среда, 12 сентября 2012 г.

ԿԱՊՈՒՅՏ ԿԱՐՈՏԸ



Կարոտն, ասում  ենկապույտ  գույն  ունի ,
Իսկ  իմ  կարոտը  իջել  է  ծնկի ,
Որ  իր  բազմաշերտ  հոգու  խորքերի
Փոթորիկները  լռությամբ  մարի ...

Կարոտն, ասում  ենկապույտ  գույն  ունի ,
Իսկ  իմ  կարոտը  գժվել  է  էլի ,
Արցունքից  ձուլած  լռության  փոշին
Պարզել  է  իբրև  դաշինք  երկնքին ...

Կարոտն, ասում  ենկապույտ  գույն  ունի ,
Իսկ   իմ  կարոտը  ջրվեժել  գիտի
Ու  հայելու  մեջ  երկըրի  սրտի
Մեկնում  է  խորհուրդն  իր  անմեկնելի ...

.....................................................................

Կարոտը... գիտեմ ...կապույտ  գույն  ունի -
Վկան  է  ընծան  մեծ  Տիեզերքի ,
Միտքըս  որքան  էլ  անլուր  թափառի ,
Հայացքիդ  դիպավ , պիտի  փշրվի ...

Պիտի  հավաքի  ծփանքն  աչքերիդ ,
Որ  եթե  մի  օր  կարոտըս  լռի ,
Փոթորկի  նման  հոգուս  խորքերից 
Ծնկած  կապույտը  բազմաշերտ  ժայթքի~ ...


понедельник, 13 августа 2012 г.

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ՓՐԿԱԳՈՏԻ .............


Ես  լռում  եմ, երբ...ցավն  է  խտանում -
Հանձնում  եմ  նավըս  ալիքներին  խենթ ,
Անզոր  եմ  մենակ  այս  մարտարվեստում -
Իմ  փրկագոտին  լռությունն  է  մեծ ...

Ես  լռում  եմ, երբ...լսել  եմ  ուզում
Իմ  սրտի  ձայնը, որ  ինձ  չի  հասնում ,
Որ  թափառում  է  լուռ  Տիեզերքում   ,
Այնտեղ  լռության  գաղտնիքը  մեկնում ...

Ես  լռում  եմ, երբ...խոսել  եմ  ուզում ,
Բայց  բառեր  չկան , հնչյուններ` նույնպես ,
Երբ  մեղեդին  է  միտքըս  թարգմանում
Հոգումըս  սառած  ստեղների  պես ...


Ես  լռում  եմ, երբ...ինձնից  հեռանում ,
Ցավի  տերը  ու  ծառան  եմ  դառնում -
Լռությունն  է  ինձ  լռությամբ  փրկում ,
Որ  ես  չպարտվեմ  այս  մարտարվեստում ...


вторник, 12 июня 2012 г.

ԿՅԱՆՔԸՍ ` ներկապնակում


Կյանքըս  փոխվել  է, հունն  իր  թեքել  է -
Լույսն  ու  խավարը  ձուլվել  են  էլի ,
Հոգումըս  մեգ  է, հույսըս  բեկվել  է -
Ներկապնակս  է  առանց  գույների ...

Մերթ  ապստամբ  եմ, մերթ  էլ` հպատակ -
Այդ  ո՞վ  կչափի  եզրերը  սրտի ,
Տունըս  մերթ  նեղ  է, մերթ  էլ` անպարփակ -
Մտքիս  կանթեղը  թող  այնտեղ  վառվի ...

Մերթ  լուռ  այրվում  եմ  սառույցի  գրկում ,
Մերթ` եղյամ  կապում  այրող  հուշերից ,
Ճերմակ  էջերին  հանգերն  են  լքում ,
Ես  մրրկահույզ  եմ  այս  կույր  շղթայից ...

Մերթ  ինձ  օվկիանի  մոլուցքն  է  գերում ,
Մերթ` անապատի  արցունքոտ  փոշին ,
Կյանքըս  մի  գետ  է` անսանձ  ու  անհուն ,
Բայց...  դեպի  անծիրն  այն  հոսել  գիտի ...


четверг, 31 мая 2012 г.

ՕՐԵՐԻ ՓՈՇԻՆ


Որքան  վերցնում  եմ  օրերի  փոշին ,
Այնքան  խամրում  է  մտքիս  հայելին ,
Այնքան  չեմ  տեսնում  իմ  կյանքը  այնտեղ -
Ուրիշ  մի  դեմք  է  նշմարվում  արդեն ...

Սրբում  եմ  կրկին  հայելու  փոշին ,
Խնամքով  ուղղում  դեմքը  իմ  ծռված ,
Բայց  ամեն  անգամ, երբ  նայում  եմ  ինձ -
Էլ  չեմ  ճանաչում  օրերը  անցած ...

Հուշերի  ամպն  է  հոգուցըս  կախվել ,
Տաք  արցունքները  իր  մեջ  ծըվարել ,
Ներկա  գույները  թևեր  են  առել -
Կառամատույցում   խարիսխներ  նետել ...

.......................................................................

...Ի՞նչ  անեմ, կոտրե՞մ  մտքիս  հայելին ,
Նորոգե՞մ  այնտեղ  խամրած  դեմքը  իմ ...
Որ  ինձ  չխեղդի  օրերի  փոշին ,
Որ  կյանքըս  գտնի  իր  պատկերը  հին ...


вторник, 8 мая 2012 г.

ԳԱՐՆԱՆ ՔԱՐՈԶԸ


Գարունը  թաց  է, արցունքոտված  է -
Այնպես  կաղում  է  իմ  միտքը  էլի .
Երկինքը  բաց  է, կամ` ամպամած  է ,
Հույսիս  թռչունը  թող  վերում  ճախրի ...

Ոմանք  տենդում  են, ոմանք  էլ` լռում -
Ու՞ր  կորավ  անկեղծ  ժպիտը  դեմքի .
Այս  կյանքը  խաղ  է, դավ  է  ու  ցասում ,
Որտեղ  հաղթում  են, կամ` տանուլ  տալիս ...

Իմ  սիրտը  գոց  է, բայց...ալեկոծ  է -
Գարունն  է  կարդում  իր  քարոզն  էլի .
Երազը  բոց  է, կամ` հովանոց  է ,
Մտքիս  ընթացքը  թող  նա  էլ  պեղի ...


воскресенье, 6 мая 2012 г.

ԳԱՐՆԱՆ ԱՉՔԵՐՈՒՄ ...


Այսօր  գարունը  աշնան  պես  բացվեց`
Թափվող  արցունքի  կաթիլներ  բերեց ,
Թուլացած  ձեռքեր  ու  բաժանման  տենդ -
Այս  ընծաները  ես  ու՞ր  թաքցնեմ ...

Այսօր  գարունը  ձմռան  պես  շնչեց`
Կարոտի  աչքը  եղյամով  պատեց ,
Սրտիս  չորս  պատը  ցրտից  բարակեց -
Որբացած  հոգիս  ինչպե՞ս  ջերմացնեմ ...

Այսօր  գարունը  ինքն  իր  մեջ  փակվեց ,
Ամռան  երազի  պատրանքով  արբեց ,
Հուշերի  անձրև, սրտի  դող  տվեց -
Մտքիս  կծիկը  ես  ու՞ր  կորցնեմ ...

................................................................

Այսօր  գարունը  թաց  աչքեր  ուներ ...


понедельник, 30 апреля 2012 г.

ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ ...


Ես  չեմ  ափսոսում  այսպես  տենդագին
Մարդու  մեջ  ՄԱՐԴՈՒՆ  փնտրելու  համար .
Գուցե  երկի՞նքը  պայթի  իմ  գլխին -
Մտքիս  կանթեղով  կփրկեմ  նրան ...

Ես  չեմ  ափսոսում  իմ  արմատներով
Այս  հողաշխարհում  քայլելու  համար .
Գուցե  շատերին  մնա  անծանոթ
Շղթաներ  մերժող  ցանկացած  ճամփա ...

Ես  չեմ  ափսոսում  այսքան  կախարդող
Գույներով  կյանքըս  ներկելու  համար .
Գուցե  և  վըրձնե՞ն  նրանք  սրտի  դող -
Հոգուս  հնոցում  կկոփեմ  նրանց ...

Ես  չեմ  ափսոսում , իմ  անհաս   ԵՐԱԶ ,
Քեզանով  այսչափ  ապրելու  համար .
Գուցե  համառի՞  կարոտը  անսանձ -
Դու  էլ  չափսոսաս  խենթ  երգիս  համար ...

среда, 11 апреля 2012 г.

ԵԹԵ ................


Իսկ եթե հանկարծ անցյալը նորից
Հին թաքըստոցից գլուխը հանի՞ ,
Գա, մեկից նստի իմ դռան շեմին ,
Չթողնի քայլեմ, ոտքերըս բռնի ~...

Իսկ եթե հանկարծ ոտքերըս ծալվե՞ն ,
Այդ պաղ ձեռքերին փլվել ես ուզե~մ ,
Էլ ուժ չունենամ ներկայով ապրել ,
Ինձ իմ անցյալի գրկում ես փնտրե~մ ...

