пятница, 24 февраля 2012 г.

ՀԱՎԵՐԺ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ


Տարիները ինձ չեն փոխել բնավ,
Նույն թափառական հետախույզն եմ ես.
Որքան զննեցի աշխարհը, մարդկանց,
Այնքան հեռացա նրանցից ասես...

Այնքան հասկացա տարիների հետ,
Որ արև, լուսին միմյանց չեն հարում,
Որ պաղն ատում է կրակին հավետ,
Եվ բևեռներ կան` երբեք չեն հատվում...

Սերը կարող է պտուղ չբերել,
Ատելությունը` սեր չճաշակել,
Որքան էլ ժպիտ դեմքին նկարես`
Տխուր աչքերը փոխել անզո~ր ես...

Անզոր ես նաև վարագույր քաշել
Ու քեզ աշխարհի հոգսերից զատել,
Մնում է` ձուլվես նրա ընթացքին,
Կարծրացնես այնտեղ երկաթյա հոգի....

Մնում է` ձուլվես տարիների հետ,
Դառնալով նրա զարկերակը բաց,
Լինել հետախույզ, լինել հավերժ խենթ`
Հոգուց կրակներ բաշխելով մարդկանց...


суббота, 18 февраля 2012 г.

ԿԱՊՈՒՅՏ ՁՅՈՒՆ

Երբ դու հեռացար, ձյունը շարունակվեցՀասկացա, որ այդ դու էիր շարունակվում` ձյան տեսքովԱյս անգամ այն առատ էր ու մեծ փաթիլներովՀպվեց ինձ իր տաք շուրթերով ու ականջիս շշնջաց տողեր` ավելորդ հնչյուններից պարպված թափանցիկ տողերԿարծես դա հենց այն մեղեդու շարունակությունն էր, որով բացել էիր իմ առավոտվա վարագույրը
Այս անգամ այն ուներ տխրության շղարշՁմեռն իր սառցե թագավորության պաղ գույները մոռացել էր լուսաբացին իր հետ տանելԵս անգամ շոշափեցի նրա մահաշունչ երակներըՓախուստի դիմեցի այնտեղից
Բացեցի այն պատուհանի փեղկերը, որտեղից դու ես միշտ ժպտում ինձՉսխալվեցիդու այնտեղ էիր ու ինձ համար նոր մեղեդիներ էիր ձուլել, իսկ պատուհանի գոգը իմ սիրած ծաղիկներով զարդարել
Միայն դու ես կարողանում իմ օրվա կապույտ զարկերակը լսելԵրբ շնչառությունըս կարգավորվեց, դու արդեն քո պատուհանից ինձ ժպիտներ չէիր ճառագում
Բայց ԴՈՒ չընդհատվեցիրշարունակվեցիր ձյան տեսքով, որն այս անգամ կապու~յտ-կապույտ էր

четверг, 16 февраля 2012 г.

ԺԱՆՅԱԿՎԱԾ ԿԱՐՈՏ


Մտքով երկար եմ հաճախ թափառում,
Մտքով աստղային ուղին եմ հատում,
Միտքըս հեռվում է կարոտըս փնտրում,
Կարոտիս հասցեն հեռվից է ձայնում...

Ոչ ոք չգիտի` ինչու եմ թևում,
Ինչու եմ հանկարծ վայրէջքում լռում,
Ոչ ոք չի տեսնում, որ մի հին կարոտ
Կիսում է կյանքըս, տանում է իր մոտ...

Բայց այդ կարոտն էլ իր տունը չունի,
Միայն թաց աչքեր ու զույգ ձեռք ունի,
Որով հաճախ է կոպերըս փակում
Ու պարանոցիս ժանյակներ հյուսում...

Այդ ժանյակները աստղեր են դառնում,
Հույսիս ճեմուղին լույսով լապտերում
Ու ինձ խոստանում, որ դեռ երբևէ
Երկու լուռ կարոտ իրար կգտնեն...


среда, 15 февраля 2012 г.

ԻՄ ՎԱՆԱ ԳԻՇԵՐ ...


Իմ Վանա գիշեր, թող սերըս դարձնեմ
Ես քո սիրո պես խորունկ ու գաղտնի,
Իսկ թե խենթանամ սիրուց երբևէ`
Քո լռության մեջ դու ինձ ամփոփիր...

Իմ Վանա գիշեր, կարոտըս հրկեզ
Քո կախարդանքի ուժով դու սաստիր,
Քո տաք ափերից բալասան ինձ բեր,
Կարոտած աչքիս աչքերը փակիր...

Իմ Վանա գիշեր, հուշերըս անծիր
Քո ալիքների փոթորկում ծածկիր,
Հուշերիս բոցը երկնքում խրձիր,
Այնտեղ կարոտիս տունը նորոգիր...


Իմ Վանա գիշեր, ախ, ես ոնց անեմ,
Որ սեր ու կարոտ քո գրկում ձուլեմ,
Իսկ լռությունըդ թե խոսել փորձի`
Սրտիս գաղտնիքը դու մի կերպ փրկի~...


