среда, 31 марта 2021 г.

ԶԱՐԹՈՆՔ

 

Գարունն անցնում է կողքովս... Ինչ-որ բան դեռ խանգարում է տեսնել արդեն մայրացող բնության հմայքը, գարնան անկրկնելի սիրունությունը...

Փորձում եմ ինձ գտնել բնության զարթոնքի մեջ, փորձում եմ հիշել, թե ինչ բառեր էի ժամանակին ընտրում խոսելու, գույների վարարումը ճերմակին բեկելու համար...

Հիմա գարնանային անձրևների փոխարեն իմ հոգում վարարում են իրարամերժ զգացումները, վարարում են` տապալման սպառնալիքով...

Ժամանակին բառերը սփոփում էին ինձ․․․Հիմա այնքան անիմաստ են դարձել դրանք, բոլորովինանբովանդակ, որ թվում է, թե խանգարում են անգամ...

Գարու՛ն, զարթոնքիդ մեջ համրացրու բառերի հոսքը ու թող վարարի կյանքի աղմուկը...

 

ՍԻՐՈ ՀՐԱՄԱՆ

 

Ձմռանն անշնչացած բնության դիմագծերը կենդանանում են։ Մի մոտիկ շող իր թույլ մատներով հպվում է սառած բյուրեղին ու խոստանում ջերմացնել նրան...

Խոստումներին այսօր ոչ ոք արդեն չի հավատում, բայց սիրտն արթնացել է, սիրել է ուզում...

Հավատով ասված խոսքը (որքան էլ որ` անիրական) գերում է հոգին, շղթայում այնպես, ինչպես ցրտից կուչ եկած մարմինը` արևի շողին...

Օդին խառնվել են բառեր, որ սիրո խոստումով են շնչում, իսկ նրանց արտաշնչումը հավատով է լեցուն...

Անշնչացած կյանքը մեկից արթնացել, հրամայում է սիրել...

Ամեն ինչ դեռ կորած չէ...