суббота, 30 января 2021 г.

Իմ հասցեն նույնն է...

 

Ձմռա'ն երեկո, լույսի մեջ փայլիր,

Ճերմակ անուրջում անվերջ գալարվիր,

Դուրս եկ ասպարեզ, մարդկանց տուն մտիր,

Քո երազներից նրանց ընծայիր...


Բաժանիր լույսդ իբրև մանանա,

Շա՜տ է պակասել, այն գրեթե չկա,

Թող ամեն տանիք քո այցը զգա,

Լույսերի պարից ամեն տուն թնդա...


Կարոտած սիրտը չմարի հանկարծ,

Մանկան ժպիտը կիսատ չմնա,

Թող բոցավառվի թևերիդ վրա

Հավատի սյունը ու տանտեր դառնա...


Քո երազներից ինձ էլ բաժանիր,

Ճերմակ անուրջը թող ինձ էլ գտնի,

Իմ հասցեն նույնն է, երկար մի՜ փնտրիր,

Ձմռա'ն երեկո, երազս գրկիր...

 

среда, 27 января 2021 г.

Հողի սիրտը..


Ինչ-որ մի տեղ հանկարծ պայթեց

Ատելության անզեն ական,

Ինչ-որ մի պահ կյանքը կանգնեց,

Ու ժպիտներն անհետացան...


Ինչ-որ մի տեղ ծուխը մարեց,

Սիրած կինը վշտին գամվեց,

Մանկան հոգին ալեկոծվեց,

Հարցեր տվեց, հետո ... լռեց...


Ինչ-որ մի տեղ մարդիկ լուռ են

(Այլոց համար ինչու՞ այրվել),

Հողի սիրտը տնքում է դեռ,

Հողի "բեռը" թա'նկ է այնպես...


Ինչ որ մի տեղ էլ նույնը չեն

Այգաբացն ու երթը օրվա,

Կյանքը ունի խորը վերքեր.

Ատելության զենքը վկա...

 

Այդ ինչպե՞ս եղավ...

 

Այս որքա՞ն ընկանք.

Վերելքի ճամփան ի՜նչ էր, չգտանք...

Այս որքա՞ն իջանք.

Չափման միավոր, գեթ մի կույր բնազդ

Իրա՞վ չտեսանք...


Այս ու՞ր մենք հասանք.

Չունեի՞նք հասցեն, չգիտե՞նք կարդալ...

Այդ ինչպե՞ս եղավ,

Որ չարին հաղթած' այսքան չարացանք...


Ա՜խ, որքա՜ն, որչա'փ մենք տկարացանք,

Երբ մարդկայինը իրավ մոռացանք,

Տեր հռչակվեցինք, մնացինք ծառա,

Մեղքի մեջ կորած' մեղավոր գտանք...


Եվ գութը ի՜նչ էր, զրկեցինք միմյանց.

Այս որքա'ն, իրոք, մենք ցածր ընկանք...


Էլ չկրկնվես...

 

Էլ չծովանաս...գոլորշի դարձիր,

Սրտիս տագնապը դու անհետ ցրիր...

Թող որ ոչ մի հուշ չմնա քեզնից,

Ինձ ազատագրիր ծանր մշուշից...


Էլ չկրկնվես... հեռացիր ընդմիշտ,

Որ երգս դառնա անմշուշ, անվիշտ...

Իսկ թե կաղապար երբեւէ հագնի,

Սրտի տագնապներ իր մեջ չբանտի...