вторник, 16 июля 2019 г.

ԼՈՒՍԻՆԸ' ՈՒՍՈՒՑԻՉ


Լուսինը...Մենք այդպես էլ չսովորեցինք խոսել նրա հայացքի ներքո։ Ավելի շատ լռեցինք...Երևի դա նոր լեզու էր, մեկ այլ մշակույթ...
Լուսինն էր մեր ուսուցիչը։ Ասում են' չկա վատ աշակերտ...Վատ ուսուցչի էլ չէինք հանդիպել...Այդ դեպքում՝ ինչու չսովորեցինք խոսել...լռելով...
Լուսնի սառնությունն այստեղ կապ չունի...Մենք վանեցինք մեր շուրջը թափառող անկեղծ բառերն ու մնացինք մեր իսկ հյուսած անտարբերության սառը զնդանում...
Լուսինը հեռվից փորձեց հայացքով կրկին ուսուցանել, բայց մենք տարված էինք ինքնամերժումի անհեթեթ դասով...
Մերժեցինք միմյանց անկեղծ խոսքեր ասելու լռության արվեստը, մերժեցինք լուսնի ուսուցանող հայացքը, մերժեցինք ինքներս մեզ ու մնացինք "մենակ" մեր սառնության հետ...
Լուսինը այստեղ բնա՜վ մեղք չուներ...

ՉԸՆԴՀԱՏՎԵՍ...




Երեկոն քո հայացքի արտացոլանքն է իմ բացվող-փակվող օրվա թրթիռների մեջ...Դու չկաս ու քեզ պետք է փնտրեմ ամեն տեղ...
(Արշալույսդ չգիտեմ, թե ում ես նվիրել...Կեսօրվա տագնապների մեջ էլ ես չե՜մ կարող լինել...)
Օրվա ամենախորհրդավոր պահն ինձ համար երեկոն է...Կյանքն իր բնական գույների մեջ է... Իսկ երբ մութը սկսում է խլել գույնի խորհուրդը, միանում են բազմաշերտ ու բազմացիր լապտերները...որ կյանքը հիմա էլ իրենց հայացքի հովանու ներքո լուռ շարունակվի, որ որևէ գույն հանկարծ չընդհատվի...
Դու իհարկե այնտեղ չես էլ զգում ներկայությունն իմ... Այդ ես եմ քեզ հորինել և ամփոփել իմ երեկոյի բացվող-փակվող կոպերին։ Քո հայացքի արտացոլանքը միայն գույներ կավելացնի հանգչող օրվա ներկապնակին։։։։։։։։։
Չընդհատվե՜ս…..….....

ԼՌՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ


Լռության երգը ես չեմ հորինել,
Բայց այն հաճախ է իմ հոգին գերել.
Երբ խռովել եմ, ինքս ինձ մերժել,
Նրա հնչյունով դաշինք եմ կնքել...


Լռության երգը ինձ շատ է օգնել,
Նրա տարափից երբեք չեմ հոգնել,
Երբ անգամ տարերքն իր չեմ հասկացել,
Այդ խենթ ընթացքին միշտ եմ հանձնվել....


Լռության երգն ինձ երբեք չի խաբել,
Անսուտ է եղել, չի փորձել դավել...
Երբ դադարել եմ երգեր հորինել,
Այն հոգուս խորքում կրակ է վառել...


ԱՆՁՐԵՎԸ...


Անձրևը...նախ գրկեց իրանըս...Չգիտեմ` ինչ պիտի ասեր, որ կիսատ մնաց։ Հետո նրբորեն ափերի մեջ առավ դողացող ձեռքս ու թևանցուկ քայլեցինք թաց մայթերի վրայով...
Քիչ անց արդեն ամենուր կաթիլներ էին' տանիքներին, պատուհաններին, օդի մեջ կախված, շուրթերիս վրա...Իսկ ես այդպես էլ չհասցրեցի լսել անձրևի կիսատ խոստումները...Քամին տարրալուծեց դրանք մթնոլորտի մեջ։ Չընդվզեցի։ Գուցե մեկին դրանց մանրամաղն ավելի էր պետք։ Գուցե...
Անձրևը թող չընդհատվի... Դեռ չի՜ հասցրել ինձ ունկնդրել...Ես էլ իմ բաժին ասելիքն ունեմ. գուցե ուշացած, գուցե անհաստատ, բայց հոգուս խորքից խեղդվելո՜ւց փրկված...
Այն կասեմ, երբ անձրևը կրկին գրկի իրանըս...