вторник, 31 января 2017 г.



Ձմե՜ռ,հոգնեցի քո սառցե խաղից,
Սառած մտքերից նվաղեց հոգիս,
Քեզ պահիր ամպած հուշերի փոշին,
Ես ճամփա ընկնեմ...փարվեմ գալիքին...



Ինչու՞ ...
Երբ բազմակետերն են խոսքերին հաղթում,ոչինչ չի մնում հարցնել...Այնպես կքայլեի ստորակետի ձեռքը բռնած,որ նա էլ քո ձեռքը չթողներ ...

Դու էլ քայլեցիր,բայց կոտրված ապակիների վրայով...չնկատեցիր,որ իմ սիրտն էր քո ոտքերի տակ....Չվնասվեցի՜ր ...Այսօր իմ սիրտն է կրում քո քայլերի սպիացած հետքերը...
Ոչ մի կետադրական նշան չի կարող պաշտպանել երազի տունը,երբ այն փլվում է մի բութ հարվածից...

Որքա՜ն կուզեի երկարացնել անուրջի թելը,բայց այն կտրվեց կառամատույցում, երբ գնացքի շչակը շեշտեց մեկնումի վերջակետը,իսկ ես ուժ չունեցա ձգել այդ թելը...մենակ չէի կարող...

Հիմա էլ չեմ կարող...դրա համար դիմում եմ բազմակետերի օգնությանը....Նրանք ինձ փրկում են հարցականներից...


Մի՜ փնտրիր այնտեղ,ուր վաղուց չկամ,
Ուր սպասել է քեզ մի անթարթ հայացք...
Ուր ծովանում էր կարոտը անձայն,
Բայց...ծովանալով՝գոլորշի դարձավ...

Ոչինչ հենց այնպես չի անհետանում,
Ոչինչ հենց այնպես չի ծնվում-մեռնում,
Երկնքի քողը ամեն օր բացվում,
Նոր օրվա երգն է ավետիս դառնում...

Իսկ իմ օրերը մեկից դատարկվում,
Քո ներկայության բացն էին գուժում,
Հարցականներով ժամերը թացվում,
Հոգու երկնքում ամպ էին դառնում...

Այդպես էլ ամպեց երազն անավարտ,
Թռիչքը կարճ է,երբ թևեր չկան...
Անտարբերության դիմակ թե հագար՝
Սիրտը կթոշնի...մի՜ փնտրիր նրան...

четверг, 12 января 2017 г.


Այնպես կուզեի՝ չթացվի երբեք
Հանդիպում տենչող աչքերի ճամփան,
Այնպես չեմ ուզի՝ տեսնել երբևե
Լքված ճեմուղի,ուր հետքեր չկան...

Ուր թափառում են երազները խենթ,
Բայց հողաշխարհում իրենց տեղ չկա,
Ու բարձրանում են ամպերից էլ վեր,
Որ ապրեն այնտեղ...փրկելով միմյանց...

Այնպես կուզեի ՝ջնջել ամեն տեղ
Ոտնահետքերը ,որ բերել են ցավ,
Անցորդը վերջին թո՜ղ որ ես լինեմ,
Ով տեսավ լացող աչքերի ճամփան...


Ձյունը ...թող մաղվի...ես չե՜մ վախենում....
Սառցե սրտերի ցուրտն է ինձ վանում...
Ձնե երկինքն իմ տանիքն է դառնում,
Երբ տաք պատերին կեղծիքն է իշխում...

Ու խռովում եմ ես այս աշխարհից,
Փնտրում մի անկյուն,որին սերն է տեր,
Թող որ այն լինի լոկ հյուղակ փայտից,
Ես կծվարեմ՝մրսած թռչնի պես...

Ձյունը թող թափվի...ես չե՜մ մոլորվում,
Նրա հետքերով անուրջն է քայլում,
Այս հողաշխարհը ձյան թացով սնվում,
Գարնան բողբոջի գալն է ակոսում...


Ինձ հեռվից ժպտա...ու ժպտա այնպես,
Որ իմ տխրության պատերը քանդես,
Որ իմ սպասումի զայրույթը մեղմես
Ու համբերության նոր պատեր շարես...

Ինձ հեռվից գրկիր...ու այնպես անտես,
Որ իմ անցյալի աչքերը փակես,
Որ իմ ներկայի վազքում խելահեղ
Քո թևերի մեջ ինձ լուռ ամփոփես...

