզում...բոլորն անխտիր ապրելու իրավունք ունեն...թեկուզ` քամու միջոցով...


воскресенье, 29 января 2012 г.

ԲաԺանումը` ԳԱՀԸՆԿԵՑ


Այս բաժանումը չեմ սիրում այնպես,
Այնպես սառն է այն, մամռոտ ու խոնավ,
Որտեղից- որտեղ` լռությունն է տեր,
Մենության անփայլ գահին վեհ նստած...

Լռությունն անգամ լռել չի կարող,
Երբ բաժանման մեջ բաժանում կա դեռ,
Լռության ձայնը դառնում է բողոք`
Ընդդեմ մենության, ընդդեմ ինքն իրեն...

Լռության ձայնը թաքնված արկ է,
Սրտի պատերին անզգույշ փորված,
Նրա պայթյունը հրովարտակ է,
Բաժանվածներին միացման օղակ...

Այս բաժանումը ցավոտ է այնպես,
Այնպես քամում է հոգին գույներից,
Չեմ թողնի, որ այն լինի սրտիս տեր,
Գահընկեց կանեմ, երբ մոտենա ինձ...


суббота, 28 января 2012 г.

ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԱԿՈՐԴՆԵՐ


Այսօր օրըս բացվեց գիշերվա աչքերում... անձրևի կտկտոցի տակ...Երբևէ ունկնդրե՞լ ես ձմեռային անձրևի երգը...ես վաղուց էի մոռացել նրա հնչեցրած ակորդները...Բայց այսօր պատուհանիս տակ գիշերալույսին նա կատարեց թերևս իր ամենահանճարեղ ստեղծագործությունը...Եվ ես, աչքերըս բացելով գիշերվա աչքերում, ակամայից լցվեցի  հնչյուններով, որոնք վերածվեցին տառերի, տառերը` բառերի, իսկ բառերի միաձուլումից ծնվեց մի գողտրիկ բանաստեղծություն` իմ երբևէ գրածներից ամենահնչեղը ...Սակայն ես չեմ կարող դա կարդալ որևէ մեկի համար...Իսկ գիտե՞ս` ինչու...Թուղթը հրաժարվեց նրան կրել, գրիչը` այն թարգմանել...
Երգը մնաց դաջված հոգուս միջնաբերդում...Նրա պարիսպները հաղթահարել կարողացավ միայն ձմեռային անձրևը, քանզի հենց նա էր նետել հոգուս ընդերքում երբևէ չհնչեցրած ձմեռային ակորդներ...


вторник, 24 января 2012 г.


Ես իմ ողջ կյանքում ատել եմ գիշերը...Բայց դու ստիպեցիր սիրել այն...Եվ ես ցանկացա  նաև ցերեկըս գիշեր դարձնել ...Իսկ գիտե՞ս` ինչո՞ւ...Գիշերն իմ սփոփանքը դարձավ, նրա աչքերում ես չխճճվեցի, հեշտությամբ գտա քո պատկերը...Այն իմ կարոտները հավաքեց ու երազների բուրվառի ներքո ինձ հրամցրեց...
Գիշերն իմ մենությունը սփոփեց...Գիշերն իմ կարոտախտը մեղմեց...Եվ իմ հույսը ծլեց գիշերվա հողում...
Իսկ կարոտներըս վերջապես հասկացան, որ կարևոր չէ քեզ ունենալ կողքիս...Կարևոր է, որ քո սիրտը բաբախի հեռվում, թեկուզ`...ուրիշի~ համար...Գուցե սա անհասկանալի ու տարօրինակ երջանկություն է, բայց սա իմ ընտրած երջանկությունն է...
Եթե քեզ երբևէ երազ փոխանցելու լինեմ, կդիմեմ գիշերվա օգնությանը...նա հավատարիմ է, կարողանում է գտնել ճիշտ հասցեատիրոջը...
Ես սիրեցի գիշերը քո միջոցով...


понедельник, 23 января 2012 г.

Երազըս ...ՍԱՆՁԻՐ


<< Շատ ես շտապում >>,- գուցե ճիշտ ես դու,
Գուցեև իրո՞ք կուրացել եմ ես,
Չեմ տեսնում` կյանքը ուր է սլանում,
Գուցե հոգնե՞լ եմ վազքից իսկապես...

Ես չեմ շտապում... իմ երազներն են
Ինձանից առաջ ընկել ու քայլում,
Նրանք չեն քայլում, փայլում են ասես,
Կուրացած խենթիս ճամփեքը հարթում...

