суббота, 9 марта 2019 г.


Չգիտեմ անգամ՝ ինչպես դիմացա,
Ինչպե՜ս առանց քեզ ես չխենթացա,
Տարբեր դիմակներ ակամա հագա,
Որ հոգուս վերքը աննկատ մնա...
Ու գլորվեցին օրերն անխնա,
Սակայն դրանից ես չթուլացա,
Գուցե և ուժը հենց դա է, որ կա'
Ապրել, երբ ներկադ շա՜տ է բացակա...
Բացակա չեղար՝ որքան կամեցա.
Որքա՜ն ջանացի տաքն այն մոռանալ,
Որ քո ձեռքերով ծաղիկներ փնջած՝
Նվիրեցիր ինձ, հետո...հուշ դարձար...
Այն ծաղիկները վաղուց էլ չկան,
Պատել է նրանց մի կապույտ եղյամ,
Բայց, միևնույն է, անցյալից հաճախ
Ունկիս հասնում է մի խուլ ոտնաձայն...
Չգիտեմ՝ որքա՜ն դեռ կդիմանամ,
Եվ որքան պիտի ես խուլ ձևանամ,
Որ դիմակները չմատնեն հանկարծ,
Թե դու դարձել ես հավերժ բացակա...


Комментариев нет:

Отправить комментарий