среда, 23 октября 2019 г.


Չկաս։
Աշունը մեղավոր չի։ Նա ջանացել է իր ողջ հմայքով վերակենդանացնել հույզերի այն աշխարհը, որում մենք երջանիկ էինք, որն առատորեն քնքշանքի մետաքս էր հյուսում ու նետում մեր ուսերին։
Աշունը չի ստում։ Ուզու՞մ ես' հարցրու նրան երեկվա կորուստների ու վաղվա հույսերի մասին։ Նա ազնվորեն կներկայացնի այսօրվա ձեռքբերումները, օրվա մեջ եղած ձեռքսեղմումների ու գրկախառնությունների ստույգ հաշիվը. կնկարագրի մի քիչ շիկնելով, մի քիչ համարձակ, բայց ոչ' ստելով։
Աշունը չի հոգնում։ Այ, ես հոգնել եմ մտքով։ Օրերը փախչում են ոտքերիս պատվանդանից։ Ինչ-որ գծեր եմ անընդհատ նկարում անցնող ժամերի չվացուցակում ու վազում դրանց հետևից։ Հետո չեմ ուշաթափվում, բայց զգում եմ, թե որքան են այդ վազքից կաղում իմ երազները, իմ խենթ մտքերը։ Մինչդեռ, աշունը հրամայում է' խենթացի՜ր։ Ինչպե՞ս։
Մեղավո՜ր եմ, որ չկաս...
Աշունը միշտ էլ գույների խաղով կենդանի է պահել այն աշխարհը, որում երազի մետաքսը երջանկություն է հաղորդել մեզ...Իսկ մենք աշնան հեռացող տաքության նման դանդաղ ընդհատվել ենք, մեզ հարազատ գունապնակը տրոհել ու փոշիացրել ենք անտեսանելի այն պարանը, որը երկու բևեռ կապում էր միմյանց...Պարանն այդ չկա։
Ձմռանը կգա՞ս...


Комментариев нет:

Отправить комментарий