Ինձ հեռվից սիրիր...և ասե՞մ՝ ինչպես,
Որ իմ փակ սրտի դուռը չթակես,
Որ իմ երազի հատակը սուզվես,
Այնտեղ լոկ սրտիս զարկե՜րը պեղես...


Ի՜նչ լավն ես,ձյուն,որ կարողացար տրամադրություն փոխել,որ տաքություն փ.ոխանցեցիր ցրտից կծկված մարդու երակներին....ու քո միջոցով սկսվեց ձմռան հեքիաթը...չէ՞ որ առանց ձյուն հեքիաթ չի՜ հյուսվում...

Ինչ լավ է,որ կա քո փաթիլը,կան այդ փաթիլի խաղով պարզապես երջանկացողները...երեխայի պես մենք բոլորս սպասում էինք քո գալուն,որ խաղար նաև մեր նիրհած հոգին...

Ինչ լավ է,որ հիմա դու ես շատերի ապրումների խթանը,քնքշանքի առարկան,երազանքների ճերմակ կտավը,ուր այնքա՜ն ջերմություն կա՝փաթիլի տեսքով...

Չգնա՜ս...


Թերասացություն կար այսօրվա մեջ,
Կիսատ մնացած աշնան մի զուգերգ...
Ցրտից կուչ եկած անուրջը երեր
Հայցում էր թախծոտ հորինվածքով սեր...

Թերարժեքություն չկա երազում,
Օրվա թրթիռն է այդ հաճախ խաբում...
Զարկերը մի պահ վայրկյանն են հուշում,
Մի պահ էլ ՝ սրտի ռիթմերը չափում...

Թերի չէ կյանքը իր նժարի մեջ,
Երբ որ սիրով ես ամեն ինչ կշռում...
Ասօրը՝ սիրո մի անվերջ մեներգ,
Որով աշնան խենթ անուրջն է թևում...

Թերասացություն թե գա օրվա հետ՝
Թող որ երկնքում ընտրի զուգընկեր,
Առանց հորինվածք չի՜ լինում ապրել,
Թեկուզ՝խաբկանքով,բայց այն պետք է մեզ...



Ու ես ընտրեցի մի բարդ ճանապարհ,
Մի լուսե աշխարհ՝տքնանքներով լի,
Բայց չըերերաց հողն իմ ոտքի տակ,
Քանզի վերելքն էր հաղթում անկումին...

Ու ես ունեցա թևեր իրական,
Որ ինձ տվեցին թռիչքներ մտքի,
Երբեք չդողաց հանգն իմ ձեռքի տակ,
Քանզի ծնունդ կա՝հաղթում է մահին...


Երբ ընկնի վերջին տերևը աշնան ՝
Գուցե աղմկի արահետն անձայն...
Գուցե եղյամե՜ն աչքերը հոգնած,
Երբ էլ չտեսնեն անուրջը սիրած...

Երբ մարի վերջին մեղեդին աշնան՝
Օրը կունենա մի նոր երգարան...
Գուցե թափառեն ակորդներն օտար՝
Մինչև կգտնեն հոգու հանգրվան...

Երբ ունկիդ հասնի հեռվից ոտնաձայն ՝
Դա ձմռան մուտքն է,ընդունիր նրան...
Գուցե բերում է այն նո՜ր անրջանք,
Ճերմակ արահետ...դու քայլիր անձայն...
......................................................................................
Ոտնահետքերը թե ուր կտանեն՝
Դա գիտի միայն կածանը ձմռան...
Միայն քալելիս զգո՜ւյշ կլինես՝
Հողում քնած է երազը աշնան...

Քամուն տամ օրվա տենդագին հևքը,
Ինձ պահեմ աշնան կարոտի երգը...
Որքան էլ քամին խառնի հետքերը՝
Դեռ հաղթելու են բազմակետերը...

Դեռ ապրելու են տաք երազները՝
Որքան էլ խայթեն ձմռան ցրտերը,
Եվ պարելու են խենթ համբույրները ՝
Անգամ,երբ մարեն մեղեդիները...

Քամին թող տանի օրվա վերքերը,
Ու գեթ ապրեցնի՜կարապի երգը...
Թե անխուսափ է և բաժանումը՝
Թող այն թարմ պահի հանդիպման տենչը...