вторник, 2 ноября 2010 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Քո լռությունը անստորագիր է ,
Անվերնագիր է, բազմակետերով ...
Իմ պատասխանը ամփոփագիր է ,
Սառչող մի հայացք` խոնավ շիթերով ...

Քո վերելքները անմեկնելի են ,
Վայրէջք են գուցե, թռիչքի պատրանք ...
Թմբիրից հանող շչակի ձայն են ,
Ինձ համար բացված նահանջի ճամփա ...

Քո երազները նուրբ ու փխրուն են ,
Եթերային են, մետաքսի նման ...
Բայց իմ ձեռքերին երբ որ դիպչում են ,
Անէանում են, կորչում են դրանք ...

Քո էությունը իմ գոյությունն է ,
Երբ դու ժպտում ես, ծաղկում է ներկաս ...
Իսկ երբ դու չկաս, հայացքդ ինձ հետ է ,
Որը դառնում է կարոտիս վկան ...

Քո լռությունն իմ հոգեզրույցն է ,
Անբարբառ խոսքը, կանչող մեղեդին ...
Թող` անվերնագիր, այն իմ պարգևն է ,
Փռված անեզր երազիս ճամփին ...

Комментариев нет:

Отправить комментарий