вторник, 10 октября 2017 г.

ԿՅԱՆՔԻ ԿՏԱՎԸ...


Երկար նայում եմ կյանքի կտավին-
Փոթորիկներ կան նրա ընդերքում ,
Բայց առավել շատ այս հողաշխարհին
Երկրային տենդն է անվերջ սպառնում...

Մարդիկ ոռնում են սիրո պակասից-
Ցավը բնազդ չէ,մրմուռ է բերում,
Որքան էլ նայես քո «պատուհանից»`
Կյանքի կտավը ի՜ր գույնն է ուզում...

Ուզում է ՝ արբեն իրենով մարդիկ,
Վարդեր աճեցնեն սրտի խորքերում,
Որ ուր էլ քշի տագնապի քամին,
Վիրակապ դնի վիրավոր հոգուն...

Երկա՜ր կնայեմ կյանքի կտավին-
Այնտեղ կարոտի զեփյուռն է ապրում,
Ոչինչ չի՜ սպառնա իմ հողաշխարհին,
Եթե սիրո նոր հունդեր են աճում...

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ...


Վախենում եմ՝ օրը անցնի՝
Ես չտեսնեմ լույսը նրա,
Վախենում եմ՝ աչքը թացվի,
Ու ես դառնամ ցավի ծառա...

Վախենում եմ՝ աշունն անցնի`
Ես չլսեմ երգը նրա...
Վախենում եմ...սիրտն ի՜նչ անի,
Եթե դուռը իր փակ մնա...


Դեռ ոչ մի տերև չի ընկել ծառից...չի ընկել ծառից՝ աշուն հիշեցնի...
Դեռ տաք գույները չեն թացվել ցողից,բայց միևնույն է, դողում է հոգիս...

Չգիտեմ անգամ, թե ուր թաքնվեմ, որ հին հույզերը չմատնեն խենթիս,
Ո՞ր կածաններով քայլերս մարզեմ, եթե անցյալում մնաց թռիչքն իմ...

Աշնանը հարցնել դեռ չհասցրի, երբ նա ինձ պատմեց տերևի դողից ,
Գեթ տաք գույները պատեն երկինքն իմ, որ անցավ լինի վայրէջքը մտքի...

воскресенье, 13 августа 2017 г.


Քարափին ծաղիկ էր լուռ բացվել,
Շոյում էր հայացքով իր զույգին,
Կապույտը ջրերից հավաքվել,
Օրհնում էր վայրկյանը՝սիրով լի...

Քարափին թևում էր սիրերգը.
Լռության խախտումը հանցանք էր,
Նազում էր սիրուց խենթ ծաղիկը.
Ամպերի քրտինքն էր քարացել ...

Քարափին թող ապրի մեծ սերը,
Թող ոչինչ չսպառնա զուգերգին,
Թե հանկարծ գժվեն էլ ամպերը՝
Թո՜ղ բախվեն կապույտի ցնորքին...

ՔԵԶ ՀԵՏ...


Թույլ տուր մի փոքր երջանիկ զգամ,
Քո ձեռքը բռնած քայլեմ լուսնի տակ,
Իսկ թե խաբկանքից ոտքերս դողան,
Բազուկներիդ մեջ առ ինձ ու գնա...

Գնա աստղերի սահմանը հատիր,
Նրանց հետ թեկուզ կարճ դաշինք կնքիր,
Որ հավատարիմ ինձ ու քեզ մնան'
Մինչ մենք կլքենք հայացքը նրանց...

Թույլ տուր, որ ձեռքդ չթողնեմ հանկարծ,
Ու հանկարծ չզգամ լուսնային խաբկանք,
Վաղուց սերտածս ինչ է- տառապանք,
Մի քիչ ուզում եմ երջանիկ զգալ...

вторник, 13 июня 2017 г.


Լռությանն ասի՝ դարձիր ինձ ընկեր,
Էլ չունեմ կարծես թռիչքի թևեր,
Ինձ անկումների փոշին է խեղդել,
Կուզեմ քո ուսին գեթ փոքր ննջել։

Այս հողաշխարհը,նա էլ է հոգնել,
Խուլ տագնապներից՝ամենուր հետքեր,
Մարդու կոչումը ինքն իրեն լքել,
Բնազդներին է հռչակել մեծ տեր։

Այնքան աղմուկ կա այստեղ ու այնտեղ,
Որ լսելի չէ թրթիռը անկեղծ,
Բարձր է զրնգում ոսկին ամեն տեղ,
Սերն ու կարոտը մանրուք են դարձել։

Լռությանն ասի՝ զրուցիր ինձ հետ,
Բացիր թռիչքի մի նոր արահետ,
Երբ անկումների փոշին ես թափեմ,
Քո զարկերակի ճախրանքում կապրեմ....



Այսօր կարոտս լռություն ունի,
Այսօր կարոտս խորն է ավելի...
Գուցե ինչ որ բան եղել է թերի՞-
Որտե՞ղ ես գտնեմ հունը հարցերի...

