понедельник, 24 мая 2010 г.

ՈՒՐԻՇ ԵՐԱԶ ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ....



Քեզ ունենալ` ուրիշ ոչինչ,
Ուրիշ ոչինչ ես չեմ ուզում.
Քեզնով ապրել, բացի քեզնից
Մեկ այլ երազ չեմ որոնում...

<Խենթ հայացքդ> ինձ քարացնում,
Ամոթխած է այնպես դարձնում,
Որ չգիտեմ` ուր թաքցնեմ
Շփոթմունքս` հույզս մատնող...

<Մութ աչքերդ>`մի ծով թախիծ,
Լուռ գերում է, շղթայում ինձ,
Ես չեմ ուզում , իմ տիրակալ,
Ազատվել այդ գերությունից...

Ես ուզում եմ գերված մնալ
Քո խենթ սիրով, քո կարոտով.
Շնչել քեզնով, քեզ ունենալ`
Ուրիշ հրաշք չփնտրելով...

ԿԴԱՌՆԱՄ....



Երբ առավոտյան կոպերդ բացես,
Տեսնես արևի դրոշմն աչքերիդ,
Իմացիր` ես էլ մի տաք շող դարձել,
Մատնահետքեր եմ թողել մազերիդ...

Երբ օրվա տենդը քեզ ճնշել փորձի,
Ու կխռովի հոգիդ փոթորկված,
Կփորձեմ դառնալ թարմացնող հովիկ
Եվ կհավաքեմ մտքերդ խառնված...

Իսկ երեկոյան , իբրև մի աստղ,
Երբ տենչաս հառնել դու երկնակամար,
Կդառնամ մրրիկ, քամի խենթացած
Ու լանջքիդ փարված քեզ կբերեմ վար...

Երբ կեսգիշերին փակես աչքերդ,
Փորձես մոռանալ անցյալն ու ներկան,
Քեզ այցի կգա <սիրած> զեփյուռդ
Ու դուք կհյուսեք ձեր խենթ ապագան...


четверг, 20 мая 2010 г.

ԵԹԵ ՈՐՈՇԵՍ...




Խնդրում եմ`մնա,չգնաս հանկարծ,
Որ ես չլինեմ այսքան ավերված,
Որ կարոտներից էլ չխենթանամ,
Իմ հույսի գոցված դռները բանամ...

Մնա, որ ապրեմ, ճախրեմ քեզանով,
Թեկուզ` երազում և կամ` մի թևով...
Միայն թե զգամ, որ խենթիս կյանքում
Շատ հեռուներից լույս է ճառագում...

Մնա, որ հոգիս անվերջ սավառնի,
Աչքերիս լույսը որ չպակասի...
Իսկ թե որոշես մի օր էլ գնալ`
Սրտիս զարկերը, ՀՈԳԻՍ, քեզ հետ տար...


среда, 12 мая 2010 г.

ՀՈՒՇԵՐՍ


Հուշերս կփնջեմ մի օր
Եվ դուռդ կթակեմ, սիրելիս.
Դու հոգնած մտովի ճախրելուց
Գուցեև ընդունես ճամփորդիս...

Ներս կգամ, որ բացեմ մեկ-մեկ
Հուշերիս փնջերը, սիրելիս.
Երբեմն կխնդամ, կարտասվեմ երբեմն
Դու գուցե ներես ինձ` ճամփորդիս...

Իսկ վերջում` կգրկեմ հուշերս,
Կփորձեմ հեռանալ, սիրելիս.
Կտխրես դու մի պահ, իսկ հետո
Չե~ս հիշի այլևս ճամփորդիս...

вторник, 4 мая 2010 г.

ԻՄ ԽԵԼԱՌ ՀՈԳԻ...



Իմ խելառ հոգի, մի թախծիր այդպես,
Չէ որ արև է պատուհանից դուրս.
Էհ, ինչ անենք, թե անձրև էր երեկ,
Եվ դրսում մրսեց մի լքված տերև...

Իմ ցասկոտ հոգի, մի տրտմիր այդքան,
Չէ որ շատերն են ժպտում քեզ հիմա.
Այդ ով կասի քեզ, թե երեկ նրանք
Քո հույսի ծառը փշրեցին հանկարծ...

Ինչու ես լալիս, իմ նազուկ հոգի,
Չէ որ անզոր է ջանքդ, անտեղի.
Մի թե կարող է արտասուքն աղի
Սրբել մեղքերը այս խենթ աշխարհի...