воскресенье, 24 октября 2021 г.

"Մի քիչ էլ մնա"


Շուրթերս հաճախ ասում են` "Գնա՜,

Ու ետ մինայիր, թող անքեզ մնամ,

Լինեմ անժպիտ, թափառող մի խենթ,

Հայացքով փնջեմ ուղիները կենտ"...


Աչքերս նաև ուղեկցում են քեզ,

Որ հեռացումիդ խոսքը չդրժես,

Որ երազներս անկատար, երեր

Չդառնան հանկարծ քո հոգուն էլ բեռ...


Որ վերելքներդ մի օր չխլեմ`

Իմ խենթ գույներին "գերի" դարձնեմ,

Քո չլինելուն այսօ՜ր վարժվեմ,

Երբ աշնան դեղնած ճեմուղով քայլեմ...


Բայց որքան լեզուս ասում է` "Գնա’ ",

Սիրտն իմ հուշում է` "Մի՜ քիչ էլ մնա",

Որ ժպտամ քեզնով աշխարհին ես դեռ,

Հայացքով հատեմ ուղիները կենտ...

 

Ինձ...ի՞նչ էր մնում


Այս մեծ աշխարհում, այս խենթ աշխարհում

Կարոտների բեռն ինձ բաժին ընկավ,

Ու կրեցի ես այն իմ ողջ կյանքում,

Դրանից էր, որ հոգիս համրացավ...


Եվ հորինեցի հեքիաթներ բազում,

Ու խաբկանքներով միտքս բթացավ,

Երբ ինձ մոռացան, լացեցի թաքուն,

Իսկ կորուստները հաշվեցի անձայն...


Քիչ բաժին հասավ, մնացի ես լուռ,

Շատը` կիսեցի, ինձ պետք չէր այդքան,

Ուրիշի ցավից էլ դարձա անքուն,

Աչքերիս լույսը պակասեց անգամ...


Բայց խենթ աշխարհը ավելի անգութ,

Նոր կարոտների հանգրվան դարձավ։

Եվ ինձ` ճամփորդիս, էլ ի՞նչ էր մնում.

Կրելով բեռն իմ` իրոք ամրանալ...

Տողատակում

 

Տարրալուծվում է կարոտը մթում,

Երբեմն մարում, հաճախ` առկայծում,

Աստղերը նայում, աչքով են անում.

Կարոտն իրենցից ԴԱսեր է քաղում...


Դա սեր է գուցե, որ երբ միանում,

Այլ իմաստով է տողերում շարվում,

Իսկ տողատակում հոգին է շիկնում,

Հույզերի ծովից անվերջ փոթորկվում...


Աստղերը վերից հանկարծ խենթանում,

Իրենց շիկնանքի տողերն են հաշվում,

Կարոտի աչքից դա չի վրիպում,

Մթում սիրո նոր դասեր է սերտում...

 

Ափիս մեջ...

 


Աշու'ն, ափիդ մեջ չեմ տեղավորվում,

Ինձ քո վառվռուն գույներն են գրկում,

Անձրևն իր խաղով մի համբույր պոկում,

Քամուն թևանցուկ` փախչում է, կորչում...


Աշուն, ափիս մեջ քեզ տեղ եմ բացում,

Այնտեղ երազիս հետքերն են մարում,

Գույներդ գուցե հենց իրենց գրկում

Վրձնեն թևանցուկ այն կորչող քամուն...