понедельник, 26 августа 2019 г.

ԼՈՒՍԻՆԸ


Ավարտվեց օրը. լուսինը չկա
(Ո՞վ է գողացել ժպիտը նրա)...
Որքան էլ հոգին պաղ տեսքից դողա,
Անհագ տենչում է մի հայացքի նա։

Ընդհատվեց լույսը. օրը կժպտա՞,
Երբ մութից կախված երազներն են թաց.
Գուցե աստղե՜րը օգնության փութան,
Իրենց աչքերի բոցից մի քիչ տան։

Անրջեց օրը. վաղը ՆԱ կգա՞
(Թող որ մի քիչ էլ սրտի հետ խաղա)...
Ժպտաց լուսինը. ուրիշ ելք չկա՝
Հոգու կրակին սառույցն է ծառա։


среда, 21 августа 2019 г.

ՈՉ- ՈՔԻ


Չկարծես, թե պարտվել եմ ես,
Անուժ եմ, աներազ, անսեր.
Որքան էլ փլված համարես,
Կանգուն եմ, կարող եմ թևել։

Չկարծես, թե հաղթել ես ու վերջ,
Տիրել ես մի սրտի ու բանտել.
Որքան էլ շղթաները նեղեն,
Հոգին խենթ ի զորու է ճախրել։

Չկարծես, թե հաղթել եմ ես.
Տենչս չէր քեզ պարտված տեսնել,
Կուզեմ, որ դու կանգուն լինես,
Իսկ ես էլ...թո՜ղ մնամ անթև..


ԸՆԴՀԱՏՎԱԾ ՀԵՔԻԱԹ


Հեքիաթը, որ կորցրեցի քո միջոցով, ինձ հետ է դեռ...Այն գուցե շարունակվեր, եթե դու չընդհատեիր նրա մեղեդին ...
Ես ընտրեցի տառապանքի մեկուսարանն ու ապրեցի քեզնից հեռու, քեզնից անջատ...Դու կառչեցիր քո երազների անուժ թելերից...Քո ընտրությամբ նավաբեկության ենթարկվեց քեզ երբևէ տեսնելու մի կույր անրջանք...
Այդ պահից սկսած ընտրեցի մեկ այլ հեքիաթ՝ քայլել լուսնի հետքերով, զրուցել նրա հետ...Նա հավատարմորեն հսկում է իմ երազների ալեկոծ ուղին, չի ընդհատում ինձ։ Իսկ աստղերը....աստղերը բոցկլտում են իրենց բնակարանից ու խոստանում թաքցնել իմ թաց հույզերը...
Համարձակության պակաս չեմ ունեցել...Բայց չհամարձակվեցի ընդվզել, երբ դու ընդհատեցիր "զրույցն աչքերի" ու հեռացար հեքիաթի կեսից...Նոր հերոսներ չորոնեցի...Գուցե կային նրանք, գուցե անցան անդարձ...
Հիմա համարձակվում եմ աստղափոշու միջից զրուցել քեզ հետ. քո մոլորակում լուսինը նույնն է, աստղերը նույնն են...Չկա միայն այն հեքիաթը, որ աչքերի զրույցից էր ծնվել...
Այն ընդհատվեց քե՜զ հետ...


ԿՈՐՑՐԱԾ ՀԵՏՔԵՐ


Հետքերդ կորցրել եմ...երեկ ու այսօր...Որքա՜ն սոսկալի է ապրել "հենց այնպես", ասես բնազդով...
Բնազդաբար դուրս եմ գալիս փողոց...Ինձ դիմավորում են դատարկ մայթերը՝ դատարկված անուրջի պես...
Փնթփնթում է օրը. ուսերին ծանրացած բեռն է մեծ...Փողոցը կամաց-կամաց լցվում է այլոց ոտնահետքերով...Գուցե դրանք ոմանց անուրջներն են, ոմանց էլ՝ քայլելու կամ սավառնելու հետագծերը...Չգիտեմ...
Իսկ դու գիտես, թե որտեղ է սկսվում և ավարտվում անուրջի ճամփան...Այն անուրջի, որը երբեք էլ չի մոտեցնելու մեզ միմյանց...
Շուտով կավարտվի ալեկոծ օրը...Մութի հետ կջնջվեն բոլո՜ր ոտնահետքերը...Հորիզոնի պես ամեն ինչ կհավասարվի իրար՝ անգույն, աներազ...Գիշերը կբացի թևերն ու կսփոփի օրվա ալեկոծությունից վհատված հոգիներին...կսփոփի երազի' միջոցով...
Դարձի՜ր երազ ու հայտնվիր երազիս մեջ...որ բնազդներից ազատագրված օրը չգոչի ականջիս տակ."Բնազդաբար մի՜ ապրիր..."
Երազու՜մ միայն գտա հետքերդ այսօր...Իսկ վա՞ղը...