среда, 30 апреля 2014 г.

ՔԵԶՆՈՎ


Դու չկաս հիմա, կշռում եմ  քեզնով
Խուլ ժամանակի բութ տնքոցները,
Տարածությունը իր պիրկ ձեռքերով
Փակել է սրտիս անուժ դռները...

Բայց դու եղել ես, լցվել են քեզնով
Իմ խենթ օրերի ծիածանները,
Հուշի երկնքում լողում է այսօր
Կարոտիս գույնի կապույտ մրուրը...

Դու դեռ կլինես, որ ներկեմ քեզնով
Սին պատրանքներիս դատարկ պատերը,
Թո՛ղ ժամանակը իր բութ տնքոցով
Խլացնի օրվա մաշող հետքերը...


Մագնիսական դաշտ կա...


Շնչելը դժվարացել է...Ինչի՞ց է...Մագնիսական դաշտ կա...Արդեն քանի՜ տարի...
Այդպես են ասում, որ արդարացնեն շնչահեղձությունը...Իսկ գուցե դա լոկ մի մագնի՞ս է...
              Մագնիսը ձգվում է դեպի երկաթը և...հակառակը...Դա ես գիտեի, գիտեիր և դու...

Այն ժամանակ շնչելը հեշտ էր...Դու ամեն օր իմ կողքին էիր, իմ հայացքի մեջ, հանգիս ռունգերում, տողերիս սրտում /չնայած, երբևէ չիմացար այդ մասին...հիմա՛ էլ չգիտես/...

Հետո տարածություն առաջացավ...Աշխարհագրական լայնություններն ու երկարությունները չհատվեցին միմյանց, բևեռները մնացին թերի ու անհաս...
Տարածությունը լցվեց դատարկությամբ, որից շնչելը իրո՛ք դժվարացավ...

 Գուցե ինձ համա՞ր են հորինել մագնիսական դաշտի սփոփանքը...Մինչդեռ ես գիտեմ  /ու գիտես և դու/, որ խնդիրը ընդամենը  մագնիսի ու երկաթի ձգողության պարզ օրենքի մեջ է, բնական կապվածության մեջ, որ տարիների բարդ հանգույց ունի...

Տարածություն կա, որ չի լցվում ոչնչով...անգամ՝ դատարկությամբ...

Շնչելը իրոք որ դժվա՜ր է..