Իսկ եթե հանկարծ գըտածս կորցնե՞մ ,
Ինքըս ինձանից փախչել ես ուզե~մ ,
Ամեն, ամեն ինչ ես փուչ համարեմ ,
Ու ինձ բոլորից զատե~մ, բաժանե~մ ...

... Ու եթե հանկարծ անցյալը կրկին
Նույն համառությամբ դեռ ինձ որոնի~ _
Ներկաս կհանձնեմ նրա ձեռքերին ,
Կըհաշտվեմ ինձ հետ ... կկանգնեմ ոտքի ...


суббота, 24 марта 2012 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ


Բաժանված ենք մենք...լռությունն է բորբ
Սառցե բոցերում հոգին իմ << այրում >> ,
Մինչ` կողքից նայող և ոչ մի անցորդ
Մոխրակույտերը չի~ էլ նկատում ...

Անջատված ենք մենք ... այդպես խավարն է
Լույսին երբեմն զնդանում փակում ,
Իսկ երբ վերջինըս փորձում է բոցել `
Անգամ զնդանի երա~կն է կտրում ...

Կըտրված ենք մենք ... այդպես մայրացող
Ծառն են անդրանիկ իր պտղից զրկում ,
Ծարաված հողի տենդը փարատող
Ջրի մի վերջին ծորակը փակում ...

... Լռությունը իր թաց տիրույթներում
Մերթ գահակալ է, մերթ` խոնարհ ծառա ,
Ժամանակն է լոկ, որ << այրված>> հոգու
Մոխրակույտերի տերը կըդառնա ...


пятница, 23 марта 2012 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Երբ բացեք այս նամակը, չփակեք այն, քանզի կյանքի իրական պատկերն եմ ես ծրարել այնտեղ ... քանզի ես ասելիք ունեմ ...
Աղջիկը ինը տարեկան էր` հոնի մեծ աչքերով ...Իմ աշակերտուհին չէր...չհասցրեց անգամ հրաժեշտ տալ իր ուսուցչուհուն...Իրեն հրաժեշտ տվեցին ...Նրա մրահոն աչքերը  փակ էին, իսկ ճերմակ ժապավենները քնած տիկնիկի տեսք էին հաղորդում...Ես կարծես մղձավանջի մեջ լինեի,կամ` տխուր երազում...Միայն մոր ողբն էր` մինուճար զավակի վրա հիշեցնում, որ այս ծրարում եղածը իրական էր, որ իրողություն էին նաև վշտից խենթացող կնոջ խոսքերը` << Գարունը բոլորին կարմիր արև բերեց, իսկ ինձ` սև գույներ...>> ...
Տղան ծնվեց այն ժամանակ, երբ ռազմաճակատում թշնամու գնդակից մեկ օր առաջ զոհվել էր 34-ամյա հայրը ...Իսկ ինքը որքա~ն սպասված զավակ էր այդ ընտանիքում...Տարիներ ի վեր հայրը երազել էր որդու մասին...անգամ անունն էր սրտում քանդակել...Կնոջ ու որդու տաք անունն էլ շուրթերին` փակել էր աչքերը ...Չգիտեմ, որդին կժառանգի՞ արդյոք հոր կապույտ, կյանքի ծարավ աչքերը...Բայց հաստատ է, որ նա կունենա մի որբ կարոտ, մի չանցնող տագնապ, կոկորդը սեղմող երկու անտես ձեռք ...
Բազմակետեր եմ այստեղ ծրարում ոչ թե նրա համար, որ ասելիք չունեմ, այլ,որ այսպիսի դեպքեր կան ամենուրեք ...Խնդրում եմ, իմ խոսքերը չծրարեք... ես դեռ ասելիք  ունեմ դստերը կորցրած կնոջը, հորը կորցրած նորածին որդուն ... նրանց նմաններին ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ դրսում գարուն է նկարում, իսկ մեր հոգու խորքում` մի պարզ ցանկություն` երբևէ տեսնել տառապյալ դեմքից արցունքը չորացած,իսկ որբ կարոտը` մեզ հավետ լքած ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ սխալվել չի կարող ...ՆԱ տիեզերական երկարություններն ու լայնություններն է իր հանճարով չափել, ամեն աստղի հետ զրույցի նստել ...ՆԱ գիտի նաև աստղային երազներն իրականացնելու գաղտնիքը ...

Իմ այս ծրարված հույսը կարդացեք բոլորի համար որպես բաց նամակ ...