воскресенье, 12 мая 2019 г.

ՎԱՂԸ՝ ԱՌԱՆՑ ՔԵԶ


Այս օրն էլ կանցնի, երբ ես առանց քեզ
Նոր արշալույսի քողն եմ լուռ բացել,
Երբ նրա կապույտ աչքերին նայել
Ու քո հայացքը այնտեղ չե՜մ տեսել։

Այս օրն էլ կանցնի, երբ աչքերիդ տեղ
Չգիտեմ անգամ, թե ինչ եմ գտել,
Ու՜մ հուշերում եմ անտարբեր մեխվել
Եվ ում պարտեզի հմայքը բեկել։

Այս օրն էլ կանցնի, երբ հետքերիդ հետ
Հավատարմորեն դեռ պիտի քայլեմ,
Իմ միայնության բնույթը հերքեմ,
Քո լինելության հույսով ամոքվեմ։

Այս օրն էլ անցավ, երբ որ մութի մեջ
Կողպեցի ևս մի ներկայի էջ,
Երբ անքեզ եղա, անթռիչք, անձև,
Երբ...վաղը նույնպես չի՜ բերելու քեզ...



Ես մուրացկան չեմ, բայց երբևէ կյանքից մուրացել եմ քո ներկայությունը...
Հեռացար աննկատ, և օդը չկարողացավ լրացնել թթվածնի այն քանակությունը, որն անհրաժեշտ է շնչահեղձ չլինելու համար... Իմ մթնոլորտը հագեցած է եղել քեզնից զատված ու ինձ չհասած քո՜ բյուրեղներով...Չեմ դժգոհել կյանքի նետած այդ փշրանքներից...Մուրացկանի պես թախանձել եմ քո ներկայությունը...
Հիմա անտրամաբանական է անգամ գարնան շնչառությունը... Մտքերս ինձ հեռացնում են իմ խոհերի մենաստան, ուր փակվում եմ՝ քեզ գտնելու անմարմին հույսով...
Մի օր կդադարեն իմ որոնումները...Մի օր կպարպվի իմ անուրջների երկնակամարը, մթնոլորտը կմնա աներազ, իսկ ձեռքս կհոգնի անցնող կյանքից թախանձել օդի իր բաժինը...
Գարունը մեղավոր չէ, որ իմ տրամաբանության հարթակում չեմ կարողանում տեղավորել իր շնչառությունը...
Ես գարունի՜ց էլ կմուրամ քո ներկայությունը...


Մի քիչ անձրևոտ, մի քիչ ամոթխած՝
Գլուխն է հանել երազանքն էլի.
Մի քիչ հանդուգն, մի քիչ դառնացած՝
Ուզում է հերքել մոլուցքն օրերի...

Ուզում է տեսնել հասկը բարության,
Որ անկեղծության պտուղն է բերրի.
Մի քիչ վախվորած, մի քիչ համարձակ՝
Նա որոմներին ասելիք ունի...

Ու ասելիքը օդում է կախված՝
Իբրև ահազանգ անդեմ զանգվածի,
Որն արդեն վաղուց, առանց երազանք՝
Մաշում է մոլուցքն անցնող օրերի...

Մի քիչ ուշացած, բայց և հրատապ՝
Իր քայլը կանի երազը էլի.
Գուցե մի թռիչք մնա անավարտ,
Գուցե մի լավ հասկ իր դեմքը փրկի...