среда, 15 января 2020 г.

ԱԼԵԿՈԾՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ է կատարվում փակ կոպերի տակ,
Երբ որ թախիծը խորն է, անհատակ...
Այն ի՞նչ է ձուլվում, խմորվում անհագ
Ու ծորում դեմքին` ինչպես հոգու ցավ։

Հոսում է դանդաղ, տարածվում կամաց,
Աղով համեմված, բայց համ չդարձած...
Լուռ է գուցեև արցունքի ճամփան,
Բայց խոսուն է շատ` փակ սրտի նման։

Ի՞նչ է կատարվում, երբ բառեր չկան,
Երբ ցավը խորն է ու անանձնական...
Ժայթքում է հոգուց մի խուլ հառաչանք`
Որպես ալեկոծ հոգուն այլընտրանք։


ՄԵՐԿԱՑԱԾ ԵՐԱԶ


Իմ երազների պարկը դատարկվեց.
Օրերը անշուք, անուրջներն են մերկ,
Անգին բառերը դարձել սնամեջ,
Փախչում են, զատվում ինձանից կարծես...

Իմ երազների շունչը կտրվեց,
Երբ դրսում լքված անուրջը մրսեց.
Բառերը 
ինչ են, որ չգտա ես՝
Մրսող անուրջի իրանին նետեմ...

Իմ երազները մի օր կճաքեն,
Ուժ չեն ունենա բառերը արդեն.
Կապրեմ գուցե ես ավելի թեթև,
Բայց՝ օտար ինձնից, խորթացած ինձ հետ...


ԵՍ ԿՓՆՏՐԵՄ ՔԵԶ


Ես կփնտրեմ քեզ, երբ արշալույսը
Մութ վարագույրից աչքերն իր բացի,
Երբ առավոտի աչքերի լույսը
Քո պաղ հայացքից ժպիտ չբերի...

Ես կփնտրեմ քեզ, երբ օրվա տենդը
Ծանրանա մի պահ անցնող ժամերին,
Երբ փորձեմ բանալ քո փակ ժպիտը,
Բայց և չհասնեմ հոգուդ անդունդին...

Ես կփնտրեմ քեզ, երբ իրիկունը
Հանգրվան գտնի իմ թույլ ուսերին
Եվ թողած մի պահ խենթիս հոգսերը
Մեղմորեն գրկեմ երազիդ հոգին...

Ես կփնտրեմ քեզ, երբ մութ գիշերը
Խլի ինձանից պատկերը քո սին,
Երբ լուռ աղմկեն բոլոր հանգերը,
Իսկ դու խո՜րթ մնաս աչքերի երգին...


ԱՌԱՆՑ ԼՈՒՍՆԿԱ


Իմ մոլորակում` աստղաթափ երկինք,
Անաղմուկ հուշեր, անբոց լուսին կա,
Էլ չի փոթորկվում երազի հոգին.
Մեղեդին ճաքեց շուրթերի վրա...

Հանկարծ աչքերը աստղիկներ դարձան
Ու լույսի թևով երկինք խոյացան,
Ու փոթորկեցին երազի հոգին,
Բայց մոլորակը մնաց անլուսին...

Այս մոլորակում դեռ քանի երկինք
Կմնա անհուշ, առանց լուսնկա,
Եթե քնքշանքը մի օր խռովի,
Էլ չուզի ճաքել օրերի վրա...


ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ


Թել-թել հուշերն են իմ կոպերից կախ,
Ամեն մի հուշը խայծ է անավարտ.
Ծփում է մեղմիկ կյանքն աչքերիս տակ,
Իսկ ես` անհաղորդ, ասես`անկրակ...

Քայլերը պիտի տանեին առաջ,
Ծնկերը վաղ է, որ ծալվեն հանկարծ.
Ինչ-որ մի թռիչք լոկ մտքում մնաց,
Իսկ դրսում լսվեց մի տխուր հառաչ...

Հուշերը լռին դառնում են հայացք,
Ու բախվում անցնող օրերին անհագ.
Թող որ այս կյանքի ամեն մի կանգառ
Իր մեջ ունենա թռիչք ու կրակ...


ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ


Աստղաթափ օրն իր ավարտն է հուշում,
Երազը հեռվում մարում է, հանգչում...

Աշնան ափերին որքան տաք մնաց,
Որ ձմռան սրտին այնպես խորթ թվաց...

Աշնան գութն էլ էր իրոք հուսառատ,
Իսկ այս պաղ շունչը մերկ է, հուսահատ...

Աստղաթափ երազն անցյալի գրկում
Հանգչող պաղ օրվա խորհուրդն է մեկնում...

ՀՐԱԺԵՇՏ


Իմ արցունքները` քո թաց ափերում
/Աշու'ն, թախիծդ երբեք չի փոխվում/...

Դու քեզ հետ տարար մի մեծ լռություն
/Գիտես, հրաժեշտը այնպես չեմ սիրում/...

Իմ լռությունը` քո հոգու խորքում
/Թաքցրու ձմռան աղմուկից հեռու/...

Օդում թևում է մի պաղ տխրություն
/Աշու'ն, թախիծդ արցունք է դառնում/...