четверг, 29 апреля 2010 г.

ՔՈ ՎԵՐԱԴԱՐՁԸ...



Ես սպասում էի քո վերադարձին...
Ու դու չուշացար...եկար,որ կրկին
Անցնեմ անցյալի իմ ծանոթ ուղին,
Շուրթիս` արցունքի սառած գոլորշին...

Ես փնտրում էի քո վերադարձը...
Ճերմակից պոկված թղթի մի կտոր
Ինձ խոստանում էր անհնարինը,
Ինձ պարգևում էր երազանքներ նոր...

Ճերմակի վրա կապույտով գրված
Մի անդարձ սիրո անմար կնիք կար,
Որ իմ մատների ամեն հպումից
Պատմում էր անվերջ քո վերադարձից...

Մաշվող օրերը, տարիներն անցնող
Ջինջ էին պահում իմ երազանքը
Ու մերթ քնքշությամբ, մերթ էլ` խոր ցավով
Շշնջում ունկիս քո վերադարձը...

Իսկ ես հնազանդ, նույնիսկ` շատ հլու,
Պատրաստ` մերժումի ցավը տանելու
Ու ճշմարտության աչքին նայելու`
Լուռ տենչում էի քո վերադարձը...

Թող որ անմարմին երազի տեսքով,
Թող որ <շղթայված> ու <թերի> խոսքով,
Թեկուզ` մեկնումի հետադարձ տոմսով
ԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ՔՈ ՎԵՐԱԴԱՐՁԸ...
/29.04.2010թ./


ՔՈ ՀԵՌԱՑՈՒՄԸ...



Ինչ դու գնացել ես` դրսում անձրևում է,
Սիրտս ապստամբ է, հոգիս արտասվում է...

Ինչ դու հեռացել ես` ես ինձ կորցրել եմ,
Մոլորվել եմ այնպես, որ <չեմ ուզում> գեթ ելք...

Այն, ինչ մնացել է` կապույտ մի մշուշ է,
Խոնավ թարթիչներ են ու արծաթվող թելեր...

Այն, ինչ հիմա ունեմ` հոգուց պոկված ճիչ է,
Լուռ աղոթող շուրթեր, անթարթ նայող աչքեր...

Բայց ես...դեռ սպասում եմ, որ անձրևը հոգնի,
Սիրտը իմ հանդարտվի, հոգին` ժպտա կրկին...

Որ ես գտնեմ նորից այն <խենթ մոլորվածին>,
Ով ողջ մի կյանք ապրեց` հայացքը անցյալին...


понедельник, 26 апреля 2010 г.

ՄԻ ԶՈՒՅԳ ԱՉՔԵՐ



Ես փնտրում եմ ու չեմ գտնում
Մի զույգ աչքեր, որ ինձ գերել,
Շղթայել են ձիգ տարիներ...

Ամեն մեկի դեմքին նայում
Ու գտնում եմ փոքրիկ հյուլե,
Բայց ոչ երբեք այն կրակը,
Որի բոցից հալվեց սիրտըս,
Բայց ոչ երբեք այն հայացքը,
Որի գերին դարձա ինքըս,
Եվ ոչ երբեք այն կարոտը,
Որին ծարավ մնաց կյանքըս...

Ես փնտրում եմ ու կգտնեմ
Ուրիշ աչքեր, որ կփորձեն
Ինձ շղթայել ձիգ տարիներ...

Ամեն մեկի դեմքին գուցե
Տեսնեմ այրող մեկ այլ կրակ,
Ուրիշ, ուրիշ գույների խաղ,
Ուրիշ կարոտ` ինձ անծանոթ,
Բայց ոչ երբեք` սիրտ ջերմացնող,
Բայց ոչ երբեք` հավերժ գերող,
Եվ ոչ` հոգու ծարավ մարող...

Ես փնտրեցի...գտա...ավաղ...
Լուռ թափառող մի ճամփորդի,
Որ ողջ մի կյանք գերված մնաց
Անդարձ կորած ԶՈՒՅԳ ԱՉՔԵՐԻ...


понедельник, 19 апреля 2010 г.

ՔԱՄՈՒ ԱՊՏԱԿԸ



Այս երեկո կրկին միասին էինք.
Ես էի, դու էիր և մոմը արթուն,
Ծով աչքերով այնպես ծիծաղում էիր,
Մոռացվել էին բառերը < լպրծուն>...

Երկխոսություն կար` անձայն, անշշուկ.
Մի պահ կանգնել էր ժամանակն անսանձ,
Ականջը լարել և ունկն էր դնում
Հառաչանքներին` սրտերից պոկված...

Բառերն այդպես էլ չհագան զգեստ.
Եվ այսպես անցավ երեկոն, ավաղ,
Քամին ապտակով մոմը հանգցրեց`
Չքացան հանկարծ աչքեր ու ծիծաղ...


суббота, 17 апреля 2010 г.

ԻՄ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ



Դու գիտես արդյոք
Իմ տառապանքի սահմաններն անտես,
Կամ էլ` ծանոթ ես կարոտ կոչվածի կապույտ լանջերին...?
Որ հանկարծ փարվում ու գրկում են քեզ,
Փորձելով հանել քեզ կյանքիդ հունից,
Ջանալով դարձնել քեզ իրենց գերին...

