вторник, 21 сентября 2021 г.

Ու թե...

 

Ու թե ժանյակներ, ոչ` արցունքներից,

Ու թե սրտխփոց` հանդիպման դողից...


Իսկ վազքի նետված քայլեր թե լինեն,

Ապա հասնելով` ժպիտներ փրկեն,

Ու թե ինչ-որ տեղ քարեր էլ նետվեն,

Թող որ դրանով տան հիմքեր դրվեն...


Աշունն արցունքի կապույտ ժանյակից

Ինձ էլ նվիրեց, կախեց իմ վզից...

 

Չկարծես...

 

Չկարծես` մթնել եմ արդեն,

Աստղերը թափվել են ներքև.

Իմ հոգում արև կա անշեջ,

Որը դեռ ուզում է ջերմել․․․


Չկարծես` ամպել եմ մեկեն,

Նոթերս կիտել ու փակվել.

Իմ ներսում հաշտ են լույս ու ստվեր,

Իմ մի՜տքն է դադարներ ուզել...


Չկարծես` երազներ չունեմ,

Եվ լուսնին չեմ ուզում գերել.

Իմ սիրտը որքան էլ խոցեն,

Այն միայն կարող է սիրե՜լ...

Մոռացկոտ աշունը


Մատներս` անհաստատ եղեգ.

Ճկվում են, դողում անգամ քամուց հեգ,

Ափերս` լույս հունցող ստվեր,

Այրվել են սառցի շնչից անտարբեր...


Ոտքերս` մագնիսն է ձգել.

Ուզում են քայլել, բայց գնում են ետ,

Թռիչքս` երկնքում բեկվել,

Դաշինք է կնքել հորիզոնի հետ...


Մտքերս` ինձանից էլ խենթ,

Անհնազանդ են, մտրակում են խեթ,

Աշունը` իրեն մոռացել,

Քարոզ է կարդում իմ գլխին անվերջ...

 

Լաբիրինթոսում

 


Աշնան տիրույթում ես ինձ կորցնում,

Ամռան հեքիաթի թելն եմ որոնում,

Որը կտրվեց ոչ իմ ձեռքերում,

Բայց հանգույց մնաց սրտիս խորքերում...


Աշնան հեքիաթի թելերը մանում,

Ու ինձ ուղեկցող կծիկ եմ հյուսում,

Որ թախիծների լաբիրինթոսում

Ես չխճճվեմ, գտնեմ ելքի դուռ...


Աշնան քամին է ինձ մխիթարում,

Ականջիս սիրո խոսքեր շշնջում,

Սուտ խստումները նորից են գերում

Ու երազների "զնդանը" նետում...


Չէ, տարիները ինձ չե՜ն խրատում...

пятница, 3 сентября 2021 г.

"Անրջող" կտավ


Ամռան երազը առկայծեց, անցավ,

Աշնան պատրանքը նոր վրձին գտավ։

Գույները արդեն վերում կուտակված`

Հուշում են` գալիք կտավն է պատրաստ...


Թիթեռի պես է կյանքն այս հորինված.

Ապրում ես քիչ, բայց անրջում ես շատ,

Երազին հաճախ խաբկանքն է ձուլված.

Ու չես որոտում, անձրևում ես բաց...


Բաց են կոպերը պատրանքի աշնան.

Կուզեմ` այս անգամ չլինի այն թաց։

Գույների խաղի մեկնարկն է տրված.

Հոգիս կդառնա "անրջող" կտավ...