пятница, 20 ноября 2020 г.

ԻՆՉՊ՞ԵՍ ԱՊՐԵԼ...

 

Աշու'ն, սիրա՜ծ աշուն... ես չտեսա անցնող քո գույների երթը, խավարել էր աչքիս մայրամուտիդ ծեսը, արեգակը ուրիշ կրակով էր այրվել, իսկ երկինքը քանի՜ աչքի դուռ չէր փակել...

Դատարկվել եմ վաղուց, դատարկվել եմ այնպես, որ թե հանկարծ դու որոշես կրկին ցավս քամել՝ ոչ մի կաթիլ արցունք, անգամ սմքած կսկիծ էլ չես գտնի իմ մեջ...

Ես չե՜մ ապրում կարծես...մոլորվում եմ անվերջ...

Աշու'ն, սիրա՜ծ աշուն, քեզ չեմ ուզում ներել...այսքան ցավի, այսքան դավի համար թող որ հասցեատեր ես քե՜զ ընտրեմ...

Պատկերներն այս ամեն իմ տանիքն են տարել...այսքան բաց վերքերով ինչպե՞ս, ինչպե՜ս ապրել...

суббота, 7 ноября 2020 г.

Ամենաանհրաժեշտը...

   Անշնչացել է օրը։ Երկար սպասեց լավ լուրերի կապոցին: Ինչու՞ է դանդաղում ժամացույցի աշխատանքը...

   Ո՛չ, կյանքը չի ընդհատվել։ Այդ մենք ենք կտրել նրա որոշ նրբաթելեր ու դրանցով փորձում ենք կարել ժամանակի՝ մեզ համար ընդհատված կտորները։ Դրանք լեցուն են անծանոթ, բայց սիրելի պատկերներով, խտացած ցավով, ուրիշի՛ ցավով, որը թեև մերը չէ, բայց քամում է՝ մինչև վերջին բջիջը...

   Իսկ կա՞ ուրիշի ցավ...Չգիտեմ...Րոպեները դավաճանում են. չի երևում այն լավ լուրերի կապոցը... Սպասումը խեղդում է կոկորդը... օրվա՛ կոկորդը...

   Ահա՛ ժպիտներ...անծանոթ կերպարները կենդանացան, ժամացույցի կանգնած սլաքները սկսեցին աշխատել, անգամ սուրալ՝ այն բոցավառ ժպիտների ուղղությամբ...Կյանքը հիշեցրեց, որ ինչքան էլ ցավը հեկեկա մեր "ընդհատված" մտաշխարհում, հույսի անգամ բարակ թելերը մեզ կկապեն այսօրվա տագնապին, վաղվա բերկրանքին ու վառ կպահեն երեկվա խամրած լույսը...

   Միշտ էլ այդպես է եղել...Միշտ էլ, թեկուզ ուշացած, չվացուցակից մի փոքր հետ ընկած, բայց բացվել է լավ լուրերի կապոցը՝ օրվա ամենաանհրաժեշտ բաղադրատոմսը...


 

Ո՞վ տեսավ աշնան գույները թախծոտ,

Ո՞վ տարվեց նրա հեքիաթի դողով,

Ո՞վ փակեց աչքը՝ երկնքին կարոտ.

Այս հոգու ցավը կմարի՞ արդյոք...


Այս հոգու ցավը անհատակ է, խոր,

Մրմուռն է նրա պատերը ծակում...

Մի տեսակ անշունչ՝ ամեն բացվող օր

Կյանքի նեկտարից ավար է առնում...


Ո՞վ հետ կբերի գույները բոսոր,

Որ տարավ աշնան խաբկանքը իր մոտ,

Ո՞վ է բուժելու վերքերն այսքան խոր.

Գիտե լոկ Աստված՝ աղոթքն իմ լսող...