вторник, 13 июня 2017 г.


Լռությանն ասի՝ դարձիր ինձ ընկեր,
Էլ չունեմ կարծես թռիչքի թևեր,
Ինձ անկումների փոշին է խեղդել,
Կուզեմ քո ուսին գեթ փոքր ննջել։

Այս հողաշխարհը,նա էլ է հոգնել,
Խուլ տագնապներից՝ամենուր հետքեր,
Մարդու կոչումը ինքն իրեն լքել,
Բնազդներին է հռչակել մեծ տեր։

Այնքան աղմուկ կա այստեղ ու այնտեղ,
Որ լսելի չէ թրթիռը անկեղծ,
Բարձր է զրնգում ոսկին ամեն տեղ,
Սերն ու կարոտը մանրուք են դարձել։

Լռությանն ասի՝ զրուցիր ինձ հետ,
Բացիր թռիչքի մի նոր արահետ,
Երբ անկումների փոշին ես թափեմ,
Քո զարկերակի ճախրանքում կապրեմ....



Այսօր կարոտս լռություն ունի,
Այսօր կարոտս խորն է ավելի...
Գուցե ինչ որ բան եղել է թերի՞-
Որտե՞ղ ես գտնեմ հունը հարցերի...

Թո՛ղ այդ հարցերի հունով էլ հոսեմ
Ու իմ լռության պատճառին հասնեմ...
Կարոտիս գույնը աճուրդի հանեմ,
Բայց ոչ մի խելառ գնորդ չգտնեմ...

Հետո կարոտի եզրերին փարվեմ,
Նրանով հոգուս թախիծը վանեմ...
Խոր լռությունն էլ խոսել կսկսի,
Կապույտն իմ կյանքը գուցե հրդեհի՜...

Այդ հրդեհից ,բայց, ես չեմ վախենում
Նրա բոցերում հոգիս է կոփվում...


Կարոտին ասի՝ չգաս ինձ այցի,
Էլ չեմ ուզում ես տագնապի քամի,
Կփարվեմ ամպոտ ուսերին լուսնի,
Թող նա հուշերի բեռը իջեցնի...

Կարոտը խնդաց՝ "կապրե՞ս առանց ինձ,
Թեկուզ ակնթարթ,վայրկյան,կամ՝տարի,
Ախր,փախչել եմ ,խնայել քեզ միշտ,
Բայց դու կուրորեն ինձնից կառչեցիր...
Որքան հեռացա,այնքան ձգվեցիր,
Իմ երակներով դու միշտ սնվեցիր,
Այսօր ես քո մեջ գույն եմ ու սպի,
Այդ դու՜ ուզեցիր...ինձ մի մեղադրի..."
...........................................................
Չե՜մ մեղադրում ես կյանքում ոչ ոքի,
Թող իմ կարոտը զգեստն իր հագնի,
Եվ մի օր կրկին խենթիս այցելի,
Ում հետ որ կուզի...թեկուզ՝անցյալի...


Երազներս...նման են այս ծառի՝ երկինք հառնող ճիգերին...չեն կարող ապրել առանց իրենց սնուցող երկնային մեղեդիների...


Ինձ թվում է՝ դու սխալվել ես...այդպես կտավի վրայից փորձում են ջնջել հին պատկերըբայց միևնույն էայն իրեն զգացնել է տալիս երբևէ...Ինքդ կհամոզվեսերբ անցյալի որևէ պատկեր հանկարծ վերարտադրես մտքիդ կտավում...ես կամ ամենու՜ր...


Վաղու՜ց չեմ հաշվել...օրեր,ամիսներ,
Անգամ ՝ տարիներ նույն մեղեդին է
Պատուհանիս մոտ սրնգում անտես,
Իսկ ես՝անտարբեր,ինքս ինձ եմ պատժել...

Պատժել եմ գալուդ չեղած հավատով,
Քո չարտասանած սիրո տողերով,
Իմ ակնկալած այն տաք երազով,
Որ լուռ խոստացար,պահեցիր քեզ մոտ...

Պատժեցիր դու ինձ հենց քո՜ միջոցով,
Մի զույգ աչքերի կարոտի ախտով,
Երբեք չավարտվող անուրջի խաղով,
Ու տարիների այս բութ ապտակով...

Վաղու՜ց եմ հաշտվել ...անջատվել,զատվել
Եվ այլ բառերի ընկերն եմ դարձել...
Պատուհանիդ տակ որքա՜ն նոտաներ
Չդարձան երգեր...քե՜զ էի պատժել...


Տիեզերքում ամեն ինչ պարզ է, ներդաշնակ ...այդ մեր մեջ է շատ բան խ
առնված իրար...
Այդ մենք ենք ամեն ինչ խառնել միմյանց՝հեռու ենք,երբ պետք է մոտենալ,ատում ենք,երբ կա սիրելու տենդ ու պահանջ...

Միթե Տիեզերքից բարդ է մեր հոգին,որ պեղո՜ղ չկա...բարդ ու անհաստատ...
Լարախաղացը վստահում է իր ոտքի տակ փռված պարանին անգամ...մինչ՝մարդը մարդուն է...փռում ոտքի տակ...

Բազմագու՜թ Աստված,ում ես ստեղծել,ի՜նչ է մնացել...

Տիեզերքում ամեն ինչ և կատարյալ է և՝ շատ ներդաշնակ...Հույսը պարան է,որի վրա լարախաղացը էլ չի՜ երերա...


 Այս որքան բարդ էր իմ սիրո ճամփան...
Օրն իր խոստումից կրկին մերկացավ,
Թախծի մանրաթել՝երկնքի ընծան,
Անկատար երազ,որ բեռն իմ դարձավ...

Գուցե ես թվեմ անվերջ պատկերներ,
Որ իմ օրերի տաքը քեզ պատմեն,
Բայց ինչպե՞ս և կամ՝ ի՜նչ լեզվով ասեմ-
Ապրել եմ միայն քո նկա՛րի հետ...

Այս ինչքան պա՜րզ էր իմ սիրո ճամփան...
Օրն իր խոստումի զրահը հագավ,
Երկնքի ընծան իմ հոգուն հասավ.
Անկատար երա՞զ...չկա նման բան...



Առանց երազներ՝ չի՜ լինում ապրել...
Եվ ամեն անգամ մենք հորինում ենք ինչ-որ երազներ,որ մեր մտքերի միայնության մեջ չխելագարվենք, սիրո,կարոտի նոր դռներ թակենք,այդպես կրկնակի մենք մեզ լու՜ռ խաբենք...



Անցյալը...անգթորեն անխիղճ...երբեմն՝ լճացած արցունք աչքի ակունքում,երբեմն էլ՝քարացած բռունցք կոկորդի խորշում...

Սիրտը...թիթեռի պես անօգնական իր թևերն է թափահարում,երբ ապրած կյանքի փակված էջերից ժպիտ է ժայթքում...


Խղճի լացն է լացում,հոգու աչքը թացում,
Վարագույրն է իջել...արդեն դիտող չկա...
Հարցականն է վայում,պատասխանը կաղում,
Ցավի մարաթոն է,այն թաց աչքը վկա...



Է՜հ, տարիները չեն խնայում մեզ-
Անհաշտ են հաճախ, կամ՝ սիրում են հեզ,
Մերթ՝երես տալիս սիրահարի պես,
Մերթ էլ՝մտրակում անգութ ու անտես...

Ա՜խ,տարիները խնայեին մեզ-
Չտային այսչափ խիզախումի բեռ,
Լինեին քնքուշ՝սիրահարի պես,
Ու չլքեին,երբ տապ է կամ՝մեգ...

Չէ՜,տարիները կխնայեն դեռ -
Չէ որ ապրել են մեզնով երբևէ,
Թող գիժ լինեն մերթ, մերթ էլ՝անվեհեր,
Միայն թե՝ այդքան շուտ չլքե՜ն մեզ ...


Իմ կարոտի միջով ժպիտներ են ծաղկել,
Արցունքներ են թացվել իմ կարոտի ճամփին,
Իմ կարոտի աչքը միշտ էլ բաց է եղել՝
Հավքեր կային թռչած... մի օր պիտի գային....

Իմ կարոտի թևով աշխարհներ են անցել,
Ու դարեր են ապրել իմ կարոտի ուսին,
Բայց շուրթերը երբեք աղոթքում չեն մարել՝
Սպասումը անգամ իջավ մի օր ծնկի...

Իմ կարոտի երգով խենթ տողեր են բացվել,
Ու գույներ են ձուլվել օդի լոկ հպումից,
Իսկ երբ դատարկ օրվա զառանցանքն է հնչել՝
Փոթորկվել է մեկից իմ կարոտի քամին...

Իմ կարոտի հոգին երբեք չի նվաղել,
Ու չի նեղվել հասած բաժանումի լացից,
Արցունքները սրբել, ժպիտ է բաժանել՝
Գուցե մի օր հասնի այն հեռավոր հավքին...



Այսօր ես զգացի գարնան բուրմունքը....ձյան սավանից սկսում էր մի խենթացնող թացություն, կենդանարար շնչառություն,որից արագանում էին սրտի զարկերը...

Սկզբում չհասկացա՝որտեղից ինձ այցելեց այդ սրտխփոցը...Դա նման էր չսպասված,բայց անակնկալ ժամանող սիրո թրթիռին...

Ու ես խենթացա ձյան սավանի տակ թաքնված,բայց արդեն հողի շերտը պատռող գարնան թաց բույրից...Երևի շատ էի հոգնել ոչի՜նչ չխոստացող ճերմակ փաթիլից...

Գարու՜ն,որքան էլ հապաղես....ես սպասում եմ քեզ...