воскресенье, 19 сентября 2010 г.

ՕԳՆԻՐ...ԱՐԹՆԱՆԱԼ...



Չեմ հայցում քեզնից ոչ սեր, ոչ` գորով.
Այնքա~ն երկար եմ սիրել, գթացել...
Չեմ տենչում անգամ հայացքըդ շոյող.
Մարող աստըղ է այն ճամփիս դարձել...

Չեմ ուզում սիրտըդ իմ առջև բացես .
Վաղու~ց եմ սերտել էջերը նրա...
Չեմ ուզում անափ կարոտից խոսես.
Բառերը կոտրած ճյուղի են նման...

Չեմ կանչում արդեն քեզ իմ երազում.
Գուցե հոգնել եմ իրական խաղից...
Լոկ խնդրում եմ քեզ, նույնիսկ` թախանձում.
Օգնիր արթնանալ իմ խորունկ քնից...


пятница, 17 сентября 2010 г.

ՄԻ ԲՈՒՌ ԼՈՒՅՍ ՏՈՒՐ ԻՆՁ...



Աշունն է խշշում իմ գլխի վերև,
Աշունն է դողում իմ ոտքերի տակ,
Իսկ սրտիս խորքում, իմ խենթ հոգու մեջ
Կապույտն է գծում ուրվագիծն իր թաց...

Աշունը լի է գույների խաղով.
Ինչին նայում եմ` կապտի~ն է տալիս...
Կապույտն, ասում են, բերում է կարոտ,
Աշուն, դեղինով ինձ այսօր օծիր...

Քո այդ բազմերանգ ներկապնակից
Ընդմիշտ հեռացրու կապույտը թախծի...
Թող որ դեղինով ողողվի հոգիս,
Լույսի եմ կարոտ, մի բուռ լու~յս տուր ինձ...


вторник, 14 сентября 2010 г.

ԱՇՆԱՆ ՄՈՐՄՈՔ...



Պատուհանից դուրս աշունն է լալիս`
Ապակիները արցունքով ցողում.
Լու~ռ մշուշվում են և աչքերը իմ,
Անտես վերհուշիս կապերը քանդում...

Միտքս տանում է ինձ հեռու~-հեռու~,
Ուր խառնվում են գույները ասես,
Ուր անձրևում էր օրը, մինչդեռ դու
Իմ կողքին էիր, հարազատ այնպես...

Այնժամ թախծի մեջ ուրախ երանգ կար,
Իսկ կապույտի մեջ` դեղինի հրդեհ.
Աշունն էր սրբում իմ արցունքն անգամ,
Մինչդեռ` լալիս է հիմա խենթիս հետ...

Թող որ արցունքի շիթերը անձայն
Իրենց հետ տանեն մորմոքը աշնան,
Արևի ոսկին հոգուս խորքերում
Կապի հավերժող սիրո ծիածան...


пятница, 3 сентября 2010 г.

ԱՇՆԱՆ ՀԵՔԻԱԹ...



Աշունը ներխուժել սիրտըս,
Հյուսել է մի թախծոտ հեքիաթ.
Գիշերը գողացել լույսըս,
Նետել է դողացող ճրագ...

Հոգիս այս ցրտից նվաղել,
Դարձել է մի լքված տերև.
Քամին ինչ-որ պահ չարացել,
Գրկել է նրան ու կորել...

Միայն, երկինքն է դառնացած,
Երկու կաթ արցունք ցած նետել.
Մինչդեռ, աշունը խենթացած,
Իր թախծոտ հեքիաթն է հյուսել...