понедельник, 28 февраля 2022 г.

Ինչ -որ...

 

Ինչ-որ տաք շշուկ իմ շեմը շեմեց,

Ինչ-որ տաք շշուկ ինձ հետ անրջեց...

Շշնջաց ունկիս կարևոր բառեր

Ու անկեղծ եղավ ու ինձ չխաբեց...


Ինչ-որ մայրամուտ նոր հույսեր ծնեց

Եվ արշալույսին քնքշանքով սնեց...

Ինչ-որ մի գիշեր խենթորեն մաշվեց,

Իսկ աստղաթափը գութ էլ չշարժեց...


Ինչ-որ լռություն խորը շունչ քաշեց,

Նրա փոխարեն օդը անրջեց...

Ինչ-որ տաք շշուկ իմ հոգին գրկեց

Ու անսուտ եղավ ու ինձ չլքեց...

 


Մի օր...


Մի օր նա ասաց, որ ես կարող եմ պարել իր նվիրած կիսալուսնի վրա...

Ու ես վստահեցի նրան...Ու ես անչափ սիրեցի այն կապույտ աշխարհը, որը կապում էր մեր երազները, կապում` թարթող աստղերի միջոցով...

Մի օր ես կորցրեցի իմ կիսալուսինը...Նա խոստացավ, որ կգտնի այն...Իսկ հե՞շտ է արդյոք վերգտնել կորցրածը...

Գուցե մի օր նա վերադարձնի այն աշխարհը, որում այնպես թեթև էր պարել, հեշտ էր երազել...Գուցե...Բայց կլցվի՞ արդյոք հոգու դատարկը...

Արդեն չգիտեմ...

 

Մի' կորցրեք այսօր, մի' կորցրեք վաղը,

Որ գույն ունենա ձեր ապրած կյանքը...

 

Քեզ հորինեցի

 

Քեզ հորինեցի, որ իջնեմ ներքև,

Որ չապրեմ այդքան ամպերից վերև։

Քեզ հորինեցի` մենակ չանրջեմ,

Աստղերի ճամփան քո քայլով անցնեմ...


Դու հորինեցիր բազում առիթներ,

Որ թողնես ձեռքս` ամպերից ներքև...

Քո հորինածով ունեցա ոտքեր,

Որոնք առանց քեզ վարժվեցին քայլել...


Էլ չեմ հորինում ես ոչինչ արդեն,

Էլ չեմ ապրում ես ամպերից վերև։

Սովորեցի իմ հյուղակը սիրել,

Աստղերի ճամփան լոկ մտքով չափել...

воскресенье, 6 февраля 2022 г.

Օրվա խաղը

 

Օրը ականջիս շշնջաց բառեր,

Որոնք հնչելուց դեռ չէին մաշվել,

Օրը շուլալվեց իմ խոհերին հեգ

Ու չորոնեց մեկ այլ խաղընկեր...


Օրը մանրուքից մաքրվել փորձեց,

Իր ծանոթ ռիթմը իր ձեռքում պահեց,

Սիրած մեղեդին անընդմեջ լսեց

Ու չձանձրացավ. նոր ակորդ չուզեց...


Օրը իմ հոգին քնքշանքով գերեց,

Ականջիս միայն իր շունչը թողեց,

Խոստումների մեջ` նրբորեն լռեց,

Շուլալվեց մտքիս, իմ գրկում մարեց. ...

 

Ձյունը


Ձյունը չընդհատվեց իմ կոպերի տակ,

Թափվեց իբրև թե մեղեդի մի տաք,

Փռեց արծաթի մի ողջ նրբերանգ,

Ու սահեց ձյունը իմ շուրթերն ի վար...


Ձյունը համառեց, բառեր չգտավ,

Չգտավ խոսքեր ու արցունք դարձավ,

Հոսեց իբրև թե անտես մի գետակ

Ու գտավ ճամփան իմ աչքերն ի վար...


Ձյունը ընդհատվեց իմ կոպերի տակ,

Երբ լռեց մի պահ մեղեդին այն տաք,

Ցրտից կուչ եկած ցնորք ու պատրանք

Կորան` դառնալով թափառող հայացք...


Նա այդպես ուզեց...

 

Այնպես տխուր է հոգիս այս գիշեր.

Լռել է կյանքը մի պահ ու իմ մեջ։

Արտասվել փորձեց լուսինը ինձ հետ,

Բայց թողեց մենակ. նա այդպես ուզեց...


Իսկ ես ուզեցի մի պահ աղմկել,

Սրտիս ծանրոցը երկինք ուղարկել,

Խլացավ նույն պահ աղմուկը իմ մեջ,

Հոսեց, ակոսվեց. նա այդպես ուզեց...


Աստղերը միայն մնացին ինձ հետ

Ու չքնեցին, լուռ են այս գիշեր։

Իսկ ես լսում եմ` դրսում, ինչ-որ տեղ

Կյանքն է աղմկում. նա այդպես ուզեց...

Ձյունը... անձրևեց


Ձյունը... անձրևեց իմ պես, իմ նման։

Թափվեց ամպեղեն դղյակից հանդարտ,

Իջավ մեղմորեն, այնպես անշտապ,

Որ ես տարվեցի թացությամբ նրա...


