вторник, 25 января 2011 г.

ԳԵԹ ՄԵԿ ՕՐՈՎ ...




Այնպես կուզեի քեզ հյուր գալ այսօր ,
Ներխուժել կյանքըդ փոթորկի նման ,
Խառնել իրերըդ, մտքերըդ, հետո`
Դառնալ մեղմ զեփյուռ, քույր նվիրական ...

Այնպես կուզեի հետքերովըդ գալ ,
Հասնել երազիդ տունը աստղազարդ ,
Իմ երազներով լուռ քեզ միանալ ,
Նորոգել մարող աստղերի ճամփան ...

Այնպես կուզեի լուսնին գողանալ
Ու մի երեկո սենյակում բանտել ,
Չէ որ գիշերվա խավարը միայն
Նրա ժպիտը կարող է մեղմել ...

Այնպես կուզեի լուսինը դառնար
Խոսուն լռության իրական վկան ,
Աստղաթափ երկնի բեռը հավաքեր ,
Չասված խոսքերը թարգմանել փորձեր ...

Այնպես կուզեի, որ վերադարձին
Լուսինը ներեր ինձ նման խենթին ,
Իսկ դու ուզեիր վերջապե~ս ուզել
Ու գեթ մեկ օրով ինձ պես փոթորկվել ...