воскресенье, 25 апреля 2021 г.

"Նրանք"

 

Նրանք զրուցում են ամեն-ամեն ինչից,

Ու ծիծաղում քահ-քահ, գուցեև` անառիթ,

Նրանց չի էլ հուզում շուրջը եղած ոչինչ,

Կա անսահման քնքշանք, հայացքով ասելիք...

 

Նրանք երբ ներկա չեն, բացակա չեն կրկին,

Մտքով շաղկապված են` նման հայտնի ծառին,

Որ արմատով գտնում, սնում է իր նմանին,

Անգամ, երբ կողքին չէ ու չի նայում դեմքին...

 

Նրանք կապրեն այսպես, հեռու և շատ մոտիկ,

Կզրուցեն լուսնից ու արևի խանդից,

Բայց չեն խաղա երբեք, դերն այդ իրե՜նցը չի,

Քանզի լեզու չկա, որ նրանց թարգմանի...

 

 

 

 

 

 


вторник, 20 апреля 2021 г.

"Մետրաչափ" հեռու

 

Ես այնքան թույլ եմ, երբ քո կողքին եմ,

Նույնքան ուժեղ եմ, երբ իմ կողքին չես...

Մետրաչափ հեռուն չի ճնշում ասես,

Քանզի երբ ձայնեմ, կողքիս կլինես...


Միշտ էլ եղել ես արև կամ ստվեր,

Նաև դավել ես, ինձնից լավ գիտես,

Բայց ես էլ գիտեմ, երբ քեզ եմ կանչել`

Առանց տրտունջի ինձ լույս ես բերել...


Երբեք չեմ պահել, երբ դու հեռացել,

Այլոց հոգու մեջ արև ես փնտրել,

Իսկ վերադարձդ չեմ դատապարտել,

Թե որոշել ես ինձ հետ լուռ քայլել...


Բայց որքան էլ որ ես ուժեղ լինեմ,

Գուցեև մի օր ես անդարձ հոգնեմ...

Մետրաչափ հեռուն դառնա մղոններ,

Ու փնտրես դու ինձ, երբ կողքիդ լինեմ...

 

 

 

 


воскресенье, 18 апреля 2021 г.

Օրվա կոչը

 

Երբեմն նաև ամպրոպներ են պետք,

Որ պայթի մի տեղ ճշմարտի արկը

ու ոչնչանա ստության կարգը,

Որ չմոլեգնի խաբկանքի քամին,

լեզուն չդավի լսող ականջին...


Երբեմն պետք են նաև կայծակներ,

Որ շանթահարվի անազնիվ բարքը,

Մոլագար փառքը, նյութի մեծ վազքը,

Որ ձեռքը պարզի, ոչ միայն` վերցնի,

Իսկ ոտքի հասցեն ճիշտ տեղում լինի...


Երբեմն պետք են նաև անձրևներ,

Որ լավ լվացվի երկրի երեսը,

հին թմբիրներից արթնանա կյանքը,

Որ օրվա կոչը հասնի ամենքին`

<<խնայե'լ է պետք մարդկային հոգին>>...

 

Ուրիշ աշխարհ

 

Ու ցնցվում է նորից ու ցնցվում է անհագ

Օրվա ժապավենը' երազներով կիսատ...


Ու մեռնում է օրը, բայց չի ծնվում նորը,

Խառնվել են կարծես երկրի գիծն ու կորը...


Ու չի լցվում բացը, այն միակը, թանկը,

Իսկ մետրաչափ հեռվում խեղդվում է կյանքը...


Օրվա պտույտները երազներ են անկար,

Մնում է հորինել լրիվ ուրիշ աշխարհ...