понедельник, 19 ноября 2018 г.


Ինձ չի վախեցնում իմ մենությունը.
Ինձ վախեցնում է այն բացվող օրը,
Երբ չեմ տեսնելու ժպիտիդ կորը...

Ինձ չի հոգնեցնում այսչափ աղմուկը.
Ինձ հոգնեցնում է այն լռությունը.
Որ չի բերելու հանդիպման լուրը...

Ինձ չի խենթացնում իմ "անքեզ" կյանքը.
Ինձ կխենթացնի այն մեծ դատարկը,
Երբ էլ չեմ փնտրի աչքերիդ խայծը...

Ինձ չի վախեցնի ո'չ բացվող օրը,
Ո'չ էլ` օրվա մեջ պայթած թախիծը,
Եթե ապրում է այն միակ գույնը,
Որն անդարձ փոխեց իմ մտքի հունը...


Սիրում եմ քայլել քո ոտնահետքերով...Դրանք իրականում քեզ մոտ չեն բերում...օրս լցնում են քեզնով...
Աշունն իր ներկապնակով տարբեր գույներ է հորինում, որ միտքս լցնի իրենով, որ չվազեմ այն շրջանակի մոտ, որից այն կողմ քո՜ ոտնահետքերն են...Դրանք ինձ մոլորեցնում են ավելի, քան երբևէ հյուսված լաբիրինթոսները...
Մոլորվում եմ քո միջոցով ինձ գտնելու ճանապարհին...Չեմ խնդրում մնալ իմ երազներում...Ամենաթանկ երազներն անգամ պատրաստ են լքել մեզ իրենց նախընտրած վայրում, իրենց հարմար ժամին...Ու որքան էլ որ մեր թույլ ձեռքերով փորձենք կառչել նրանց քղանցքից, մեկ է...Ամենալավ երազները հավատարմության դասեր չե՜ն քաղի կյանքի ոտնահետքերին լուռ հետևելիս...
Աշունը տառապանքի դասեր է տալիս խենթիս և այն էլ՝ ձրի...Սակայն դրանից կարոտի գույնը չի՜ փոխվում...Այնպես չեմ ուզում անտարբեր լինել այլ գույների ճիչերի հանդեպ...
Քայլերս ակամայից աշունն է խլում...Լսում եմ կորչող տերևների խուլ տառապանքը և չեմ կարողանում ոչնչով օգնել...Ես չեմ կարողանում արդեն քայլել...
Ոտնահետքերս քեզ մոտ են բերում...Դարձիր իմ հորինած աշնան կտավը...


пятница, 9 ноября 2018 г.




Այնքան քնքշանք է օդին խառնվել,
Այնպես կապույտ են ամպերը վերում.
Կարծես հայացքդ մի պահ մոլորվել
Ու ծովացել է երկնի հայելում...

Այնպես չեմ ուզում օրն իմ ավարտվի,
Սահել եմ ուզում մտքիդ քարտեզով.
Աշնան մեղեդին թե տագնապ բերի,
Այն ցրել կուզեմ լռության քողով...

Այնպես գեղեցիկ դու գիտես կորչել,
Որ քեզ չգտնի ոչ մի հետախույզ.
Բայց խենթ հայացքդ վերում ծովացել
Քնքշանք է մաղում կապույտ հայելուց...

Ես տագնապներից էլ չեմ վախենում...

Այսօր ես քայլեցի այն հետքերով, որով կյանքը ինձ ու քեզ մի ակնթարթ թույլ էր տվել միասին լինել։ Շատ բան չէր փոխվել, նոր էին միայն լապտերները, որոնք զրույցի էին հրավիրում գուցե նորեկներին, բայց ոչ' ինձ...
Ես էլ չեմ փոխվել, առաջվա նման ամեն ծանոթ անկյունում լսում եմ քո շնչառությունը, աչքերիդ զրույցը, քո քայլերի անհաստատ երգը, որն այդպես էլ ինձ չմոտեցավ։ Մինչդեռ այսօր այն ինձ գամել է հենց այն տեղում, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, որտեղ ամեն ինչ քեզնով է շնչում...
Լապտերները թող նորեկներին պատմեն նաև այն ակնթարթի մասին, որում կյանքը թույլ էր տվել ինձ լինել քո կողքին...
Այսօր ես քայլեցի իմ երազների միայնության անլույս կածանով , բայց չխենթացա... ..Լապտերը մի օր կասի, թե ինչու...

среда, 7 ноября 2018 г.


Թափվում է վերից...մանանա չէ դա.

(Երկնքի կապտած բիբերը վկա)...

Բաժանման վալսը խենթացավ հանկարծ,

Բայց զուգերգ չկա...հարթակն է դատարկ...


Ու դատարկվում եմ ես էլ ակամա...