Ծանոթ ես արդյոք ...?
Եթե`ոչ, ապա երանի է քեզ,
Իսկ, եթե` այո...
Ուրեմն սպասիր ու պատասխանիր,
Թե ուր են տանում
Իմ տառապանքի սահմաններն անտես...
Դեպի լանջերը կարոտ կոչվածի ???...

Բայց, բավական է, կապտել եմ ինքս
Եվ այնքան վաղուց / երևի գիտես /,
Որ մտածել եմ , դե լսիր, թե` ինչ...
Կամ փշրելու ես իմ տառապանքի սահմանները` ԴՈւ,
Կամ` դառնալու ես ԿԱՊՈՒՅՏ ԿԱՐՈՏԻ չսպասված ԳԵՐԻՆ...
Ընտրությունը` քեզ...հասկացար արդյոք ???....


понедельник, 12 апреля 2010 г.

ԻՆՉՈՒ՞ ՉԵՄ ԿԱՐՈՂ...



Ինչու՞ չեմ կարող քեզ սիրել կրկին,
Զգալ աչքերիդ շոյանքը թովիչ,
Ափերիդ ջերմը, որի հպումից
Բռնկվեց իմ մեջ հրդեհի ալիք...

Ինչո՞ւ չեմ կարող կարոտս մարել`
Քեզ ունենալով ընդմիշտ իմ կողքին,
Հուշեր չխրձել, երազ չհյուսել,
Լոկ ներկան ապրել քո գրկում, սեր իմ...

Ինչու՞ չեմ կարող այսքան անհասցե,
Այսքան արցունքոտ տողեր չգրել,
Գեթ մի օր գոնե մոռանալ տեղդ,
Ինձ իմ անցյալի գրկից ետ բերել...

Ինչու՞ կարող եմ դեռ խենթանալ ես,
Իմ հոգու խորքում քեզ անվերջ կրել
<<Անցյալ ու ներկա>> կամրջով քայլել,
Քեզնով, քո միջով ապագա տեսնել...


воскресенье, 4 апреля 2010 г.

ԱՆԱՓ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ



Կարոտս` կապույտ օվկիան անհատակ,
Սերս` կապույտում լողացող մի նավ,
Լույս անուրջներս` առագաստ ճերմակ,
Իսկ ես` խելագար, անփույթ նավավար...

Այսպես իրար հետ ճամփա ենք ելել
Ու նավարկում ենք կապույտում անափ,
Քամին խաղում է իմ խենթ նավի հետ,
Ուզում տանել այն մեկ այլ ուղղությամբ...

Լոկ առագաստն է այս ընթացքի մեջ
Փորձում դիմանալ անգամ հողմերին.
Ու պայքարում է, մարտնչում անվերջ`
Այն ճիշտ է գտնում իր անցած ուղին...

Հավատարիմ է առագաստն ամուր,
Չի դավաճանի իր նավավարին`
Անգամ թեկուզև օվկիանը անգութ
Ձեռնոց էլ նետի այդ փոքրիկ նավին...

Բայց, դե, որքան էլ նավն ամուր լինի`
Անչափ անփույթ է նավավարն անփորձ,
Ձայնում է հաճախ հողմերի կանչին,
Հաճախ է տարվում քամու զրույցով...

Իսկ հետո, երբ որ մենակ է մնում
Լոկ իր սիրո և անուրջների հետ`
Ամեն ինչ այնպես հստակ է դառնում,
Քամին, հողմերն էլ` անցյալի պատկեր...

суббота, 3 апреля 2010 г.

ԱՆՀԱՍՑԵ ՆԱՄԱԿ


Հոգիս փոթորկվել աշնան թախիծից,
Կապույտին նետված ծրար է դարձել,
Ու նվաղելով սիրտս կարոտից
Իր նոր ու ճերմակ էջերն է պարզել...

Եվ գրում եմ ես խենթ ու խելագար
Իմ կարոտների ու սիրո մասին.
Մտքերն իմ ճախրող, խոհերն իմ մոլար
Չեն ուզում հասնել մոտ հանգրվանին...

Ու բազմերանգ են գույներն իմ դարձել`
Աշնան թափառող պատկերների պես.
Կապույտն է արդյոք, թե դեղինը պերճ
Իմ պարանոցին շղարշն իր նետել...

Ու թափառում եմ գույնի աշխարհում,
Փնտրում կարոտի կապույտ մեղեդին.
Դեղինն էլ սիրո նոր լույս է վառում,
Բայց չեմ գտնում ես դեռ իմ <<ցանկալին>>...

Այնքան նվազ է մեղեդու զարկը,
Եվ այնպես խամրած` դեղինի ոսկին.
Այդ գույների մեջ չկա այն պարը,
Որով սիրտըս է չափում ռիթմերն իր...

Իսկ ես պարել եմ ուզում խելագար,
Պարել այս աշնան վալսը խենթացնող.
Պտտվել անվերջ, մոլորվել հանկարծ`
Փնտրելով նոր գույն, սիրո նոր մի տող...

Խելագար վալսի պտույտների մեջ,
Մոռացած և գույն և անցած հուշեր,
Այնպես կուզեի ես գեթ <<ինձ>> գտնել
Եվ քեզ` իմ սիրո <<անհասցե ասպետ>>...