пятница, 23 марта 2012 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Երբ բացեք այս նամակը, չփակեք այն, քանզի կյանքի իրական պատկերն եմ ես ծրարել այնտեղ ... քանզի ես ասելիք ունեմ ...
Աղջիկը ինը տարեկան էր` հոնի մեծ աչքերով ...Իմ աշակերտուհին չէր...չհասցրեց անգամ հրաժեշտ տալ իր ուսուցչուհուն...Իրեն հրաժեշտ տվեցին ...Նրա մրահոն աչքերը  փակ էին, իսկ ճերմակ ժապավենները քնած տիկնիկի տեսք էին հաղորդում...Ես կարծես մղձավանջի մեջ լինեի,կամ` տխուր երազում...Միայն մոր ողբն էր` մինուճար զավակի վրա հիշեցնում, որ այս ծրարում եղածը իրական էր, որ իրողություն էին նաև վշտից խենթացող կնոջ խոսքերը` << Գարունը բոլորին կարմիր արև բերեց, իսկ ինձ` սև գույներ...>> ...
Տղան ծնվեց այն ժամանակ, երբ ռազմաճակատում թշնամու գնդակից մեկ օր առաջ զոհվել էր 34-ամյա հայրը ...Իսկ ինքը որքա~ն սպասված զավակ էր այդ ընտանիքում...Տարիներ ի վեր հայրը երազել էր որդու մասին...անգամ անունն էր սրտում քանդակել...Կնոջ ու որդու տաք անունն էլ շուրթերին` փակել էր աչքերը ...Չգիտեմ, որդին կժառանգի՞ արդյոք հոր կապույտ, կյանքի ծարավ աչքերը...Բայց հաստատ է, որ նա կունենա մի որբ կարոտ, մի չանցնող տագնապ, կոկորդը սեղմող երկու անտես ձեռք ...
Բազմակետեր եմ այստեղ ծրարում ոչ թե նրա համար, որ ասելիք չունեմ, այլ,որ այսպիսի դեպքեր կան ամենուրեք ...Խնդրում եմ, իմ խոսքերը չծրարեք... ես դեռ ասելիք  ունեմ դստերը կորցրած կնոջը, հորը կորցրած նորածին որդուն ... նրանց նմաններին ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ դրսում գարուն է նկարում, իսկ մեր հոգու խորքում` մի պարզ ցանկություն` երբևէ տեսնել տառապյալ դեմքից արցունքը չորացած,իսկ որբ կարոտը` մեզ հավետ լքած ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ սխալվել չի կարող ...ՆԱ տիեզերական երկարություններն ու լայնություններն է իր հանճարով չափել, ամեն աստղի հետ զրույցի նստել ...ՆԱ գիտի նաև աստղային երազներն իրականացնելու գաղտնիքը ...

Իմ այս ծրարված հույսը կարդացեք բոլորի համար որպես բաց նամակ ...


Комментариев нет:

Отправить комментарий