среда, 23 октября 2019 г.

ՍԱՌՑԻ ԳՐԿՈՒՄ


Իմ քայլերի մեջ երբեք չեմ հոգնում,
Երբ ժպիտն եմ քո մտովի հյուսում.
Երբ անգամ չկաս
, քեզ հետ եմ կիսում
Իմ հոգնածության ամեն մի բեկում...

Իմ թռիչքները քեզնով են պարպվում,
Երբ ինձ չես պարզում հայացքդ գերող,
Երբ ինձ մտքերիս անդունդից պոկում,
Փայփայում ես քո անուրջով մարող...

Իմ անուրջները երբեք չեն մարում
Անգամ' քո հյուսած սառույցի գրկում.
Ջերմացնում է ինձ մի խենթ մտորում'
Երբևէ դառնալ ժպիտդ թաքուն...



Չկաս։
Աշունը մեղավոր չի։ Նա ջանացել է իր ողջ հմայքով վերակենդանացնել հույզերի այն աշխարհը, որում մենք երջանիկ էինք, որն առատորեն քնքշանքի մետաքս էր հյուսում ու նետում մեր ուսերին։
Աշունը չի ստում։ Ուզու՞մ ես' հարցրու նրան երեկվա կորուստների ու վաղվա հույսերի մասին։ Նա ազնվորեն կներկայացնի այսօրվա ձեռքբերումները, օրվա մեջ եղած ձեռքսեղմումների ու գրկախառնությունների ստույգ հաշիվը. կնկարագրի մի քիչ շիկնելով, մի քիչ համարձակ, բայց ոչ' ստելով։
Աշունը չի հոգնում։ Այ, ես հոգնել եմ մտքով։ Օրերը փախչում են ոտքերիս պատվանդանից։ Ինչ-որ գծեր եմ անընդհատ նկարում անցնող ժամերի չվացուցակում ու վազում դրանց հետևից։ Հետո չեմ ուշաթափվում, բայց զգում եմ, թե որքան են այդ վազքից կաղում իմ երազները, իմ խենթ մտքերը։ Մինչդեռ, աշունը հրամայում է' խենթացի՜ր։ Ինչպե՞ս։
Մեղավո՜ր եմ, որ չկաս...
Աշունը միշտ էլ գույների խաղով կենդանի է պահել այն աշխարհը, որում երազի մետաքսը երջանկություն է հաղորդել մեզ...Իսկ մենք աշնան հեռացող տաքության նման դանդաղ ընդհատվել ենք, մեզ հարազատ գունապնակը տրոհել ու փոշիացրել ենք անտեսանելի այն պարանը, որը երկու բևեռ կապում էր միմյանց...Պարանն այդ չկա։
Ձմռանը կգա՞ս...



Աշունը շոյում է վարսերս...շոյում իր շիկացած հայացքով...
Սառը տրամաբանությամբ անգամ չեմ կարողանում կոտրել այն ապակեպատ տարածքը, որում վաղուց շնչահեղձ եմ լինում...
Աշունը որքան էլ փորձի մխիթարել իր վարսերի կենսատու խաբկանքով, ամեն անգամ ինչ-որ բան պակասեցնում է, խլում ինձանից...Իսկ հետո...սփոփում շոյանքով...
Երկնքից կախվել են կարոտի կապույտ ստեղները...Աշունը չի հասցրել փոխել դրանց գույները...բայց ջանացել է այնքան հույզեր ներարկել օդի մեջ, որ կապույտը մեկից քարացել, ապակի՜ է դարձել...
Ապակեպատ կարոտ...երբ անզոր ես դիպչել, գրկել, զգալ...երբ մարդկային բոլոր զգայարաններից գործում է միայն մեկը' տեսողականը...երբ վեցերորդն այլևս իրեն չի՜ արդարացնում...Աշունը չի հասկանա, թե ինչ է դա...ձմեռը գուցե մի պահ զգա, գարունը՝ փորձի թարգմանել, ամառը՝ յուրովի վերծանել...Չկա մեկ այլ եղանակ, որը պարզապես կարողանա այն փշրել...
Աշունը շոյում է ինչ-որ մեկի շիկացած վարսերը...շոյում իր կապտած հայացքով...