вторник, 13 июля 2021 г.

Առանց քեզ


Դու ձեռքս բաց թողեցիր հենց այն ժամանակ, երբ ամենաշատն էի ուզում, որ կողքիս լինես և ուղեկցես աստղերի պարահանդեսում...Նրանք նկատել էին, որ ամեն գիշեր զրուցում եմ քեզ հետ, զրուցում` առանց քեզ...

Առանց քեզ դժվար է...Սիրտս չի ենթարկվում բանականության ոչ մի կանոնի։ Միտքս...միտքս շարունակ քո պատկերն է ուրվագծում, ու ինձ թվում է, թե դու իմ մեջ ես բնակվում, աչքերիս բիբում (մոլորվես` իմացիր հասցեդ)...Չգիտեմ' ով է հորինել մենախոսությունը, բայց այն արդարացված չէ...Ես այնպես եմ հոգնել ինքս ինձ հետ զրուցելուց, քո և իմ դերերը մեկտեղելուց, էլ չեմ ուզում քո աչքերով նայել ինձ...

Երբ ձեռքս բաց թողեցիր, աստղե'րը հասան օգնության. նրանք մետաքսե աստիճանով ինձ բարձրացրեցին վեր` բոլորից հեռու, մի տեղ, ուր կորչում է կարոտի հեռուն ու ծավալվում է երկխոսություն...

Մի' զայրացիր, պարահանդեսում կլինեմ աստղերի կողքին. նրանցից մեկը գուցե ինձ հրավիրի վալսի։ Գուցե որոշեմ պարել, գուցե` ոչ...Իսկ դու...դու գուցե որոշես հավատալ կամ չհավատալ իմ պատմածին...

Ուզում եմ` ձեռքս այնպես բռնես, որ ինքս էլ չհավատամ այս հորինվածքին...


 Դու ինձ չդատես

Դու ինձ չդատես այսքան ընդգրկուն,

Այսքան չափելի ու նույնքան անչափ,

Այսքան երերուն, մի քիչ էլ` համառ,

Այսքան անամոք կարոտիս համար...


 Դու ինձ կներես այսքան փոթորկուն,

Այսչափ թաքնված, երբեմն` պարզված,

 Ուրիշին հուզող, իսկ քեզ` չհասած,

Իմ մեսրոպատառ երգերիս համար...


Գուցե ինձ հերքես իմ ձևաչափում`

Քեզ այլոց շարքից զատելու համար,

Բայց ինձ չդատես, երբ երազներում

Լինեմ աննահանջ, մի քիչ էլ` համառ...

 

 

Комментариев нет:

Отправить комментарий