среда, 28 декабря 2011 г.

ՔԱՐԵ տառապանք


Իմ տառապանքից ես կկառուցեմ
Քարե կերտվածքով մի անհայտ քաղաք ,
Դիոգենեսյան անթիվ տակառներ
Գուցե հանդիպեն անցորդին հաճախ ...

Իմ տառապանքի անհայտ քաղաքում
Կշրջեն բազում անծանոթ մարդիկ ,
Նրանց տուն պետք չէ, ամեն տակառում
Կգտնեն նաև շուն հավատարիմ ...

Իմ տառապանքի քարե դասերով
Կզինեմ մարդկանց կամքը նվաղուն ,
Իսկ հոգին կօծեմ լապտերի լույսով ,
Որ դարձի ճամփան գտնեն անկորուստ ...


ՀՈԳՈՒՍ հոգսերը ...


Հոգուս հոգսերը շատ են հնացել ,
Հոգուս թռիչքը սահմանն է հատել ,
Երկիրը կարծես չի տանում նրան ,
Լոկ Տիեզերքն է հուսո հանգրվան...

Հոգուս մտքերը խառն են ու ցրիվ ,
Հաճախ են < ոռնում > լույսի կորստից ,
Հաճախ են բանտում խավարի որդուն ,
Շղթաներ փշրում հոգուս ընդերքում ...

Հոգուս աչքերը չեն փակվում վաղուց ,
Քանի որ ՄԱՐԴՆ է հեռացել մարդուց ,
Հայացքը նրա հեռուն է ասես ,
Կամ էլ` ԱՐԱՐՉԻ հրաշքին անտես ...

Հոգուս շուրթերը փակ էլ կմնան ,
Նրա հոգսերը դեռ կնորանան ,
Որ մի օր պայթեն հույսի երկնքում ,
Դառնան փրկօղակ հոգու օվկիանում ...


понедельник, 26 декабря 2011 г.

Սերը` ԳԱՂՏՆԻՔ


Սիրո գաղտնիքն էլ իր գաղտնիքն ունի .
Դա թաքնված է մեծ Տիեզերքում ...
Մրմունջը հոգու, տարփանքը սրտի ,
Հրձիգը լույսի այստեղ են մարում ...

Մարում են, սակայն Երկրի շապիկին ,
Անապատային տենդոտ մշուշում
Մի վայրի ծաղիկ ասելիք ունի `
Շուրթերը նրա սիրուց են բացվում ...

Բացվում են գուցե` աղոթք հնչեցնեն ,
Կամ էլ` ամփոփվեն սրտի հատակում ,
Ինչպես օվկիանում հավատարմորեն
Մարգարիտն է իր պատյանում լռում ...

Լռում է այնքան, մինչ` օրից մի օր
Ինչ-որ սիրատենչ ձեռքի է հպվում
Ու կապանքներից իր ազատվելով
Աշխարհին ուղղված բացիկ է դառնում ...


Հետո բացիկն այդ աստղերն են վերցնում ,
Որ կարդան լուսնի պաղ հայացքի տակ
Ու փորձեն բանալ մեծ Տիեզերքում
Սիրո գաղտնիքը խորն ու անհատակ ...


суббота, 24 декабря 2011 г.

Գրիչը` ՎԸՐՁԻՆ


Թե վըրձին դառնա գրիչըս մի օր ,
Ես այն կցողեմ հոգուս գույներով ,
Ճերմակ թղթերը կտավ կդարձնեմ ,
Մտքիս կանթեղով եզրեր կգծեմ ...

Թույլ կտամ վըրձնին գործի անվարան
Ու կյանք հաղորդի ճերմակին անհայտ ,
Ինչեր կծնվեն հպումից նրա `
Ոչ ոք չգիտե ... թող գաղտնիք մնա ...

/ Թող գաղտնիք մնա այնքան ժամանակ ,
Քանի դեռ խորթ են սառույց ու կրակ ,
Քանի դեռ լույսը < մութ > ունի իր մեջ ,
Մութն էլ կրում է դեռ < լուսե > աչքեր .../

...Երազն անվերջ է, պատրանքը` գերող ,
Թող գերվի լույսն էլ վըրձնի հարվածով ,
Խտանա անգամ խավարի սրտում
Ու դառնա կանթեղ մարդկային հոգում ...


пятница, 23 декабря 2011 г.

ՍՐՏԻ ՓԱԿԱՆԸ


Եթե գիրք դառնա սիրտըս երբևէ `
Այն քո ձեռքերին միայն կհանձնեմ ,
Փականը նրա լոկ դու կտեսնես ,
Քանզի բանալին վաղուց ես գտել ...

Խնամքով թերթիր էջերը նրա `
Այնտեղ թաքցրած անտիպ տողեր կան ,
Ձեռքիդ հպումից գուցե խենթանա
Ամեն թերթիկն ու երկինք բարձրանա ..

Ձուլվի աստղերի համըր զրույցին ,
Այրվի, բոցկլտա ընդդեմ խավարի ,
Բորբոքի մարած կրակն < աչքերի >
Ու վերադարձին իր հետ լույս բերի ...

Իսկ եթե հանկարծ դու կարդալ չուզես `
Սոսնձիր որոշ չգրված էջեր ,
Այնտեղից մի օր կծնվեն լույսեր ,
Քանզի քո ձեռքն է փականին դիպել ...


