суббота, 14 декабря 2013 г.

Ես եմ, ՍԻՐԵԼԻ՛Ս...


Կարոտըդ տեսա ես այս երեկո-
Այն խտացել էր մի փաթիլի մեջ,
Իջնում էր հանդարտ, հպվում քնքշանքով,
Ասես երազն էր ամբարել իր հետ...

Կարոտիդ կողքով փորձեցի անցնել,
Տենչացի, որ այն ինձ չնկատի,
Բայց այնպես թաքուն նա ինձ մոտեցել,
Ու շշնջում էր՝<< ես եմ, սիրելի՛ս...>>...

Կարոտըդ որքան թաքցնել փորձես-
Այն փախչելու է իր թաքըստոցից,
Մի՛ փորձիր նրան երբևէ բանտել,
Քանզի ծնվել է նա ձյան փաթիլից...


ՄԻ ՕՐ....


Փաթիլների պես մի օր կձուլվեն,
Կփարվեն իրար կարոտները մեր,
Կպատմեն մի օր փաթիլները խենթ,
Թե որքան շատ եմ ես քեզ կարոտել...


пятница, 29 ноября 2013 г.

ԵՐԱԶԻ ԳՐԿՈՒՄ


Այսօր երազն ինձ թող ամուր գրկի,
Թող ինձ մի կտոր անուրջ նվիրի,
Թող ձուլվեմ մի պահ անուրջի դողին,
Հավատամ իմ հին հեքիաթասացին...


Այսօր հեքիաթում թող օրս մարի,
Գույների տարափանձրև ինձ բերի,
Անձրևի շուրթին երգը այն հնչի,
Որով իմ հոգին անզու՜յգ կպարի...


Այսօր անձրևը թող չդադարի,
Ռիթմերը սրտիս իր հոսքով չափի,
Իսկ թե երկինքը դռներն իր փակի՝
Երազի գի՛րկը տունն իմ կլինի...


суббота, 2 ноября 2013 г.

ՔԱՅԼ՝ երգով....


Լույսը բարակել է, մութը սրտակեր է-
Հույսն է օրորում երազը էլի,
Աչքը մշուշվել էմիտքը դեգերում է,
Գիշերը լուռ է, անուրջը՝թերի...

Մութը խտացել է, սիրտը վարարել է-
Պատնեշն իզուր է, գութը՝ անտեղի,
Կրակը անլույս էհուշը գոց կանթեղ է,
Որ ամբողջ մի կյանք կըլուսավորի...

Քայլերը երգ են, երգերը վերք են,
Հույսը և դեղ է և՝ քայլ ապառնի,
Միտքը մերթ վազք էմերթ՝լռող գիշեր,
Լույսի հետ թող որ անուրջը թևի...


понедельник, 7 октября 2013 г.

Աշուն՝ աշնան մեջ


Որտեղի՞ց այսքան ձմեռ՝ աշնան մեջ-
Տերև ու փաթիլ իրար են բախվել,
Մի տեղ տենդում է երազը ավեր,
Մի այլ տեղ՝ մրսում հույսը բնավեր...

Որտեղի՞ց այսչափ մուրացող ձեռքեր-
Սեր չկա վաղուց, մանուկ են մորթել,
Փշրանքը նրա նետել են մի տեղ,
Մեկ այլ տեղ՝ փրկել փոքրիկ մի ծվեն...

Որտեղի՞ց գտնեմ աշուն՝ աշնան մեջ,
Որ միմյանց փարվեն և գույն և ստվեր,
Որ երազները միշտ ունենան տեր,
Որ հույսը դառնա ամենուր տանտեր...

Ուզում եմ տեսնել աշուն՝ աշնան մեջ...


суббота, 5 октября 2013 г.

ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ


Որքան ուզում է օրը երկարի՝
Անլույս է նրա վերջը լինելու,
Որքան ուզում է խավարը ձգվի՝
Նոր բացվող օրը հույս է բերելու ...

Որքան ուզում է անցյալը փայլի՝
Նրա քայլերը ետ են տանելու,
Որքան ուզում է կարոտը մաշվի՝
Ներկան հետո է նրան հիշելու...

Որքան ուզում է հույսը բարակի՝
Հավատն է նրան ամուր գրկելու,
Որան ուզում է շղթան այս ձգվի՝
Մտքի կծիկը չի վերջանալու...


суббота, 14 сентября 2013 г.

ԱՆՑՅԱԼԻ ԽԱՂԸ


Անցյալը մի օր ինձ այցի եկավ-
Այնպես մոտիկ էր տաք շունչը նրա ,
Ներկայից պոկվեց մի գունեղ շղթա ,
Կամրջեց մի պահ երեկն ու հիման ...

Անցյալը մի պահ ինձ անսուտ թվաց
/Միշտ էլ խաբել էր նա իր երազով/ ,
Երազ ու պատրանք այնքան մոտեցան ,
Որ տեսա ներկան իրական տեսքով ...