Թեև հանդիպման մանրակերտը կա,

Բայց զուգահեռ են ճամփեքը միայն.

Հարցական դարձան մայթերը անգամ...


Թափվում է վերից...աղերսանք է թաց.

(Երկնքի բիբից կախվեց երազանք)...

Թո՜ղ աշնան վալսը անզուսպ խենթանա,

Գուցե մեկ այլ զույգ հարթակ բարձրանա...





Անչափելի է կարոտի ճամփան,
Կոկորդը սեղմող անպատմելի ցավ.
Մուրում ես նույնիսկ թափառող հայացք,
Որ չի՜ խաչվելու քո բիբին անգամ...

Անհերքելի է՝ կարոտից ինչ կա,
Լուռ խմորվում է հոգու ընդերքում,
Մի թեթև ցնցում՝ կժայթքի անհագ,
Կավերի այն, ինչ հաստատ էր, խոհուն...

Անվիճելի է՝ կարոտը թե կա,
Կոկորդը խեղդող ցավը կմնա.
Մենք հորինում ենք հաճախ բալասան՝
Երբեմն նաև...չխաչվող հայացք...


Մանրամաղը անձրևի
Թույլ հպվում է այտերիս
Ու շիկնելով հուզմունքից
Շշնջում է."սիրելիս"...

Որքան երկար սպասեցի
Հանդիպումի շիկնանքին,
Բյուրեղնե՜րը անձրևի
Լոկ իմ հոգին կարդացին...

Մանրամաղը չի խաբի,
Գուցե համբույր և քաղի...
Կհավատամ խոստումին,
Թեկուզ խոնավ այն լինի...


Ափեափ հոգնած մարդկանց աղմուկից՝
Ուզեցի մտքիդ պատերին հենվել,
Կամրջել մի պահ անկամրջելին
Ու իմ հուշերի տունը նորոգել...

Գուցե խենթություն համարես քայլն իմ,
Բայց մի շտապիր անառողջ դատել.
Միտքը ազատ է թռիչքներում իր,
Թույլ տուր հոսանքին ինքնակամ տրվել...

Ափեափ լծված մարդկանց աղմուկին՝
Չէի նկատել, որ վաղուց արդեն
Կանգնած եմ մտքիդ գծած կամրջին,
Իսկ դու լռում ես...ինչու՞ աղմկել...



Գու՞յնն է իմ հոգում, թե ես գույնի մեջ,
Չգիտեմ անգամ՝ ինչպե՜ս երկփեղկվել.
Տարրալուծվել ենք, մի դարձել կարծես,
Գույնը՝ ինձանով, իսկ ես՝ գույնի հետ...

Միշտ էլ այդպես է՝ կյանքում առավել
Ձուլվում են միմյանց օվկիան ու տարերք,
Հողն է իր գրկում արցունքներ սնել,
Իսկ երկինքները՝ երազ են դիզել...

Մենք էլ հարցնում ենք այսօր ու երեկ,
Թե ով է արդյոք մագնիս հորինել,
Բայց այն շատ հաճախ մեր մեջ է, թեև
Փնտրում ենք այլ տեղ, գուցե՝ այլոց մեջ...

Գույնը իմ հոգու մագնիսն է դարձել
Ու իր երկաթյա կամքին ինձ գամել.
Չգիտեմ արդեն՝ ուզու՞մ եմ պոկվել,
Թե վաղու՜ց շատ եմ իր մեջ խտացել...


Կարոտի լավան ինձ խեղդում է լուռ,
Փնտրում եմ նոր հող, որ կանգնեմ ամուր,
Որ երազները ... փրկօղակ լինեն
Ու ինձ անտեսի ափերը նետեն...

Իսկ թե կապույտը տարածվել փորձի,
Սրտիս պատերը իր շնչով վրձնի,
Մեկ է' չի հասնի հոգուս խորքերին,
Այն անհատակ է ու անչափելի...

Կարոտի լավան դեռ կխեղդի ինձ
Երբեմն այրող, մերթ' պաղ ձեռքերով,
Իսկ ես' հայացքս փախչող անտեսին,
Կապրեմ նոր օրվա անմարմին դողով...


Եվ ամեն անգամ և արդեն վաղուց
Երազի անտես թելից եմ կախված.
Թվում է' չկա էլ պայքարի ուժ,
Քամին տանում է մակույկն իմ հոգնած...

Քամին քշում է ու չգիտի՝ ուր,
Կյանքը օվկիան է՝ հոգսից խենթացած,
Տեսնելն է դժվար, ուստի ինչպես կույր,
Մարդը տրվում է երազին վարար...

Ու ամեն անգամ և արդեն վաղուց
Անտեսի կապույտ թելերից կառչած՝
Հյուսում եմ վաղվա հավատի մակույկ,
Որ նոր կարոտից չխեղդվեմ հանկարծ...