вторник, 20 декабря 2011 г.

ՀԱՐԲԱԾ ՆԱՄԱԿ ...


Դու հեռացել ես ու ինձ թողել
փշրանքներ լույսի ,
Մայթերին թափված աստղերն ես
անգամ սրբել ու տարել ,
Հոգուս գույները քերվել են, չկան ,
իսկ նրանց փոշին
Լուռ խառնվել է թափված արցունքիս
ամեն կաթիլին ...

Հեռվում շառագունում է ամպրոպը հույսի
Ու ես ծրարում եմ մտքիս պահեստը`
հանձնելով թղթին ...

Թուղթը հոգնել է , հանգիստ է տենչում ,
Չի ուզում սրտիս անկումը տեսնել ,
Որ տողից տող է վայրէջքն իր փնտրում ,
Կամ էլ` առանց հանգ ձգտում է ճախրել ...

Դու հեռացել ես ու ինձ թողել
կածաններ լույսի ,
Բայց երբ մոտենում եմ դարպասին նրա
Հեռվից ամպրոպն է ճայթում իմ գլխին ,
Ու ծրարվում է հույսըս ակամա ...

Երբ վերադառնաս ...
Կգտնես գուցե անհասցե նամակ ,
Որը հարբել է ճերմակ էջերով ...
Թաքցրու այնտեղ հույսըս << խորտակված >> ,
Իսկ դու էլ ապրիր իմ << փրկած >> լույսով ...


суббота, 17 декабря 2011 г.

ՄԻԱՅՆ ԱՅՍՕՐ ...


Միայն այսօր իմ երազը դարձիր ,
Դարձիր փոթորիկ, գրկիր ինձ ամուր ,
Հեռու աստղերի գաղտնիքներն անծիր
Թող հետազոտեմ քո տաքուկ գրկում ...

Միայն այսօր իմ հեքիաթը դարձիր ,
Օգնիր,որ ես էլ մի պահ մանկանամ ,
Հավատամ իմ խենթ հեքիաթասացին
Ու իր հետ անխոսք հեքիաթում մնամ ...

Միայն այսօր ինձ բառեր շշնջա ,
Խոսքեր հասարա~կ, ցանկալի այնքան ,
Որ ես շփոթվեմ, բառերից հարբած
Շիկնանքով մատնեմ հույզըս թաքցրած ...

Միայն այսօր ինձ օրորիր հույսով ,
Որ իմ ներկայից շատ չվախենամ ,
Որ հույսը գրկած` ես անցնեմ քնով ,
Անուրջի ճերմակ դռները բանամ ...

Միայն այսօր իմ այցելուն դարձիր ,
Ոտքերըդ` ամպոտ, երազըս` փրկած ,
Իսկ թե լուսինն ինձ քնից արթնացնի ,
Աչքերըդ թող ինձ, դու հանգիստ գնա ...


среда, 14 декабря 2011 г.

ԵՐԱԶԻ ՁԱՅՆԸ


Փոթորիկներ կան, որ ծնվում մեկից
Ու ավերում են հոգում ամեն բան ,
Երբ նայում շուրջըդ, չես տեսնում կողքից ,
Թե ինչպիսին է սավանն այս ձմռան ...

Երկրաշարժեր կան, որ ցնցում միտքըդ
Ու քանդում են քո տունը երազի ,
Դեգերում ես լուռ` բարուրած հույսըդ ,
Թե փարվելու ես փրկված բեկորի ...

Հրաբուխներ կան, որ ժայթքում ներսում
Ու քարանում են սրտիդ հատակում ,
Փակում կարոտի շուրթերը ճաքած ,
Ասֆալտում սիրո հունդերը բացված ...

Ջրհեղեղներ կան, որ թեև դանդա~ղ ,
Բայց անգթորեն ջրով են ծածկում
Մտքիդ կածանը, հորիզոնն անգամ
Ու քեզ մնում է լոկ խեղդվել...ճահճում ...

Այսքանից բացի կան և ամպրոպներ ,
Բացվում են հանկարծ երկնքի սրտում ,
Նրանց մոլուցքից ծնվում են լույսեր
Ու վերականգնում ամենն իր տեղում ...

Ու դու տեսնում ես սավանը ձմռան ,
Նրա կուսական մաքրությամբ արբում
Եվ պատկերները անցյալում թողած
Քայլում ես առաջ ... երազն է ձայնում ...


воскресенье, 11 декабря 2011 г.


Պոկվել է լուսնից մի կտոր սառույց ,
Ընկել երազիս հենց շեմի վրա
Ու ամեն անգամ, երբ մտնում եմ տուն
Ինձ հետ տանում եմ դողը ձմեռվա ...

Ցուրտը մտնում է երակներիս մեջ ,
Հոսում արյան պես և այնքան արագ ,
Որ ինձ թվում է, թե էլ երբևէ
Տաք օրվա շունչը կողքիս չեմ զգա ...

Եվ ինձ թվում է,թե լուսնի շնչից
Իմ երազների երազն է մարել ,
Մինչ` օրեր առաջ, դեռ ամռան տապին
Այն կարող էր լոկ հեքիաթներ սնել ...

Իրոք, ունայն են կյանքում բան ու գործ`
Նման ձմեռվա լուսնի սառույցին ,
Լոկ հաստատուն է ՈՒԺԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ,
Որ հար կապրեցնի երազի փոշին ...