вторник, 16 ноября 2010 г.

ԼՈՒՍԻՆԸ ՈՒ ԵՍ...




Ես ու լուսինը պատկերդ ենք հյուսում `
Մասնիկ առ մասնիկ, հյուլե առ հյուլե .
Մերթ ջերմանում ենք, մերթ` հանկարծ մրսում ,
Դժվար արվեստ է, պետք չէ սխալվել...

Երբ հավաքում եմ հայացքդ լռին ,
Անգամ լուսինն է մի պահ քարանում .
Ինձ այս աշխարհում չի թովում ոչի~նչ,
Ուզում եմ սուզվել թախծիդ անհունում...

Ուզում եմ դառնալ անուրջդ գերող ,
Քնքշանք ու գորով խառնել օրերիդ .
Ուզում եմ լինել երեկոդ հանգչող ,
Աստղազարդ գորգեր փռել հուշերիդ...

Իսկ երբ փորձում եմ երազիդ դիպչել ,
Լուսինն է սառցե ժպիտն իր նետում .
Եվ ինձ թվում է, թե մութ երկնքում
Կապույտ արցունքն է իր հունը բացում...

Եվ ինձ թվում է` կապույտ գոլորշին
Որքան էլ ճախրի երկնում անսահման ,
Կդառնա վճիտ արցունքի կաթիլ
Ու լու~ռ կթափվի հուշերիս վրա...

Այսպես տենդագին լուսինը ու ես
Փորձում ենք մաս-մաս պատկերդ հավաքել.
Եվ ինչ ստացվեց...ժպտացող աչքե~ր...
Ոչ, բարդ արվեստում մենք չե~նք սխալվել...


Комментариев нет:

Отправить комментарий