вторник, 14 февраля 2012 г.

ՔԵԶ որտե՞ղ փնտրեմ ...


Քեզ որտե՞ղ փնտրեմ ,
Երբ խառնվել ես
Օդի հոսանքին...
Որտե՞ղ որոնեմ,
Երբ լոկ շնչում եմ
Սառը գոլորշին...

Աստղերի՞ն հարցնեմ
Քո բնակության
Տիրույթներն անհաս,
Թ՞ե` տիրել փորձեմ
Մի մեծ խենթության
Դափնիին մաս-մաս...

Իսկ գուցե քայլե՞մ
Հին արմատների
Ակոսած հունով...
Անցյալը ուժ է,
Նա էլ ինձ կօգնի
Գտնել քեզ մի օր...

Ու երբ գտնեմ քեզ`
Կխառնվես դու
Օդի հոսանքին...
Իսկ ես կշնչեմ
Ներկա վրձնող
Քո տաք գոլորշին...


четверг, 9 февраля 2012 г.

ԵՐԿԴԵՄ ՀՈՒՇ


Մաղվում է անվերջ ձմռան հեքիաթը,
Նստում հուշերիս տանիքի վրա,
Նրա փաթիլից պոկված երազը
Ջրվեժում է իմ կարոտը հիմա...

Երազ ու փաթիլ ձուլվել են իրար,
Դեռ չեմ հասկանում` որն է իրական,
Որին էլ երբ որ դիպչում եմ հանկարծ,
Դառնում է տեսիլք, ցնդում է... չկա...

Իսկ երբ փորձում եմ երազում զգալ
Տաք սառնությունը` շուրթերըս այրած,
Նույն այդ երազը դառնում է ներկա,
Ամպում հուշերիս տանիքի վրա...

Բայց ես չեմ հոգնում ձյունող հեքիաթից,
Չեմ հոգնում նրա երկդիմի խաղից...
Այն իմ կարոտի ջրվեժն է սնում,
Նրա հայելում երկդեմ հուշ դառնում...


среда, 8 февраля 2012 г.

ՁՅՈՒՆԵ ԵՐԱԶ

Այսօր ձյունն է իմ բարձը լինելու,
Այսօր ձյունը ինձ երազ է տալու,
Այսօր ուզում եմ, որ նա ականջիս
Շշնջա խոսքեր հասարա~կ, նրբին...

Ոչ, չի խաբելու նա ինձ այս անգամ-
Երազ չի տալու և խլի արագ,
Նրա թիկնոցը այսօրվա ճերմակ
Չի ծովանալու, կամ դառնա լճակ...

Այսօր ձյունը իմ բարձն է լինելու,
Այսօր արցունքի բեռ չի կրելու,
Ես եմ նրբորեն նրա ականջին
Պատմելու իմ խենթ երազի մասին...

воскресенье, 5 февраля 2012 г.

Մի մեծ ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ


Հոգնած ձեռքերըս նիրհել են ուզում,
Ուզում են խրվել աստղային փոշում-
Երազում անգամ հանգիստ չեն գտնում,
Երազից անվերջ երազ են հունցում...

Հոգնած ուսերըս հանգիստ են տենչում,
Հանգչել են ուզում երկաթյա գրկում-
Երկաթը անգամ մետաղ չի մնում,
Փխրուն ուսերիս բեռը չի~ կրում...

Հոգնած ոտքերըս կանգառ են փնտրում
Խելահեղ կյանքի վազքի մոլուցքում-
Կանգառում անգամ վազքը չի~ կանգնում,
Գլխապտույտից ոտքերս են ծալվում...

Հոգնած աչքերըս աչքեր են փնտրում,
Որ գոնե մարեն նրանց ստվերում-
Օրը մարում է, իսկ իմ աչքերում
Տենդում է անվերջ մի մեծ ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ...


четверг, 2 февраля 2012 г.

ԲԱԶՄԱԿԵՏԵՐԸ


Դրսում ձյունոտ էր երկինքն ու հողը,
Ձյունոտ էր քայլող օրվա վայրկյանը,
Ճերմակ սավանը երազ էր թվում,
Երազի փայլը ավարտ չէր ուզում...

Ախ, թող չավարտվի տենդը երազի,
Չավարտվի ձյունոտ օրվա հևքի պես,
Վերջակետն ի՞նչ է, թող հասցեն փոխի,
Ես այդ նշանը ընդմիշտ եմ ջնջել...

Ինձ հարազատ են բազմակետերը,
Որ իմ մտքերի ընթացքն են պեղում,
Որ իմ երազի ճերմակ սավանը
Իրենց հողաբույր երկինքն են դարձնում...

Դրսում ձյունում են հողն ու երկինքը,
Ձյունում է անցնող օրվա թրթիռը,
Վերջակետն իրեն պարտված է զգում...
Բազմակետերն են իմ կյանքում ձյունում...