Թո՛ղ այդ հարցերի հունով էլ հոսեմ
Ու իմ լռության պատճառին հասնեմ...
Կարոտիս գույնը աճուրդի հանեմ,
Բայց ոչ մի խելառ գնորդ չգտնեմ...

Հետո կարոտի եզրերին փարվեմ,
Նրանով հոգուս թախիծը վանեմ...
Խոր լռությունն էլ խոսել կսկսի,
Կապույտն իմ կյանքը գուցե հրդեհի՜...

Այդ հրդեհից ,բայց, ես չեմ վախենում
Նրա բոցերում հոգիս է կոփվում...


Կարոտին ասի՝ չգաս ինձ այցի,
Էլ չեմ ուզում ես տագնապի քամի,
Կփարվեմ ամպոտ ուսերին լուսնի,
Թող նա հուշերի բեռը իջեցնի...

Կարոտը խնդաց՝ "կապրե՞ս առանց ինձ,
Թեկուզ ակնթարթ,վայրկյան,կամ՝տարի,
Ախր,փախչել եմ ,խնայել քեզ միշտ,
Բայց դու կուրորեն ինձնից կառչեցիր...
Որքան հեռացա,այնքան ձգվեցիր,
Իմ երակներով դու միշտ սնվեցիր,
Այսօր ես քո մեջ գույն եմ ու սպի,
Այդ դու՜ ուզեցիր...ինձ մի մեղադրի..."
...........................................................
Չե՜մ մեղադրում ես կյանքում ոչ ոքի,
Թող իմ կարոտը զգեստն իր հագնի,
Եվ մի օր կրկին խենթիս այցելի,
Ում հետ որ կուզի...թեկուզ՝անցյալի...


Երազներս...նման են այս ծառի՝ երկինք հառնող ճիգերին...չեն կարող ապրել առանց իրենց սնուցող երկնային մեղեդիների...


Ինձ թվում է՝ դու սխալվել ես...այդպես կտավի վրայից փորձում են ջնջել հին պատկերըբայց միևնույն էայն իրեն զգացնել է տալիս երբևէ...Ինքդ կհամոզվեսերբ անցյալի որևէ պատկեր հանկարծ վերարտադրես մտքիդ կտավում...ես կամ ամենու՜ր...


Վաղու՜ց չեմ հաշվել...օրեր,ամիսներ,
Անգամ ՝ տարիներ նույն մեղեդին է
Պատուհանիս մոտ սրնգում անտես,
Իսկ ես՝անտարբեր,ինքս ինձ եմ պատժել...

Պատժել եմ գալուդ չեղած հավատով,
Քո չարտասանած սիրո տողերով,
Իմ ակնկալած այն տաք երազով,
Որ լուռ խոստացար,պահեցիր քեզ մոտ...

Պատժեցիր դու ինձ հենց քո՜ միջոցով,
Մի զույգ աչքերի կարոտի ախտով,
Երբեք չավարտվող անուրջի խաղով,
Ու տարիների այս բութ ապտակով...

Վաղու՜ց եմ հաշտվել ...անջատվել,զատվել
Եվ այլ բառերի ընկերն եմ դարձել...
Պատուհանիդ տակ որքա՜ն նոտաներ
Չդարձան երգեր...քե՜զ էի պատժել...


Տիեզերքում ամեն ինչ պարզ է, ներդաշնակ ...այդ մեր մեջ է շատ բան խ
առնված իրար...
Այդ մենք ենք ամեն ինչ խառնել միմյանց՝հեռու ենք,երբ պետք է մոտենալ,ատում ենք,երբ կա սիրելու տենդ ու պահանջ...

Միթե Տիեզերքից բարդ է մեր հոգին,որ պեղո՜ղ չկա...բարդ ու անհաստատ...
Լարախաղացը վստահում է իր ոտքի տակ փռված պարանին անգամ...մինչ՝մարդը մարդուն է...փռում ոտքի տակ...

Բազմագու՜թ Աստված,ում ես ստեղծել,ի՜նչ է մնացել...

Տիեզերքում ամեն ինչ և կատարյալ է և՝ շատ ներդաշնակ...Հույսը պարան է,որի վրա լարախաղացը էլ չի՜ երերա...


 Այս որքան բարդ էր իմ սիրո ճամփան...
Օրն իր խոստումից կրկին մերկացավ,
Թախծի մանրաթել՝երկնքի ընծան,
Անկատար երազ,որ բեռն իմ դարձավ...

Գուցե ես թվեմ անվերջ պատկերներ,
Որ իմ օրերի տաքը քեզ պատմեն,
Բայց ինչպե՞ս և կամ՝ ի՜նչ լեզվով ասեմ-
Ապրել եմ միայն քո նկա՛րի հետ...

Այս ինչքան պա՜րզ էր իմ սիրո ճամփան...
Օրն իր խոստումի զրահը հագավ,
Երկնքի ընծան իմ հոգուն հասավ.
Անկատար երա՞զ...չկա նման բան...