вторник, 13 июля 2021 г.

Առանց քեզ


Դու ձեռքս բաց թողեցիր հենց այն ժամանակ, երբ ամենաշատն էի ուզում, որ կողքիս լինես և ուղեկցես աստղերի պարահանդեսում...Նրանք նկատել էին, որ ամեն գիշեր զրուցում եմ քեզ հետ, զրուցում` առանց քեզ...

Առանց քեզ դժվար է...Սիրտս չի ենթարկվում բանականության ոչ մի կանոնի։ Միտքս...միտքս շարունակ քո պատկերն է ուրվագծում, ու ինձ թվում է, թե դու իմ մեջ ես բնակվում, աչքերիս բիբում (մոլորվես` իմացիր հասցեդ)...Չգիտեմ' ով է հորինել մենախոսությունը, բայց այն արդարացված չէ...Ես այնպես եմ հոգնել ինքս ինձ հետ զրուցելուց, քո և իմ դերերը մեկտեղելուց, էլ չեմ ուզում քո աչքերով նայել ինձ...

Երբ ձեռքս բաց թողեցիր, աստղե'րը հասան օգնության. նրանք մետաքսե աստիճանով ինձ բարձրացրեցին վեր` բոլորից հեռու, մի տեղ, ուր կորչում է կարոտի հեռուն ու ծավալվում է երկխոսություն...

Մի' զայրացիր, պարահանդեսում կլինեմ աստղերի կողքին. նրանցից մեկը գուցե ինձ հրավիրի վալսի։ Գուցե որոշեմ պարել, գուցե` ոչ...Իսկ դու...դու գուցե որոշես հավատալ կամ չհավատալ իմ պատմածին...

Ուզում եմ` ձեռքս այնպես բռնես, որ ինքս էլ չհավատամ այս հորինվածքին...


 Դու ինձ չդատես

Դու ինձ չդատես այսքան ընդգրկուն,

Այսքան չափելի ու նույնքան անչափ,

Այսքան երերուն, մի քիչ էլ` համառ,

Այսքան անամոք կարոտիս համար...


 Դու ինձ կներես այսքան փոթորկուն,

Այսչափ թաքնված, երբեմն` պարզված,

 Ուրիշին հուզող, իսկ քեզ` չհասած,

Իմ մեսրոպատառ երգերիս համար...


Գուցե ինձ հերքես իմ ձևաչափում`

Քեզ այլոց շարքից զատելու համար,

Բայց ինձ չդատես, երբ երազներում

Լինեմ աննահանջ, մի քիչ էլ` համառ...

 

 

воскресенье, 11 июля 2021 г.

Կառամատույցում


Աստղերը վերից հսկում են անթարթ,

Հսկում հուշերինհանկարծ չարթնանան,

Լուսինըկարծես "անդարձխռոված,

Չի ուզում քնելաչքերն են սառած...

 

Աչքերը լուռ ենկառամատույցում

Ինչ-որ մեկնավա՜ղթերացավ խոսքում։

Բառերը դարձան կոտրված ճյուղեր,

Շչակի ձայնն էր բոլորից ուժեղ...

 

Մեկնող գնացքն էր անվերջ աղմկում,

Ինչ-որ մեկն անզոր բառեր էր փնտրում:

Շուրթերի քայլը թռիչքը խլեց,

Կարոտի աչքը դա չնկատեց...

 

Աստղերը վերից թող հսկեն անթարթ,

Կապույտը քնիհանկարծ չարթնանա։

Լուսնի խռովքը գնացքը տարավ,

Կարոտի ճիչը օդում խլացավ...

Իմ անվերնագիր

 

Պարզապես եղիր...մղոններ անդին,

Թե ինձ շատ մոտիկ, դու մի՜ ընդհատվիր.


Կուզե՞ս՝ կրկնվիր, երբեք չեմ հոգնի,

Երբ դու հայտնվես երազիս ճամփին.…


Կուզե՞ս՝ տարածվիր, դարձիր աստղային

Համաստեղություն, անվերջ Ծիր կաթին...


Չե՞ս ուզի, իջիր հոգաչափ մոտիկ,

Աստղոտ ոտքերդ թափ տուր իմ շեմին...


Թե կուզե՞ս՝ շեմիր մուտքն իմ հյուղակի,

Այնտեղ կապույտը տանտեր է էլի...


Պարզապես մնա, դու մի' ընդհատվիր,

"Անանուն" երազ, իմ անվերնագի՜ր.…