пятница, 21 мая 2021 г.

Արցունքի դողը

 

Կարո'տ, աչքերդ, ինչպես միշտ, թաց են,

Ինչպես միշտ` այնտեղ ցավ կա խտացած,

Հորիզոններն էլ թե պատվար լինեն,

Չեն փակի հոսքը` այտերըդ ի վար...


Կարո'տ, քո տունը միշտ էլ դատարկ է,

Միշտ էլ սպասումն է հյուրը քո սիրած,

Օրը օրվա հետ թե մարտ է մղել,

Երբեք չի փոխվել քարտեզդ գծած...


Գծել է կյանքը ինչ-որ սահմաններ.

Որ լուռ աչքերը չգրկեն իրար,

Ձեռքերը պարզված' օդում էլ կախվեն,

Չունենան իրան' փարվելու համար...


Հորիզոնները մի տեսակ լուռ են,

Մի տեսակ ցավ կա, որ ներս է հոսում,

Կարո'տ, անգամ դու չունենաս աչքեր`

Արցունքիդ դողով օդն է շնչելու...

 

Բառերը' լուսնոտ


Մի քիչ քամոտ են խոհերը այսօր,

Երկնքից կախված երազն է լուսնոտ,

Հանգերը սուտ են, երբ բառերը լոկ

Դասավորվել են տողերում հերթով...


Հերթով ամեն մեկն իր խոսքը կարդում

Ու հեռանում է ստվերի նման։

Եվ ոչ ոք չզգաց, թե ինչու վերում

Շիկնեց անուրջը, երբ լուսնին տեսավ...


Ու չխենթացավ ոչ ոք, երբ այսօր

Երկնքից կախվեց երազը լուսնոտ,

Բառերը հանգին լքեցին հերթով,

Քամին գողացավ ու տարավ իր մոտ...

 

пятница, 14 мая 2021 г.

Սրտի տագնապ

 

Խելագարվե՞լ եմ, թե՞ դա այդպես չէ.

Ամեն մի ձայնից շառաչ եմ լսում,

Հոգուս գերանը այնպես է ճկվել,

Որ զեփյուռն անգամ մրրիկ է թվում...

 

Ոտնաձայն լսում, ես վեր եմ թռչում.

(Երանի ձայնն այդ քե՜զ ինձ մոտ բերեր),

Իսկ երբ երկնքում տագնապն է պայթում,

Սիրտս դառնում է կամազուրկ, անել...

 

Խելագարվելը գուցե հենց սա՞ է,

Երբ պատերազմն է կողքդ աղմկում,

Մինչ, կյանքը զուգվել, մղում է ապրել.

Սրտիս տագնապը երկինք եմ ճամփում...


суббота, 8 мая 2021 г.

Կիսաիրական

 Դու ինձ հետ մնա...

Թեկուզ քո տաքը ես հեռվից զգամ,

Ու քո սառույցում անվերջ ջերմանամ:

Եվ որքան ասեմ` հեռացի'ր, գնա՜,

Դու մի' հավատա, իմ կողքին մնա...

 

Թեկուզ աստղերը լուսնին ուրանան,

Օվկիանոսները հառաչեն ու լան,

Գետերը հոսեն երկրին հակառակ,

Դու, միևնույն է, իմ կողքին մնա...

 

Թեկուզ...երազում, կիսաիրական,

Թմբիրից փախչող անուրջի նման

Իմ ձեռքը բռնիր, որ չվախենամ,

Աստղաթափ օրվա աչքերը բանամ...

 

Ու ինձ չդավես դու, եթե անգամ

Էլ երազներում քեզ այցի չգամ,

Ու չխռովես, ինձ հետ կմնաս,

Եթե որոշեմ...ինքս հեռանալ...


Ատելու փոխարեն

 Ես չեմ կարող ետ չնայել

Ու անցյալում լույս չփնտրել,

Բայց անցյալը գուցե բեկվի

Ու կոկորդս կրկին խեղդի...

 

Ես չեմ կարող խոնավացող

Աչքիս բիբը այնպես սեղմել,

Որ չտեսնի հեռվում փախչող

Օրերի երթն անգույն, դժխեմ...

 

Ես չեմ կարող չորոտալ,

Երբ կեղծիքն է տունս պատել,

Երբ անճարը հանճար դարձած'

<<Փրկարարի>> դեր է շահել...

 

Ես կարող եմ դեռ համբերել,

Ատելու տեղ` անվերջ սիրել,

Բայց աշխարհը ինձ կների՞,

Թե՞ իր սառցով կըմտրակի...

Ինչ-որ կետ-գծեր


Կետ-գիծ անկանոն ինչ-որ կարուսել

Ամեն մի կանոն ձգտում է խախտել...


Թզաչափ հեռվում մի հոծ ստորակետ

Մրրկածուփ մտքին փորձում է սանձել...


Հարցականները վաղուց պարտվել,

Խզբզանքներ են կարծես թե դարձել...


Բացականչության շունչը կտրվել,

Մի բութ հայացքով պեղում է իրեն...


Ինչ-որ կետ գծեր մեր կյանքը շեղել,

Լոկ կարուսելի պչրանքն են թողել...