Մոտեցա զգույշ, շնչեցի անհագ

Այն թարմությունը, որ բերում է նա,

Ուզեցի լինել խենթությամբ առաջ,

Պարել թաց ձյան հետ այստեղ ու հիմա...


(Մեղեդին սիրո գուցե թաքնված

Մեկուսի մի տեղ մաշվում է կամաց.

Ակորդը երբեք նվագ չի դառնա,

Եթե ձեռքերը չգրկեն նրան)...


Ձյունը անձրևեց...իր պես, իմ համար.

Մեղեդին նրա երկինքն իմ դարձավ:

Մի քիչ խենթացած, մի քիչ հապշտապ`

Ձյունն ինձ հետ կիսեց ակորդներն իր թաց...

Ամեն եղանակ

 

Ամեն եղանակ կարոտն իր հյուսել,

Անցնող օրվա հետ տանտեր է դարձել...


Ամեն երեկո դժվար չի ասել`

Կարոտի շունչը որտե՜ղ է հասել...


Ամեն կեսգիշեր` կարոտի աչքեր,

Այդ ո՞վ չի տեսել, կուզեի պատմեր...


Ամեն կարոտ իր եղանակն ունի,

Ապառաժ հոգին այն չի՜ նկատի...

Իմ փոխարեն

 

Իմ աչքերը փակ հորինում են քեզ,

Հորինում այնպես, որ դու չընդհատվես։

Օրերը փախչող հեռացնում են մեզ.

Կարոտի ճամփան չունի ասես վերջ...


Շուրթերս դոդղդոջ վանկարկում են քեզ,

Կանչում են այնպես, որ դու չփախչես։

Բայց ժամանակը սլացքով անտես

Խլացնում է քեզ, որ ինձ չլսես...


Քայլերս խռով միշտ բերում են քեզ,

Մոտենում այնպես, որ ամուր գրկես։

Իսկ դու անծանոթ հայացքով հրկեզ

Այրում ես ամեն կամուրջ մեր միջև...


Քո աչքերը մութ ինձ կորոնեն,

Երբ կորչեմ մի օր ճամփեքին անսեր։

Կարոտի ճիչը կխեղդվի քո մեջ,

Երբ իմ փոխարեն երգերս գրկես...

Աշու’ն, իմ թախի՜ծ...


Աշու՜ն, իմ թախիծ...Դու ինձնից տարար հարազատ մի գույն...ու ինձ տվեցիր առատ տխրություն....

Քո լիությունը բաշխեցիր անսանձ, բայց մի այլ տեսքով, առանց նրբերանգ...Իսկ ես խենթորեն փայփայե՜լ եմ քեզ, քո ամեն գույնը, լույսի թրթիռը, վաղորդյան ցողը, նույնիսկ՝ անկումը իմն եմ համարել...Քո վերջալույսը հույզ է ինձ տվել, արցունքի շիթեր...Փխրուն տողերով մեկնումդ եմ հյուսել, դողացող ափով այտդ եմ շոյել, որ չըկոտրվես...Քո վերադարձին նշան եմ թողել՝ հավատարմության անսովոր մի երգ...

Աշուն, իմ կսկի՜ծ...ինձ չես խնայել...Այնպիսի վերք ես հոգումըս բացել, որ մինչև այսօր մխում է այն դեռ...Ճիշտ է, օրերս չես խլել ինձնից, բայց երանգներն ես քերել նրանցից, համ ու բույր խրձել օրերիս միջից, դրանց կարոտն ես լոկ թողել խենթիս...Ապրելու մի ճիչ, որ խեղդվող մարդու հառաչ է գուցե. այսքան ցավի մեջ դեռ ինչպե՜ս ապրել...

Աշու՜ն, իմ "փյունիկ"...ուզում եմ քեզնով մի պոեմ գրել, քո տաք վերքերում թռիչքս փրկել...Որ ով էլ կարդա տողերս դալուկ, լցվի կորովի մի խենթ սլացքով...

Գեթ օգնիր՝ երգս կիսատ չթողնել, մեկնումից առաջ՝ քո ճամփա՜ն օրհնել...

 

Ինձ չհաջողվեց...

 Ես չեմ հեռացել.

Իմ երազները գրկում են դեռ քեզ։

Թաքնվել եմ մերթ,

Որ գտնեմ խենթիսքիչ էլ ի՜նձ սիրեմ...

 

Ես չեմ մոռացել.

Հիշում եմթե ինչ լույս ես ինձ տվել։

Չեմ էլ կուրացել.

Տեսնում եմուր ես ժպիտս թողել...

 

Դու ինձ չես փնտրել.

Որոնումներդ այլ ափ են տարել։

Այնինչ գտել ես`

Թերևս դա է ժպիտս խլել...

 

Պիտի ընդունեմ,

Որ կյանքը այս նենգ իր խաբկանքն ունի։

Ինձ չհաջողվեց

Սերտել խաղերը անկանոն կյանքի...

 

Գուցեև վարժվեմ

Ապրել առանց քեզառանց հեքիաթի։

Իսկ դու կարո՞ղ ես

Բաց թողնել գիրկը իմ երազների...