четверг, 12 сентября 2019 г.

ԳՈՒՑԵ...



Գուցե վարանել եմ, գուցե ուշացել եմ,
Բայց ուրիշի ճամփան փակել ես չեմ փորձել։

Գուցե սայթաքել եմ, հետո էլ՝ վազել եմ,
Բայց դրանից հոգիս ավելի է կոփվել։

Գուցե անրջել եմ, մի քիչ էլ՝ թևել եմ,
Բայց չեմ կտրել երբեք ես ոչ մեկի թևեր։

Գուցե թույլ եմ եղել և արցունք եմ հեղել,
Բայց դրանից երբեք ուրիշին չեմ նեղել։

Գուցե "ճիշտ" չեմ ապրել, չեմ ապրել այլոց պես,
Բայց խղճիս հետ կարծես թե հաշտ եմ եղել ես։

Գուցե փորձեք դատել, փորձեք իմ տեղ ապրել,
Բայց... կարո՞ղ եք իմ չափ դուք երջանիկ լինել։


вторник, 10 сентября 2019 г.


Աշունը եկավ։ Նա ամեն անգամ էլ գալիս է՝ անկախ մեր սպասումներից ու հույզերից։ Եկավ՝ կարդալու հոգուս օրագիրը։ Չեմ կարող այն բանալ ոչ ոքի, բայց աշնանը...կարող եմ։
Կաթիլները, որով համտեսեցի աշնան տխրությունը, այդքան էլ սարսափելի չէին. անգամ շոշափեցի իրականի դառնն ու հաճելին։
Գույները, որոնք զարդարել են անցորդներից արդեն հոգնած ճեմուղին, նույնիսկ ապշեցնելու չափ գեղեցիկ են ու ճշմարիտ։
Օրն այլևս չի կաղում, օդը լի է թարմությամբ ու խոստումներով։ Շատացել է լույսը. դեղինի խմորումը երկնքից հեքիաթ է մանում...այն հեքիաթը, որին տենչում է ամռան հեղձուկից հուսախաբ հոգին։

Աշունը կարդում է իրեն այնքա՜ն հասկանալի նոտաներով գրված հոգու օրագիրը։ Աշունը չի՜ հոգնում, նրա հուշամատյանում աշխարհի ամենաթախծոտ, ամենալուսավոր ու հուզառատ երգերն են ամփոփված։

Հրաշալի է, որ եկար, աշու՛ն։ Քեզ հետ ոչ միայն կարելի է զրուցել, այլև՝ լռել ու անէանալ քո հեքիաթը մանող խոնավ ճեմուղում։


ՎԵՐՑՐՈՒ...



Իմ երազները տալիս եմ ես քեզ,
Միայն թե դրանց հոգին չհանես.
Նրանց ռունգերում ապրում է մեծ սեր,
Քնքշանքը կողքից անգամ կսազեր...

Երկնքից կախվեց աստղ, թե՞ արև,
Սրտաչափ մոտիկ, հարազատ այնպես.
(Անգութ օրենքը կյանքի թող բեկվեր,
Թող իմ ափերու՜մ անհոգ նա լիներ):

Իմ երազները վերցրե՞լ ես արդեն.
Հոգի՛ս, դրանց հետ զգույշ կվարվես,
Իսկ երբ քո սրտին էլ խինդ չբերեն՝
Լուսնին կհանձնես, նա ՏԵՐ է կարծես: