воскресенье, 30 августа 2020 г.

Աքսորյալը

 

Արդեն չեմ հիշում. այնքան վաղուց էր,

երբ կարոտների դուռը փակեցի.

Այնպես եմ հիշում՝ որքան ջանք էր պետք,

որ ինձ անցյալից լուռ աքսորեցի...


Ոչինչ չստացվեց. ամեն ծագող օր

Նոր տառապանքի օջախներ բացեց,

Աքսորյալ հոգիս՝ մարդկանց անսովոր,

Այդպես էլ կյանքից դասեր չքաղեց...


Չեմ հիշում արդեն՝ եղե՞լ են օրեր,

երբ կարոտների դուռը բացեցի.

Հավերժ աքսորյալ կարծես թե լինեմ,

քանզի անցյալը չի ուզում լռի...



 

Խաբկանք

 

Երիցուկները երերուն հուշեր են մաղում անցյալից, ուր չկա իրողություն...

Խաբում է ներկան, այն խաբել է դեռ երեկ, կերակրել պատրանքի անորոշ ստով, խոստումներ տվել, թե մի օր...

Այդպես էլ չեկավ այդ օրը...եկան ուրիշ ներկաներ, որոնք նոր ստեր հորինեցին վաղվա խաբկանքի համար....

Այդպես հեշտ են անցնում ժամերը, այդպես չի փոշոտվում սպասումի աչքը, բայց մի՞ թե այդպես ապրում է կարոտը...

Երիցուկը` կարոտ բուրող մի հին սուտ, որ մաշվել է արդեն տարիների հուշամատյանում պահվելով...մաշվել է անցյալի խաբկա~նքը վերապրելով...

 

Ապակուց այն կողմ

 

Անձրևը...չի փոխվում։ Ապակուց դուրս իրականությունը լեցուն է նրա մանրամաղի դյութիչ մեղեդով։ Իսկ ներսը... ներսը ճնշում է' որքան կարող է։ Ապակուց այս կողմ եղած իրողությունն ազատագրվել է ուզում իր ներքին կապանքներից...ուզում է փախչել անձրևի գիրկը. այնտեղ կա ազատություն, թարմություն, այնտեղ լվացվում է օրը փոշուց, մաքրվում' ճնշող մեղքերից։

Անձրևի բույրը...նման չէ ոչ մի օծանելիքի։ Պատուհանից ներս թափանցելով' շոյում է դեմքդ, թափանցում մաշկիդ մեջ, ու դու զգում ես տաղտուկից ազատագրումը բոլոր նյարդաթելերով...

Անձրևը...սպասված է ու անփոփոխ' իր բերած թարմությամբ ու մաքրության բույրով...

Եվ ինձ ոչինչ չի մնում անել, քան հանձնվել նրա մանրամաղին ու ննջել իր թաց գրկում...

 

 

вторник, 4 августа 2020 г.

ԲՆԱԶԴՈՐԵՆ


Ոտքերս զուրկ են բանականությունից, բայց ինչու՞ են հաճախ ձգտում քայլել քո շավիղներով...
Ու ես կանգնում եմ մտքիդ անդունդի եզրին... Եվ ինձ թվում է, եթե անգամ գլորվեմ այնտեղից, չեմ կործանվի...Չէ, դու դրա հետ կապ չունես...Վայրէջքի պահին հաստատ կանէանամ ու մի անօդ տարածքում պարզապես կլողամ` չգտնելով միտքդ սնող թթվածինը...
Քո հետքերով քայլելը հեշտ չէ...Այն լապտերը, որ կլուսավորեր իմ ճամփան, թաքցրել ես աչքիցս հեռու, դու էլ չգիտես, թե ինչու...
Այսպես չիմանալով` մենք հաճախ ենք զրկում միմյանց լույսից, օդից, թթվածնից...Մինչ` կյանքն անչափ կարճ է զրկումների թիվը հաշվելու և նորի փնտրտուքներում հերոսանալու համար...
Ի՞նչ անեմ...էլ չքայլե՞մ ինձ հարազատ դարձած քո շավիղներով (միայն նրա համար, որ ոտքերս զուրկ են բանականությունից)...
Իսկ գուցե երբեմն պե'տք է, որ բնազդները հաղթեն...այդպես չենք պարտվի ինքներս` մեզ...