пятница, 8 мая 2020 г.

Աստղային զրույց. մի նկարի պատմություն


Այն պահից, երբ դու բաց թողեցիր իմ ձեռքը, ես կտրվեցի աստղային պատվանդանից ու ընկա փոշոտ իրականություն... Հետո սկսեցի դժվարությամբ շնչել. ինձ պակասում էր այն թթվածինը, որով սնվում էր երազներիս զարկերակը...
Այն պահից, երբ քո հզոր բազուկները չկարողացան տանել փետուրից թեթև իմ անուրջները, վերջիններս դարձան անկշիռ...անգամ իմ աչքին...Ու ես տխրեցի...անսահմանորեն տխրեցի հենց քեզ համար, որովհետև դու կորցրել էիր այլոց երազներում ապրելու վերերկրային պարգևը...Իսկ ես չէի կարող ոչինչ փոխել...
Այն պահից, երբ ես դարձա սեփական տողերում
դեգերող մի փախստական, անզորության վայրի ճիչը խրվեց կոկորդիս մեջ ու ստիպեց համրանալ...Այսպես համրացած' ես ապրում եմ իմ մերկ ցավի հետ, որը չես տեսնում դու, չի տեսնում ոչ ոք... Այն ծնվեց, երբ դու բաց թողեցիր իմ թուլացած ձեռքերը...Հենց այդ պահից աստղափոշի դարձան քեզ պատկանող իմ երազները...


ՏԱԳՆԱՊՆԵՐ


Տագնապների քամին... երբեմն այնքան է ահագնանում, որ ավերածություններ են մնում նրա անգամ մշուշոտ ոտնահետքերից...
Այն այցելում է ինձ գրեթե ամեն օր. գրեթե ամեն օր ես ստիպված եմ լինում ինչ-որ բան նորից կառուցել (ավերված հոգում), որովհետև ով չգիտե, թե քամու ոտնահետքից ինչեր են մնում...
Ու սպասում եմ...(արդեն ամեն օր) սպասում եմ այն գնացքի շչակին, որը կազդարարի տագնապների քամու մեկնումը...