понедельник, 22 февраля 2021 г.

Սրտի հիշողություն

Սկզբում ցնցվեց մեր հոգին. չէ, դա կապ չուներ բնական աղետի հետ։ Այն, ինչ ապրեց յուրաքանչյուրի հոգին, միայն հայտնի է իրեն։ Երբեմն բառերն անզոր են թարգմանչի դեր տանել. ծանր է անգամ նրանց համար։ Իսկ լեզուն...լեզուն պարզապես համրանում է' ինչի՞ց խոսել, ինչպե՜ս խոսել...

Ասում են, թե ժամանակը բթացնում է ցնցումների ուժգնությունը, ստիպում ապրել սպիների կարկատանով, որոնք այդքան էլ չեն պահում սիրտը։ Իսկ սիրտը...սիրտն էլ ունի հիշողություն, որն արթնանում է գույնի', բույրի', անգամ ձայնի՜ հետցնցումից...

Ժամանակը դանդա՜ղ սպանում է հիշողությունը, որ սիրտը մի քիչ էլ ապրի...

Հետո ցնցվեց մեր ոտքերի պատվանդանը՝ հողը։ Իսկ դա արդեն սոսկալի չէր... Հոգին մի քիչ տագնապեց, բայց չցնցվեց. սովոր էր։ Նա տեսել էր այն, ինչը չի կարող թարգմանել բառը, մոռացնել՝ ժամանակը...

Մի' նեղվեք ճաքերից... մի օր դրանցից իր գլուխը կհանի հույսի ծաղիկը...


Հույսի ծաղիկը

Հույսի ծաղիկը բացվել է ուզում.

Ձմռան տաք դողը դեռ չի նահանջում,

Ձմռան սառնաշունչ օրերի փնջում

Տենդում է հուշը, ինքն իրեն մերժում...


Հույսի ծաղիկը բուրում է կարծես.

Արեւի շողը այտս համբուրեց,

Արեւն արբել է, ծովացել իմ մեջ,

Ուզում եմ շնչել, ապրել պարզապես...


Հույսի ծաղիկը վերջապես բացվեց.

Ձմռան տագնապը իմ միտքը լքեց,

Գուցե դժվար է անցյալը հերքել,

Բայց հույսի շունչն է իմ տունը շեմել...


Իմ տունը տաք է հավատի գրկում,

Հույսի ծաղիկն է այնտեղ անրջում,

Թող ոչ մի ձմեռ, ոչ մի այրող հուշ

Եղյամ չկապի օրերի փնջում...

 

 


Մարդը' "քար" (Անզորություն 2)

Ապրելը դարձավ իրոք մղձավանջ.

Պատել է երկրիս մորմոքը անանց,

Տնքում է հողը, դեռ գրկում իր թաց

Լույս որդիների ժպիտն է սառած...


Ախ, երկիր իմ որբ, լրիվ որբացար,

Քեզ հզորացնող բազուկը ընկավ,

Ամեն օր թափվող սերունդ ես տեսա,

Դատարկվող մայթեր, ուր ծիծաղ չկա...


Դատարկված տներ, ուր փնտրում անհագ

Զավակին, հորը, չեն գտնում սակայն,

Գտնում են միայն մի լուսանկար

Ու հողաթմբեր` մեկը մյուսից թանկ...


Չգիտեմ անգամ` երբ ուշքի կգանք.

Այսքան բոթերից խելագար դարձանք,

Ծանր է ամեն օր հրաժեշտ կարդալ,

Ամեն օր ապրել չապրելու նման...