воскресенье, 31 июля 2011 г.

ԿԱՐՈՏԻ ԾՈՎ ...


Հոգուս երկնքում Լուսին կա պահված
Ու տաք գոլորշի` արցունքից պոկված ,
Թափառող գույներ, որ երկինք հառնել ,
Այնտեղից Սև-Վան բիբերն են ներկել ...

Լճի կոպերից արցունք է կախվել ,
Նրա աչքերը բաց են մնացել ,
Նա էլ է ինձ պես երազի ծովում
Մոլորվել հանկարծ ու ելք չի գտնում ...

Լիճը լավ գիտի լեզուն կարոտի ,
Իր մեջ է պահում գաղտնիք մի լռին ,
Դա թաքնված է նրա խորքերում ,
Սրտի պես խորունկ գունեղ շերտերում ...

Իմ Վանա ծովի կարոտն է հաճախ
Ծփում խելագար նրա ափերում ,
Ու մոլեգնում է լիճը Սևանա ,
Քարերին թողնում մորմոքը հոգու ...

Դրա համար էլ կապույտի թևով
Կամ թեկուզ հեռվից վրձնի հարվածով
Ուր էլ խտանան գույները մի օր
Կհառնեն որպես կարոտի խոր ծով ...


среда, 13 июля 2011 г.


Գիտե՞ս՝ թախիծը որտեղ է ապրում -
Իմ կոպերի տակ, քո լու՜ռ հայացքում ...


Գիտե՞ս՝ աչքերըս ինչու չեմ բացում -
Դու' ես բնակվում նրանց խորքերում ...

Գիտե՞ս՝ երկինքը ինչու է ամպում -
Քե՜զ է վերևից անընդհատ նայում ...


Գիտե՞ս՝ ձեռքերըս ինչու չեմ պարզում -
Շղթայակապ են, գամված՝ զնդանում ...

Գիտե՞ս, թե սիրտըս ինչպես է զարկում -
Որոտի նման, հետո՝ անձրևում...


Իսկ գիտե՞ս՝ միտքըս ուր է ինձ տանում -
Լուսնին հարցրու ... տեսե՜լ է հեռվում...


вторник, 12 июля 2011 г.

ՄԻ ՀԻՆ ԿԱՐՈՏ...


Մի հին կարոտ կանչում է ինձ, ձեռքով անում ,
Մի հին կարոտ ապրում է միշտ սրտիս խորքում ...
Չեմ հասկանում հաճախ կարծես նրա լեզուն .
Գաղտինք ունի,թե` շատ է հին, շատ` անանուն ...

Մի հին կարոտ ինձ տանում է ճամփով անհայտ ,
Մի հին կարոտ շղթաներ է նետում հանկարծ ...
Ոտքերըս` թույլ, լեզուս` կապված, հոգիս` անկամ .
Գերությունն այդ, բայց, ինչու է ինձ ... հարազատ ...

Մի հին կարոտ ինձ թողնում է ու ...հեռանում ,
Մի հին կարոտ չի հասկանում` ինչ է անում ,
Որովհետև այն իմ արյանն է խառնվել .
Ես չեմ կարող նրան ինձնից կիսել, բեկել ...

Մի հին կարոտ ուր էլ գնա, կգա ինձ մոտ ,
Կպարգևի ճառագայթներ դեռ արևոտ ...
Վերադարձին կհասկանամ նրա լեզուն ,
Կվերծանեմ ամեն մասնիկ, ամեն հնչյուն ...

Մի հին կարոտ, համաձայն եմ, թող տեր դառնա ,
Իշխի հոգուս, տիրի սրտիս, միայն` մնա ...
Որ գույները իմ խենթ կյանքում չպակասեն ,
Տիեզերքում մի հին ու նոր կարոտ հյուսեն ...