Անցյալին թվաց՝ հաղթել է իրավ ,
Թաքցրել դեմքը, հեռացել անձայն ,
Իսկ ներկան հուշեց՝ <<պետք չես ինձ բնավ ,
Քեզ համար ինձ մոտ վաղու՜ց տեղ չկա >> ...

Անցյալն այդպես էլ գեթ չհասկացավ ,
Որ շունչը իր տաք պատել էր սառցով ,
Միայն պատրանքն էր նրա մեծ ընծան՝
Մնաց ներկայից գոնե մեկ օրով ...


ԴՈՒ ԿԱՍ....


Դու կաս այնքանով, որքանով ես կամ ՝
Իմ հոգու խորքում և սրտիս վրա ,
Ուր ներխուժել ես այնպես աննկատ ,
Որ ելքի ճամփան չգիտես անգամ ...

Ես էլ չգիտեմ, թե ամեն անգամ
Ինչպես իմ սրտի դռները բանամ ,
Հետո անշշուկ, գուցեև՝ տարտամ
Թողնեմ մի ըստվեր ու լուռ հեռանամ ...

Հեռանամ այնպես, որ քեզ մոտ լինեմ ,
Որ տարածության ձեռքերը կարճեմ ,
Որ ժամանակի քայլերը շեղեմ
Ու խենթ կարոտի օվկիանը ճեղքեմ ...

Ես կամ այնքանով, որքանով <<դու կաս>> ՝
Ինչ էլ որ լինես՝ անգո, թե՝ երազ ...
Թող լռությունը միտքը իմ կարդա ՝
Մինչ դու կգտնես ելքի մի ճամփա ...


суббота, 11 мая 2013 г.

ԱԼԻՔՎՈՂ ՀՈՒՇ


Քեզ տեսա հեռվում, ինձ էլ տեսար դու,
Պատնեշ կա՝ մի օր կամուրջ է դառնում,
Ալիքվող հուշը իր երգն էր երգում,
Կարոտի ձայնը կարծես չէր լսվում ...

Ես քայլում էի, քայլում էիր դու,
Տարածություն կա՝ սրտով է չափվում,
Ես փնտրում էի աչքերիդ հեռուն,
Դու թերթում էիր էջերն իմ հոգու...

Հեռացա քեզնից, գնացիր և դու,
Կամուրջներ կան, որ բնա՜վ չեն այրվում,
Դու տարար քեզ հետ մոտիկ մի հնչյուն,
Ես էլ թաքցրի ալիքվող նոր հուշ...


понедельник, 6 мая 2013 г.

Այսօրը ՎԱՂԸ ՉԷ


Երեկը այսօրվա ստվերն է-
Անձրևը թող դրսում լու՜ռ մաղվի,
Սյսօրը այնքան էլ վաղը չէ-
Երազը լայնաթև թող ճախրի...

Աչքերը թաքցրած ժպիտ են-
Թող խոսեն վարանոտ, մեկուսի,
Ձեռքերը այդքան էլ ուժեղ չեն,
Որ փշրեն լռության պիրկ գոտին...

Քայլերը փրկության միջոց են,
Որ տանեն տնքոցը կարոտի,
Այսօրը բնա՜վ էլ վաղը չէ-
Երազը թող հեռվում անձրևի...


воскресенье, 7 апреля 2013 г.

ՄԻ ՊԱՀ .............


Անցյալը մի պահ իմ կողքով անցավ,
Ներկային դիպավ քնքշանքը նրա,
Բանտված երազը զույգ թևեր առավ,
Ու ես տարվեցի սլացքով  նրա...

Ու ես սիրեցի երազի ճամփան,
Արբեցի նրա արարման ոգով,
Ու ես փորձեցի թեկուզ՝ աննկատ,
Մասնիկ ունենալ նրանից մի օր...

Անցնող օրերը ինձ պարգև դարձան,
Նրանց շուրթերին երազներ հանգան...
Այսպես սիրեցի ես անցյալն անգամ,
Քանզի հենց այնտեղ գտա իմ ներկան...


пятница, 5 апреля 2013 г.

ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ


Անցյալն ու ներկան իրենց փոթորկով
Իմ կյանքի կառքն են վաղուց մտրակել,
Անտարբերության սառը ձեռքերով
Օրերիս դուռը թախծով եղյամել...

Ես էլ իմ ճամփին զույգ աչքեր տեսա,
Որ օվկիանացող կարոտներ ունեն,
Տարիներ հետո միայն հասկացա՝
Անցյալն ու ներկան ապագա չունեն...

Ու որքան կապտեն աչքերը այն ջինջ,
Ոչինչ չի փոխվի իր ընթացքի մեջ,
Անտարբերության քարե մի ժպիտ
Կձուլվի անխոս օրերի հետ խենթ...

....................................................................

Անցյալն ու ներկան գուցե իմը չե՞ն...