суббота, 9 марта 2019 г.

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Քայլի'ր ինձ հետ....թեկուզ՝ առանց ինձ...
Գիտե՞ս, երբ քայլում եմ քեզ հետ (քեզ ունենալով իմ մտքում), ինձ չեն ճնշում այլ խոհեր, չեմ նկատում, որ ամպեր են կախվել երկնքի տկար աչքերից ու ստվերում են քեզ ունենալու ուրախությունը, որ շուրջ բոլորը մարդիկ շարունակ ինչ-որ բան են կիսում, կիսում ու կիսվում, հաղթում ու պարտվում...
Քո հայա՜ցքը...ահա' իմ միակ պարտությունը...Աչքերդ ինձ հրամայում են չվիճել ձմռան անգույն իրականության հետ...Հնազանդվում եմ կուրորեն, որովհետև չեմ տեսել անգամ աչքերիդ գու՜յնը ու ինձ համար արդեն միևնույնն են մնացած բոլոր գույներն իրենց՝ ոչինչ չասող խորհուրդներով...
Քայլի՜ր ինձ հետ...Օրը լեցուն է իրարամերժ խոստումներով...Մե'րթ անձրևն է մոռացության պղտոր ջրափոսերում լվացացնում առավոտվա հույսի աղոթքը, մե'րթ սառույցն է հիշողության տախտակից ջնջում երեկվա հորինած երդման տեքստը...
Դու հավատարի՜մ ես ինձ քո անպատասխան հայացքով...Հենց այդպես էլ գամվել ես կոպերիս ու քայլում ես ինձ հետ...Բայց ես երջանիկ եմ քո "բացակայությունից", ջերմանում եմ քո սառնությունից ու չեմ հիշում անգամ, որ դրսում արդեն ձմեռ է, և ուշանում է առաջին ձյունը...չափի'ց շատ է ուշանում...
Իսկ ես միշտ շտապում եմ...շտապում եմ քայլե՜լ քեզ հետ...Եվ կքայլեմ այնքան, մինչ դու ինքնակամ կլքես իմ մտքերը...Ու ես կդադարեմ "մենախոսել" քեզ հետ...

Комментариев нет:

Отправить комментарий