Էլ չեմ շտապի... թող կյանքը անցնի,
Իսկ ես կլսեմ հևոցը նրա,
Միայն խոստացիր, որ անգամ հեռվից
Դու ես սանձելու երազըս մարած...


пятница, 20 января 2012 г.

Օրըս` ԳԻՇԵՐՈՒՄ ...


Չգիտեմ` այսօր գիշերվա մե՞ջ եմ
Օրըս անցկացրել, թե՞ մութ գիշերն է
Անհագ կարոտով իմ մեջ բնակվել...

Չգիտեմ` այսօր ճնշող խավա՞րն է
Իմ պարանոցին ձեռքերն իր սեղմել,
Թե՞ սրտիս պատն է միամիտ փլվել...

Չգիտեմ` այսօր իմ երազնե՞րն են
Հոգուցըս բեկվելթե՞ իմ հոգին է
Նրանց ընթացքից հանկարծ խռովել...

Չգիտեմ` լույսը ե՞րբ է արարվել,
Բայց օրըս կարծես դեռ չի լուսացել,
Գիշերը նրան չի ուզում թողնել...


Լույսը ...ՉՄԱՐԵՍ


Թույլ տուր որ այսօր մանկանամ մի քիչ,
Գլուխըս ծընկիդ` հրճվանքըդ լինեմ,
Ափերիդ ջերմը թող սահի դեմքիս,
Քո գորովանքից կախարդվել կուզեմ...

Թույլ տուր այսօր ես հեքիաթում ապրեմ,
Թիկունքիս ըզգամ բազուկըդ հրե,
Քո խենթ հայացքով աստղերին հասնեմ,
Երկնքից երեք խնձոր վար բերեմ...

Թույլ տուր այսօր քո երազը լինեմ,
Այցելեմ ես քեզ լուսնային կառքով,
Ամպոտ ոտքերով տունըդ լուռ մտնեմ
Ու քեզ շղթայեմ կարոտիս շնչով ...

Թույլ տուր այսօր ես քո ուսին ննջեմ,
Իմ ողջ հոգսերից թույլ տուր որ հոգնեմ,
Իսկ թե մանկան պես ես քնով անցնեմ`
Ձեռքըս չթողնես... լույսը... չմարես...


Պատահականությունը` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ...


Պատահականություն լինու՞մ է կյանքում-
Հարցնում ես դու ինձ,
Երբ պատասխանը ինձնից լավ գիտես...
Ու գիտես և այն, որ հոգու խորքում
Հաճախ ենք հյուսում մեր իսկ երազի
Փոքրիկ մասնիկը
Իսկ երբ գտնում ենք կյանքում մի բեկոր,
Թվում է, թե դա պիտի որ լիներ...
Հենց այս իր տեսքով,
Լիներ ու սներ մեզ, մեր նմանին
Պատահականության սին հորինվածքով...

Իսկ ինչո՞ւ, ինչու՞ չես խորհել մի օր,
Խորհել ինձ նման, որ հոգու խորքում
Մեր իսկ որոնած անհայտ հասցեով
Երբ գտնում ենք մեր ուզածը կյանքում`
Գուցեև կոչենք անհրաժեշտությու՞ն...

Պատահական չեն մարդիկ որոնում,
Պատահական չեն սիրում և ատում,
Պատահական չէ կարոտը հևում,
Անհրաժեշտ է, որ երգն է այս թևում...


вторник, 17 января 2012 г.

ԿԱՐՈՏԻ ՏԵՍՔԸ


Կարոտին մարդիկ անուն են դրել,
Կարոտից հաճախ գույներ են ձուլել,
Բայց ում էլ հարցնես կարոտի տեսքը,
Կլսես նրանց անհեթեթ խոսքը...

Խոսքը զորեղ է, շղթա է փշրում,
Իսկ նրա ուժով սրտեր են գերվում,
Անբարբառ խոսքն էլ աղոթք է դառնում,
Մինչ` <<կարոտ>> բառը այն չի թարգմանում...

Թարգմանիչներ կան` քարեր են պեղում,
Անշունչ իրերից գաղտնիքներ կորզում,
Կարոտի գաղտնիքն անդունդն է բացում,
Իսկ պատասխանը ... խորքում է ապրում...

Այս շղթան, ավա~ղ, վերջ չունի կարծես,
Կխեղդի մարդու պտտահողմի պես...
Ուստի ապրեք դուք մի կյանք կարոտով`
Նրան երբևէ չըվերծանելով...