пятница, 25 ноября 2011 г.

ՓՐԿՎԱԾ ԵՐԱԶ


Աշունը կարծես մեկնել չի ուզում ,
Քամու շուրթերով իր երգն է երգում ,
Ուզում է փրկել վերջին մի երազ
Վերջին դողացող տերևի նման ...

Քամին գրկել է իր թույլ ձեռքերով
Ու լու~ռ շոյում է գլուխը աշնան ,
Գուցե խոստանում ևս մեկ օրով
Ձգձգել տենդոտ մուտքը պաղ ձմռան ...

Խոստանում պահել իր սրտի խորքում
Աշնան հորինած երազները տաք ,
Որ օրերի խենթ վազքի ընթացքում
Ջերմանա հոգին բոցերով նրանց ...

Որ հաջորդ անգամ հանդիպման պահին
Կարոտած սրտով` գաղտնի բոլորից ,
Հրաշքով փրկած երազի փոշին
Աննկատ սփռի աշնան ձեռքերին...


вторник, 22 ноября 2011 г.

ԱՇՆԱՆԱՅԻՆ ...


Թերթում եմ վերջին օրերը աշնան ,
Թերթում ու փակում մի կենսագրություն ...
Թե ինչ կնիք կա էջերում պահված `
Գիտենք լոկ ես ու մի մեկնող աշուն ...

Վերջը բերում է նաև վերջակետ :
Տերևների խենթ պարի հետ անգամ
Թափվում են հույսի ծվեններն անհետ
Ու հանգչում հողի շերտերում ծալ-ծալ ...

Փարվում է հողի կարոտած գրկին
Սիրո կախարդող վերջին մեղեդին ,
Մի վերջին անգամ լույսն է ծափ տալիս
Ու լու~ռ ջրվեժում արցունքի փոշին ...

Ձուլվում են իրար գույները աշնան ,
Արևի ոսկին զտում է նրանց ,
Որ ուր էլ հառնեն, անգամ` վերանան ,
Կարոտի բոցը պահպանեն անմար ...

Ոչ, աշնան վերջը դեռ վերջակետ չէ ,
Այն նոր հույզերի երթ է ակոսում ...
Ձմռան անուրջը սառած ու երեր
Մեկնող աշնանը ձեռքով է անում ...


пятница, 11 ноября 2011 г.


Որտեղ են ապրում մեղեդին հոգու,
Երգը օվկիանի, ծփանքը ծովի ,
Ինչպես է լալիս մի դեղին աշուն ,
Ինչու են մարում ռիթմերը սրտի ...

Իմ այս հարցերին մի պատասխանիր -
Շատ բան զգում եմ < համըր կարոտից > ,
Միայն խնդրում եմ` ուժով քո վրձնի
Ինձ համար այսօր աշուն նկարիր ...

Նկարիր այնպես, որ ես խենթանամ ,
Գույներիդ զարկից կախարդված մնամ
Հոգու մեղեդուն, օվկիանի երգին .
Գտնեմ ու փարվեմ ծովի ծփանքին ...

Նկարիր անվերջ իմ դեղնած այգին ,
Այնտեղ դու կյանք տուր կապույտ երազին ,
Որ կախարդանքից ռիթմերը սրտիս
Լու~ռ հնազանդվեն խենթացած վրձնին...