понедельник, 28 февраля 2011 г.

ԱՄԵՆ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ...



Ամեն գարնան հետ սիրտըս է բացվում ,
Ամեն ծաղիկն ինձ բույրն իր պարգևում .
Այդ բույրերից եմ գուցե խենթանում ,
Ամեն գարնան հետ սիրահար դառնում ...

Կարոտն ինձ համար չունի եղանակ ,
Ում եմ կարոտում` չգիտեմ անգամ.,
Բայց ամեն տարի, ամեն նոր գարնան
Այն օվկիանոս է դառնում անհատակ ...

Թախիծն է մեկից թևերն իր փռում ,
Առանց հարցնելու` տիրակալ դառնում .
Եվ ամեն գարնան մերթ գերվում եմ ես ,
Մերթ` ազատությամբ սավառնում անվերջ...

Սպասմամբ է լեցուն ամեն նոր օրը ,
Իսկ վերջալույսը` հույսերով մարող .
Լոկ մեղեդին է հոգուս թարգմանը ,
Որ վերծանում է ինձ ամեն գարուն ...

Ամեն գարնան հետ ինքըս ինձ եմ փնտրում
Հուշերի գրկում, ճերմակ էջերում .
Ու գտնելով ինձ` նորից եմ կորցնում ,
Մոլորվում այսպես ևս մեկ գարուն ...

пятница, 25 февраля 2011 г.

ՔՈ ԱՉՔԵՐԸ ...



Քո աչքերը ես չեմ տեսել երբեք ,
Ինչ կա թաքնված նրանց անհունում ...
Լույսի ստվեր է, թե` մթության հևք ,
Որ գույնն է լողում նրանց ափերում ...

Քո աչքերը մի անծանոթ աշխարհ ,
Չպեղված բեկոր, ճամփա են անհայտ ...
Իրողություն է, թե` անվերջ խաբկանք
Լու~ռ ուրվագծվում քարտեզում նրանց ...

Քո աչքերը իմ այցելուն են խենթ `
Առանց հրավեր, համարձակ այնպես ...
Չգիտեմ անգամ` նրանց վստահեմ ,
Թե` փակեմ բոլոր դռները անտես ...

Քո աչքերը կամ` շատ են հարազատ ,
Կամ էլ` օտար են, սառը, անտարբեր ...
Ու ինձ տանջում է մի մեծ հարցական `
ՔՈ ԱՉՔԵՐԸ ես ինչու չեմ տեսել ...


среда, 23 февраля 2011 г.

ԻՄ ԵՐԵԿՈՆ ...



Այսօր երեկոն առանց քեզ բացվեց ,
Իմ դուռը միայն անձրևը թակեց .
Չէի կարող այդ հյուրին չընդունել ,
Բեռը վերցրեցիխոնա~վ էր այնպես

Այսօր երեկոն մի բուռ լույս տվեց `
Հմայքն էր կորել, անփայլ էր կարծես .
Թվաց` փշրանքն էր քո խենթ հայացքի ,
Որ հեռվից անխոս ինձ պիտի շանթի

Այսօր երեկոն շղթաներ նետեց ,
Բայց ոչ ոտքերիս, կամ` ձեռքիս վրա .
Լեզվիս, շուրթերիս կապանքներ դրեց ,
Որ քո անունը լոկ գաղտնիք մնա ...


Այսօր երեկոն դանդա~ղ ընդհատվեց ,
Աչքը թարթում է մի խավար գիշեր .
Կարծես աստղերը գետնին են թափվել
Ու ոտքերիս տակ լապտերներ դարձել

Այսօր գիշերը առանց աստղերի
Ճամփա է բացել մի խենթ անցորդի .
Նա էլ կարոտից գույներ հավաքած `
Վառում է հույսի լույսերը մարած


пятница, 18 февраля 2011 г.

ԻՄ ՈՒ ՔՈ ՄԻՋԵՎ ...

Իմ ու քո միջև կա մեծ լռություն ,
Խեղդված արձագանք, չծնված շշուկ .
Կա չվերծանվող մի երկխոսություն ,
Անհատակ թախիծ, խտացած արցունք ...

Իմ ու քո միջև կա տարածություն ,
Օվկիանոս չէ դա, կամ` լեռան բարձունք .
Բևեռներ են լոկ` իրարից հեռու ,
Միմյանց ձեռք պարզած, որ չե~ն հասնելու ...

Իմ ու քո միջև կա մի մեծ տագնապ ,
Որ կշիռ չունի, կամ` չափման միավոր .
Այն սրտի զարկ է, ճիչ համատարած ,
Հոգու խռովք է, կամ` ձայն դողացող ...

Իմ ու քո միջև կա լո~կ խենթություն ,
Անթև երազանք ու անբոց կարոտ .
Անվերջ թվացող մենախոսություն `
Այնքա~ն թափանցիկ ու այնքան` լուսնոտ ...

Իմ ու քո միջև չկա հաշտություն ,
Կան լոկ գրազի մեկնված ձեռքե~ր ...
Իմ ու քո միջև որքան անանուն ,
Անծանոթ բան կա...որ դու չգիտես ...

четверг, 3 февраля 2011 г.

<<...ՄԻ ՔՆԻՐ >>



 

Քունս չի տանում, դու էլ մի քնիր,

Ունկնդրիր սրտիս փոթորկված երգը

Տերևի նման դողում է հոգիս.

Ո՞վ է գողացել նրա հանգիստը...

 

Տեսնու՞մ ես արդյոք սառած փաթիլներ,

Որ գալարվում են քամու նվագից,

Նրանք բերել են փոքրիկ բյուրեղներ 

Խոնավ աչքերի կապույտ հատակից...

 

Լսո՞ւմ ես արդյոք մարող շշուկներ,

Որ ունկիդ հասնում, հառնում են նորից.

Դրանք թափառող արձագանքներ են`

Պոկված համր ու կարկամ շուրթերից...

 

Քեզ ի՞նչ պատահեց, դողում է ձայնդ,

Իմ անուրջնե՞րն ես միամիտ գրկել,

Շփոթվել ես դու, բա'ց թող ձեռքերդ,

Սովոր չեն նրանք, կարող են հալչել...

 

Այդ ի՞նչ ես անում, ինչու՞ ես սրբում

Իմ կապույտ-կապույտ արտասուքները.

Թող որ լուռ հոսեն, որ հոգուս խորքում

Չմնան հանկարծ նրանց հետքերը...

 

Հոգնեցի՞ր արդեն, ուզում ես քնե՞լ.

Քեզ մոտ եմ ճամփում իմ երազները,

Ես էլ աստղերի բեռը հավաքեմ,

 Գնամ գտնելու հոգուս եզրերը...