суббота, 3 апреля 2010 г.

ԱՆՀԱՍՑԵ ՆԱՄԱԿ


Հոգիս փոթորկվել աշնան թախիծից,
Կապույտին նետված ծրար է դարձել,
Ու նվաղելով սիրտս կարոտից
Իր նոր ու ճերմակ էջերն է պարզել...

Եվ գրում եմ ես խենթ ու խելագար
Իմ կարոտների ու սիրո մասին.
Մտքերն իմ ճախրող, խոհերն իմ մոլար
Չեն ուզում հասնել մոտ հանգրվանին...

Ու բազմերանգ են գույներն իմ դարձել`
Աշնան թափառող պատկերների պես.
Կապույտն է արդյոք, թե դեղինը պերճ
Իմ պարանոցին շղարշն իր նետել...

Ու թափառում եմ գույնի աշխարհում,
Փնտրում կարոտի կապույտ մեղեդին.
Դեղինն էլ սիրո նոր լույս է վառում,
Բայց չեմ գտնում ես դեռ իմ <<ցանկալին>>...

Այնքան նվազ է մեղեդու զարկը,
Եվ այնպես խամրած` դեղինի ոսկին.
Այդ գույների մեջ չկա այն պարը,
Որով սիրտըս է չափում ռիթմերն իր...

Իսկ ես պարել եմ ուզում խելագար,
Պարել այս աշնան վալսը խենթացնող.
Պտտվել անվերջ, մոլորվել հանկարծ`
Փնտրելով նոր գույն, սիրո նոր մի տող...

Խելագար վալսի պտույտների մեջ,
Մոռացած և գույն և անցած հուշեր,
Այնպես կուզեի ես գեթ <<ինձ>> գտնել
Եվ քեզ` իմ սիրո <<անհասցե ասպետ>>...

Комментариев нет:

Отправить комментарий